Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն մերժեց Վահագն Չախալյանի և մի շարք այլ թեկնածուների գրանցումը, հաստատեց բոլոր 26 կուսակցությունների և դաշինքների գրանցումը

Մայիս 31,2021 17:08

«Որևէ կուսակցության պարագայում չի կայացվել որոշում գրանցումը մերժելու մասին, բոլոր կուսակցությունները՝ 26 սուբյեկտ, որոնք դիմել են գրանցվելու, բոլորի պարագայում գրանցման որոշումները կայացված են»,- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մայիսի 31-ի արտահերթ նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Արտահերթ նիստի ընթացքում ԿԸՀ-ն քննարկեց հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման հարցը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, թե ինչ կարգով են որոշելու գրանցել կամ չգրանցել այս կամ այն կուսակցությունը կամ դաշինքը: Նա մանրամասնեց. «Թեկնածուների և կուսակցությունների գրանցման հարցը քննարկելիս, եթե հանձնաժողովի անդամներից որևէ մեկը ունենում է առարկություն, կազմակերպվում է քվեարկություն, և մերժման որոշումը համարվում է ընդունված ձայների 2/3-ով: Առարկության բացակայության դեպքում որոշումն ընդունվում է առանց քվեարկության»:

ԿԸՀ-ն մերժեց «Արդար Հայաստան»-ի ընտրական ցուցակում ներգրավված Դավիթ Գրիգորյանի, «Բարգավաճ Հայաստան»-ի Արսեն Փալանուզյանի, «Հայոց Հայրենիք»-ի Արա Թանգինովի, «Ազգային օրակարգ»-ից Արմեն Մարտիրոսյանի, «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ցուցակից Հայկարամ Մինասյանի, «Ազատ Հայրենիք» դաշինքից Նաիրա Հովհաննիսյանի, Ալիսա Տիտանյանի, «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ից 4 թեկնածուների, «Միասնական Հայրենիք»-ի 2 թեկնածուների, «Ազատություն» կուսակցությունից 3 թեկնածուների. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ից Ռոբերտ Ղևոնդյանի գրանցումը:

Ներկայացված չէին նրանց հայերենի իմացությունը հավաստող և այլ փաստաթղթեր:

ԿԸՀ-ն մերժեց նաև «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ցուցակում ներառված մի շարք թեկնածուների թեկնածությունները: Նրանց թվում է կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Վահագն Չախալյանը: Կուսակցության լիազոր ներկայացուցիչը տեղեկացրեց՝ ոստիկանությունը հրաժարվել է նրան փաստաթղթեր տրամադրել ՝ պատճառաբանելով իր կասկածներով և պնդեց՝ ըստ էության ոստիկանությունը Վահագն Չախալյանին զրկել է իր՝ ընտրելու իրավունքն իրացնելու հնարավորությունից: Տիգրան Մուկուչյանը հայտնեց՝ դատարանի որոշմամբ՝ ոստիկանության որոշումը մնացել է ուժի մեջ: ԿԸՀ-ն մերժեց նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցության թեկնածու Հրանտ Կարապետյանի գրանցումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31