Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիստից առաջ վարչապետն Արա Այվազյանին ասել էր այդ մասին, եւ նա չէր առարկել»․ Լիլիթ Մակունց

Մայիս 31,2021 13:44

«Նիստից առաջ վարչապետը տեղեկացրել է այդ հայտարարության բովանդակության մասին նախարարին, որի հետ կապված նրանից առնվազն առարկություն չի հնչել։ Մյուս դրդապատճառներից բան չեմ կարող ասել, որովհետեւ տեղյակ չեմ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե անվտանգության խորհրդի նիստում ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարական տված Արա Այվազյանը կադրից դուրս անհամաձայնություն հայտնե՞լ է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Սոթքից Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկի վերաբերյալ՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա նշեց, որ առաջարկի վերաբերյալ այս ընթացքում հնչել են առանձին արձագանքներ այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ տարածքում են․ «Ուստի այս պահին կարող ենք արձանագրել, որ ԵԱՀԿ համանախագահության կողմից արձագանք եղել է։ Մնացած գործընթացների հետ կապված վարչապետը վերջին երկու օրերին ասել է, որ ՀՀ-ն պատրաստ է սկսել խոսել մնացած քայլերի մասին այն բանից հետո, երբ Ադրբեջանն արձագանքի ԵԱՀԿ գործընկերներին եւ հայելանման կերպով հետ քաշի իր ուժերը ՀՀ տարածքից։ Հաջորդիվ պետք է սպասենք գործնական քայլերի հենց Ադրբեջանի կողմից։ Որեւէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ Ադրբեջանը հետ չի քաշվել ՀՀ տարածքից։ Առաջարկը հնչեցնելուց առաջ վարչապետը տեղեկացրել է համապատասխան կառույցների ղեկավարներին, եւ առարկություն չի հնչել»։

«Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանն էլ նշեց․ «Կան արձագանքներ, բայց գործընթացը մեխանիկական չէ։ Որոշումն Ադրբեջանի դաշտում է։ Գործընթացը պետք է սկսել այն դեպքում, երբ վերջինս իր զորքերը դուրս կբերի ՀՀ տարածքից։ Սահմանների ճշգրտումը պետք է տեղի ունենա, բայց չի կարող գործընթացը մեկնարկել, քանի դեռ Ադրբեջանի զորքերը ՀՀ տարածքում են։ Ինչ վերաբերում է դիտորդներին, եթե լինի համաձայնություն, զորքերի դուրսբերումը նախնական քայլ կլինի։ Թե դիտորդները որտեղից կլինեն, դա քննարկման ենթակա հարց է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31