«Արդար Հայաստան» կուսակցությունն այսօր ներկայացրեց իրենց ընտրացուցակի առաջին 30 ներկայացուցիչներին: Կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գնահատական տվեց նախկին եւ նոր իշխանություններին, խոսեց ԲՀԿ-ի՝ բոլոր իշխանությունների օրոք օգտագործվելու մասին:
Aravot.am-ը Նորիկյանին հարցրեց՝ տպավորություն կա, որ ձեզ էլ ստեղծել է ներկա իշխանությունը, ի՞նչ կասեք այս մասին: Նորիկյանը համաձայնեց, որ տարիներ շարունակ իշխանությունները իրենց համար ստեղծել են կեղծ ընդդիմություն, քաղաքական պրոյեկտներ, որոնք սպասարկել են իրենց շահը. «Անկեղծ պատասխանեմ՝ քաղաքական պրոյեկտը հենց իրենք են՝ մեկը մյուսին լրացնողները: Քաղաքական դիակներին քաղաքական գործոն ու կենսունակ դարձնելը եւ քաղաքական մրցապայքարի վերադարձնելը հենց տիպիկ պրոյեկտ է, որն իրականացվել է գործող իշխանության կողմից: 2018-ից հետո խոսում են գործող իշխանության՝ նախորդ իշխանությունների պրոյեկտը լինելու հանգամանքի մասին: Ես ամենայն անկեղծությամբ ւ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես Նիկոլ Փաշինյանին վերջին անգամ տեսել եմ 2008-ի մարտ ամսին: Նրա հետ որեւէ ուղղակի կամ անուղղակի առնչություն չունեմ: Ես դեմ եմ քաղաքականության մեջ Արտաշես գեղամյանականությանը, դեմ եմ բարոյականություն եւ արժանապատվության սկզբունքներ չունենալուն: Մենք մեր քաղաքական վարքագծով կհիմնավորենք ու կապացուցենք, որ օրգանապես որեւէ կապ չունենք այս քաղաքական իշխանության հետ: Գործող իշխանությանը եւ նախորդներին հաջողվել է ստեղծել այսպիսի քաղաքական մթնոլորտ, որ կամ պետք է ընտրես Նիկոլ Փաշինյանին, կամ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանին կամ Սերժ Սարգսյանին: Ամոթ է, որ այդպիսի քաղաքականություն ու մրցակցություն են ձեւավորել մեր երկրում»:4
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ