«Հիմնականում գործարարների եւ բիզնեսի վերաբերյալ վերլուծություններ ենք կատարում` բիզնեսի վարկանիշի կամ տվյալ բիզնեսը ղեկավարողի, բիզնես շրջանակների մասին»,- «Պոստ Սկրիպտում» ակումբում կայացած ասուլիսում նշեց իրավաբանական գիտությունների դոկտոր, «Բիզնես-դիալոգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ենոք Ազարյանը` խոսելով ընտրություններին ընդառաջ սոցիալական հետազոտության մասին։ Հավելեց, որ ռուս գործընկերների հետ փորձել է պարզել, թե ինչ է մեզ սպասվում ապագայում, որպեսզի հետագայում համախոհների ու գործընկերների հետ պատկերացնեն իրենց անելիքները:
«23 կուսակցություն եւ 4 դաշինք է մասնակցում ընտրություններին: Մենք դիտարկում ենք ոչ միայն նախընտրական գործընթացը, այլեւ հետընտրականը»,-ասաց նա: «Մեր պատկերացմամբ, ուսումնասիրության ժամանակ առաջին հերթին պետք է լինի հարցը, հետո անձը…Եթե ասում ենք, որ հավասար պայմաններ պիտի ստեղծենք բոլորի համար, բայց հարցը տրվում է անձնավորված կամ առաջնորդի կարգով, մնացածը տուժում են, որովհետեւ նոր ստեղծված կուսակցություններ կան, որոնց մարզերում չգիտեն… Մենք պետք է հարցերն այնպես ձեւակերպենք, որ բոլորի համար հավասար պայմաններ լինեն»,-հավելեց «Բիզնես-դիալոգի» տնօրենը:
Ենոք Ազարյանի խոսքով, ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ այլուր առաջ են քաշում խնդիրը, եւ տվյալ կուսակցությունը ներկայացնում է, թե ովքեր են այն անձինք, որոնք ունակ են դրանք լուծելու, իսկ մեզանում միայն առաջնորդի անունն են տալիս, եւ տպավորություն է թե մեկ հոգի պետք է լուծի բոլոր հարցերը:
«Կառավարության պարագայում ակցենտը դրված է Նիկոլ Փաշինյանի վրա` որպես վարչապետ, մնացածին որպես մարդ, քաղաքացի, որպես պաշտոնյա ոչ ոք չի ճանաչում: Մի անձի հետ կապված մենք փորձում ենք մեր երկրի ապագայի կամ ներկայի հարցերը լուծել: Բայց եթե հարցը դնեինք գաղափարական առումով` ովքեր են ի վիճակի լուծելու, այս վիճակում չէինք հայտնվի: Դրա համար մեր հարցումների արդյունքում հիմնական խնդիրները, որ ձեւավորվել են ընտրողների մոտ, այն անհրաժեշտ եւ արդիական հարցերն են, որոնք հետաքրքրում են բոլորին:
Կարդացեք նաև
Հարցվողների մի մասը որոշ դեպքերում խուսափում է կարծիք հայտնել, ձեռնպահ է մնում կամ ընդհանրապես չի խոսում, դա պայմանավորված է ներքին խժդժություններով, լարվածությամբ, որովհետեւ մտածում են, եթե լարվածություն կա կուսակցությունների մեջ, եթե ինչ-որ մեկին պիտի ձայն տան կամ արտահայտվեն, հետագայում կարող են առաջանալ հետապնդումներ: Դրա համար հարցվողների զգալի տոկոսը չի փորձում արտահայտվել, մտածում են` չխոսել կամ ասել` ոչ մեկին ձայն չեմ տա: Այս մտավախությունները նաեւ բերում են նրան, որ պարտավոր ենք պայմաններ ստեղծել քաղաքացիների, հասարակության անդամների ազատ մտածելու համար»,-ասաց Ենոք Ազարյանը:
Նշեց, որ անդրադարձել են նաեւ արտաքին եւ ներքին անվտանգությանը. «Հիմա կուսակցություններից ո՞ր մեկն է ասում, որ ներքին անվտանգության հարց կլուծեմ… Ոչ մեկ չի լուծել եւ չի կարողանա լուծել, որովհետեւ ներքին անվտանգությունը համերաշխության հետ կապված գաղափար է: Արտաքին անվտանգությունն էլ պայմանավորված է ներքին անվտանգությամբ: Ինչքան ներսում լարումը մեծանա, այնքան ադրբեջանցիներն իրենց ղեկավարի հետ սկսելու են մեր սահմանները հատել եւ առաջ գալ, հետեւապես կարեւորագույն հարցերից մեկը ներքին անվտանգության կայացումն է, որը վերաբերում է պետական ամբողջ համակարգի նորմալ աշխատանքին եւ պայմանավորված է նաեւ ներքին գրված-չգրված տարբեր բաներով»:
Ենոք Ազարյանը անդրադարձավ նաեւ սոցիալական արդարության գաղափարին, բեւեռացմանը, աշխատանքին, արժանապատվությանը նաեւ բարձրագույն իշխանության` իրավիճակին չտիրապետելուն: «Առողջապահության ոլորտը, հարկային ոլորտը, շուկաների մրցակցության հավասարության խնդիրները, եկամուտների հավասար բաշխման սկզբունքը եւ շատ այլ բաներ խախտված են, ինչով էլ պայմանավորված է քվեարկության արդյունքում ակնկալվող ապագա Հայաստանը…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ