Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան անկարող քաղաքականություն դուք կարող էիք իրականացնել, որ երկրի թիվ մեկ ամբաստանյալը այսօր հավակնում է երկրի թիվ մեկ աթոռին». Նորայր Նորիկյան

Մայիս 31,2021 17:24

«Արդար Հայաստան» կուսակցությունն այսօր ներկայացրեց իրենց ընտրացուցակի առաջին 30 ներկայացուցիչներին:

Կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գնահատական տվեց նախկին ու ներկա իշխանություններին՝ խոսելով նրանց «գզվռտոցի», պոպուլիզմի, սխալների մասին. «Գործող իշխանությունն իր վարքագծով նախորդ բոլոր իշխանությունների քաղաքական ռեժիմի հավաքական ներկայացուցիչն է: Ինձ մոտ տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը մրցում են միմյանց հետ, թե իրենցից ով ավելի լավ գուբերնատոր կընկալվի արդի Հայաստանում: Ռոբերտ Քոչարյանի առանցքը կազմում է այն կուսակցությունը, որը 2018-ի ապրիլին մաս կազմելով վարչապետներ Կարեն Կարապետյանի, այնուհետեւ՝ Սերժ Սարգսյանի կառավարություններին, մեկ օրվա ընթացքում դարձան Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամներ, ծափահարեցին նրան եւ բերեցին իշխանության: Ռոբերտ Քոչարյանը վերջին ժամանակահատվածում ներկայանում է ուժեղ ու հաղթած ղեկավարի դիրքերից՝ փորձելով ցույց տալ, որ իր ղեկավարած Հայաստանում ամեն ինչ հրաշալի է եղել, ծաղկուն երկիր էր, հաջորդները ապականեցին: Բայց նա ծպտուն չհանեց, թե ինչ էր կատարվում 2008-2018-ին Հայաստանում: 10 տարվա մեջ ընդամենը 3-4 անգամ նրա դուխը հերիքեց Տիգրան Սարգսյանի կառավարության մասին տեսական դատողություններ անել: Եթե դուք այդքան մտահոգ էիք, թե ինչ էր կատարվել ՀՀ-ում, այդ տասը տարիներին դուրս գայիք ու խոսեիք ձեր ընկերոջ՝ Սերժ Սարգսյանի հետ»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին ու «Պատիվ ունեմ» դաշինքին՝ Նորիկյանն ասաց, որ կարճ ժամանակ առաջ Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի «կինոյի տղան»էր, նրա հետ պայքարում էր Սերժ Սարգսյանի օրոք եղած օլիգարխների դեմ:

Խոսելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին՝ Նորիկյանն ասաց, որ զարմացած է, որ նա պահպանել է իր մարդկային հարաբերությունները Քոչարյանի հետ. «Արժե՞ր արդյոք մի ողջ տասնամյակ հանրությանը քարոզել, որ ի դեմս Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի՝ գործ ունենք ավազակապետերի հետ, որոնց գործունեությունը նման է թաթար-մոնղոլական արշավանքների»:

Անդրադառնալով ԲՀԿ-ին՝ Նորիկյանն ասաց, որ այդ կուսակցությունը բոլոր իշխանությունների օրոք մշտապես երկրորդ տեղն է գրավել. «Քաղաքական կոռուպցիան արդյոք պոզով-պոչո՞վ է լինում: Եթե մշտապես երկրորդ տեղն է այդ ուժը զբաղեցնում, ապա ո՞րն է գործող եւ նախկին իշխանությունների որակական տարբերությունը եւ նրանց ձեւավորած քաղաքական դաշտի տարբերությունը»:

Ամփոփելով նախկինների ու ներկա իշխանության մասին գնահատականը՝ Նորիկյանը հայտարարեց. «Նախկին իշխանություններին, որպես ընդդիմություն, մեր ժողովրդի վզին փաթաթեց Նիկոլ Փաշինյանը: Որքան անկարող քաղաքականություն դուք կարող էիք իրականացնել, որ երկրի թիվ մեկ ամբաստանյալը այսօր հավակնում է երկրի թիվ մեկ աթոռին»:

Նա ասաց, որ այս բոլոր ուժերը ՀՀ-ում ապականել են ուժեղի չափանիշը՝ եթե չես թալանել ու կեղեքել, ուժեղ չես, ինտելեկտն ու գիտելիքը ոչինչ են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31