«Իր հետ կապված խոսակցություն առհասարակ չի եղել։ Միայն հնչել է, որ հանձնարարել է, դա ուղիղ եթերում կա։ Զարմացած էի, որ իմացա՝ հրաժարական է տվել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե անվտանգության խորհրդի նիստում ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարական տված Արա Այվազյանը կադրից դուրս անհամաձայնություն հայտնե՞լ է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկի վերաբերյալ՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Պաշտոնատար հանդիսացող անձինք պետք է գիտակցեն, որ ՀՀ-ն ծայրահեղ ծանր վիճակում է, եւ գործող կարգավորումները թույլ չեն տալիս նոր նախարարի նշանակել։ Ցանկացածի հրաժարականը երկիրը վատ վիճակում կդնի։ Դժվար չէր երկրի շահերը եւս երեք շաբաթ ներկայացնել՝ մինչեւ ընտրությունները։ Ճիշտը շարունակելն էր ծառայելը ՀՀ-ին, ոչ թե դուրս գալ եւ այդ բեռը թողնել օդում։ Չեմ պատկերացնում, որ այլ երկրի որեւէ նախարար մեր փոխնախարարների հետ հարաբերվի, իսկ ՀՀ-ն դիվանագիտական մեծ ճակատի կարիք ունի»,-համոզմունք հայտնեց Էդմոն Մարուքյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ