Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիտորդները գալու են, որ իրար վրա չկրակեն, չգերեվարեն․ դա միայն լարվածության թուլացման համար է»․ Մարուքյան

Մայիս 31,2021 12:53

«Եթե կողմերն առաջարկն ընդունեն, սահմանի վրա լարվածությունը կթուլանա։ Չեմ տեսել, որ այս պահին որեւէ երկիր պատրաստ լինի դիտորդներ տեղակայել։ Ադրբեջանից էլ արձագանք չեմ տեսել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Սոթքից Խոզնավար ընկած հատվածի շփման գծում միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա ասաց՝ չգիտի, թե ինչպես է այդ առաջարկը ծնվել․ «Աշխարհագրագետների հետ քննարկվել է, թե ոչ, չգիտեմ։ Զորքերի հայելային հետքաշում ասելով նկատի ունեն, որ բոլորիս հայտնի սահմանից զորքերը հետ պետք է քաշվեն, տեղակայվեն դիտորդներ։ Գորիսի հատվածում, օրինակ, սահմանապահներ են, ոչ թե ԶՈՒ-եր, այդ թվում՝ ՌԴ ներկայացուցիչներ։ Այսինքն, մենք արդեն մեկ նման օրինակ ունենք։ Առաջարկը ոչ թե խնդրի լուծման մասին է, այլ լարվածությունը թուլացնելու»,-շեշտեց Էդմոն Մարուքյանը։

Ըստ նրա․ «Խնդրի լուծումը կլինի, երբ սահմանները ճանաչվեն։ Սրանով խնդիրը չի լուծվում։ Գալու են դիտորդները կանգնեն, որ իրար վրա չկրակեն, իրար չգերեվարեն, մինչեւ որ կորոշվի, թե սահմանի գիծը որտեղով է անցնում։ Մի քանի օր է անցել, բայց արձագանք չկա»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկվա հայտարարությանն այն մասին, թե «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ կա առաջընթաց, Մարուքյանը շեշտեց․ «ՀՀ տարածքով ոչ մի միջանցք չպետք է տրվի։ Եթե խոսքը ապաշրջափակման մասին է, ապա պետք է խոսել այդ մասին, սահմաններն ուշ թե շուտ պետք է բացվեն։ Մնացածը ճշտեք իշխանություններից»։

Փաշինյանի՝ սահմանազատման-սահմանագծման մասին փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության վերաբերյալ էլ ԼԿՀ ղեկավարն ասաց․ «Վաղ թե ուշ պետք է լինի նման հանձնաժողով, այլ բան է, թե ինչ ձեւաչափով եւ արդյոք ենթակա՞ են լինելու դրա որոշումները ՍԴ-ի վավերացմանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31