Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին անգամ ֆիզիկայի դիմորդների թիվն ավելի շատ է, քան կենսաբանությանը». ԳԹԿ փոխտնօրեն

Մայիս 31,2021 16:16

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը Aravot.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ 2020թ դիմորդները մեկ քննություն են հանձնել, եւ առաջին հայտում գերակա էին անվճար եւ վճարովի տեղերը, դիմորդը մյուս հայտերով կարող էր ընդունվել բուհ, եթե թափուր տեղ էր մնում տվյալ մասնագիտությունից, իսկ այժմ մնացել է մեկ հայտ, դիցուք, դիմորդը դիմում է ժուռնալիստիկայի, իրավագիտության կամ կիրառական մաթեմատիկայի համար: Եթե ընդունվեց, հրաշալի է, եթե չընդունվեց՝ պետք է դիմի լրացուցիչ փուլի համար` հուլիսի 18-ից հետո:

ԳԹԿ-ն հուլիսի 19-ին նշելու է, թե որ բուհում եւ որ մասնագիտությունների գծով են առկա թափուր տեղեր, ու դիմորդը մինչեւ 6 մասնագիտության եւ բուհի համար կարող է դիմել, եթե ունի դրական գնահատականներ, եւ իր առարկաները համապատասխանում են իր ցանկացած` թափուր մնացած մասնագիտության առարկաներին: «Թափուր տեղերի համար նախապատվությունը տրվելու է միավորին, եւ ոչ թե հայտին»,-հավաստիացրեց Կարո Նասիբյանը: Հավելեց` նպատակն այն է, որ եթե մարդ ուզում է բուհ ընդունվել որեւէ մասնագիտությամբ, նրան այլ մասնագիտությունից դուրս մնացած մեկ այլ դիմորդ չխանգարի:

ԳԹԿ փոխտնօրենը շեշտեց, որ դիմորդների թվով առաջին հորիզոնականում մաթեմատիկան է` շուրջ 5000 հոգի, երկրորդ տեղում անգլերենը, երրորդ տեղում հայոց լեզուն, չորրորդում` ֆիզիկան: «Մինչեւ 2019թ եւ 2019-ն էլ ներառյալ, ավելի շատ հայտագրվում էին հայոց լեզվից, սակայն այս տարի կարգում փոփոխություն է կատարվել` կառավարության պահանջն էր, որ առավելագույն 2 միասնական քննություն լինի: Այսինքն, երեք միասնական քննություններով մասնագիտություններից դիմորդները ստիպված ընտրեցին երկուսը, օրինակ` տնտեսագիտական բլոկի համար, եթե նախատեսված էր մաթեմատիկա, հայոց լեզու եւ օտար լեզու, դիմորդների մի մասը հայոց լեզվի փոխարեն ընտրեց օտար լեզուն, նույնը վերաբերում է իրավագիտական բլոկին: Արդյունքում հայոց լեզվի դիմորդների թիվը պակասել է»,-նշեց պարոն Նասիբյանը:

Հավելեց, որ դիմորդների թվով Բրյուսովի անվան համալսարանի «Սերվիսը» 5-րդ տեղում է` 245 հոգի առաջին փուլով դիմել է այդտեղ, առաջին հորիզոնականում 591 դիմորդով բուժական գործն է, երկրորդ տեղում` ԵՊՀ ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկան 337 դիմորդով, երրորդ տեղում իրավագիտությունը` 304, չորրորդ տեղում Տնտեսագիտական համալսարանի ֆինանսներն է ` 245 հոգի դիմորդով: Նա նաեւ նշեց, որ բանավոր քննությունների թիվը պակասել է, մասնավորապես Բրյուսովի անվան համալսարանն է հրաժարվել այդ քննություններից:

Կարո Նասիբյանն, ընդգծեց, որ հաջորդ տարիներին պարտադիր է լինելու հայոց լեզու գրականություն առարկայից բուհ ընդունվելիս նվազագույն դրական շեմը հաղթահարելը, որովհետեւ դա մեր պետական լեզուն է: Բոլոր տարիների նման քիչ պահանջվածություն ունեցող մասնագիտությունները կրկին զիջում են դիմորդների թվով, բայց առաջին անգամ ֆիզիկայի դիմորդների թիվն ավելի շատ է, քան կենսաբանությանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31