«Ինչքա՞ն սպասեմ, քարացել ենք արդեն, ինչքա՞ն սպասեմ, որ երեխուս գտնեն»,-այսօր ասաց անհայտ կորած զինծառայողի մայրը, որն այլ ծնողների հետ փակել էր Հերացի փողոցը: Այս փողոցում է գտնվում հանրապետության գլխավոր դիահերձարաններից մեկը: Կինն ասաց, որ որդին Հադրութում է ծառայել:
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ անհետ կորածը եղբայրն է: Նրա խոսքով, եղբոր ծառայակից ընկերոջը, որը նույնպես զոհվել է, երկու ամիս առաջ գտել են, արդեն հուղարկավորել են, սակայն եղբայրը չկա:
Կարդացեք նաև
Անհետ կորած զինծառայողի հարազատը` Արսեն Ղուկասյանն, ասաց, որ իրենց ներկայացված մարմինների թվերի մեջ կա անճշտություն: Եվ հենց այդ պատճառով էլ փողոցը փակել են: Նրա խոսքով, նոյեմբերի 23-ին Արցախի դիահերձարանում եղել է 21 մարմին, բայց անհայտ տեղից ի հայտ է եկել 200 մարմին: Արսեն Ղուկասյանը պահանջում էր պարզաբանել` որտե՞ղ են եղել այդ մարմինները, ինչո՞ւ են իրենց չճշտված տվյալներ ներկայացրել: Ըստ նրա, զինծառայողների մարմինները պահվել են տարբեր սառնարաններում: Արսեն Ղուկասյանը նաեւ ասաց, որ պաշտոնական տվյալներով՝ կա 427 մասունք եւ 200 դի: Ասաց նաեւ, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Արցախում կատարված որոնողական աշխատանքներում հայտնաբերել են քիչ թվով մարմիններ, բայց դիահերձարան տարվել են մեծ թվով դիեր:
«Տարբեր պահած տեղերից մարմիններ են ի հայտ գալիս, դա այն է, ինչ ասում էի։ Մարմինները տարբեր տեղեր պահել են՝ սառնարաններում եւ այլն։ Մենք հենց հիմա Հերացին փակել ենք»,-դիմելով այլ ծնողների, որոնք մինչ օրս չեն գտել իրենց երեխաների մարմինները, ասաց Արսեն Ղուկասյանը: Նա կոչ արեց անհետ կորած զինծառայողների ծնողներին, որոնք ապրում են մարզերում, գնալ ու դիահերձարանները փակել, որպեսզի ոչ մի մարմին դիահերձարանից դուրս չտանեն, ներս չբերեն. «Պետք է բոլոր մարմինները մեկ առ մեկ ստուգենք, որպեսզի տեսնենք` քանի զինծառայողի մարմին կա դիահերձարանում: Պետք է վերջնական իմանանք` որտեղ ինչքան մարմին կա եւ ինչ է մնացել, որ հետո չասեն` 60 մասունք է մնացել, 12 մարմին է մնացել, 200 դիակ է մնացել»:
Ծնողների պահանջը լսելու եկավ ՀՀ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը: Նա ասաց, որ ծնողների հետ գնալու են ստուգեն, քանի որ նրանք չեն հավատում ներկայացված տվյալներին եւ ունեն կասկածներ: Սակայն պնդեց, որ իրենց ներկայացրած պաշտոնական տվյալները ճշգրիտ են: Ռաֆայել Վարդանյանը նաեւ նշեց, որ անճշտություններ չկան նաեւ գենետիկ հետազոտությունների մեջ եւ չի եղել դեպք, որ հետազոտությունը չհամընկնի:
Որոշվեց, որ անհետ կորած զինծառայողների հարազատները պետք է խմբերով շրջեն դիահերձարաններում, քանի որ չեն վստահում պաշտոնական թվերին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ