Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները կցանկանա՞ն արդյոք վերադառնալ իրենց ղարաբաղյան տներ 30 տարի անց. Jam-news

Մայիս 31,2021 10:31

Jam-news.  Ադրբեջանցիների վերադարձը Ղարաբաղ․ ինչպե՞ս է դա լինելու։ Ադրբեջանցիները կցանկանան արդյո՞ք վերադառնալ իրենց ղարաբաղյան տներ 30 տարի անց:

Սաբինա Աբասովա, ճարտարապետ․ «Հարազատներիս և ծանոթներիս շրջանում փախստականներ կան Ֆիզուլիից, և նրանց մեծ մասն ուզում է վերադառնալ։ Ոմանք նույնիսկ չեն սպասել իրենց հողերի ազատագրմանն ու մի քանի տարի առաջ տեղափոխվել և տնտեսություններ են հիմնել հարակից գյուղերում։ Թեև, իհարկե, մարդիկ տարբեր են, յուրաքանչյուրն իր դրդապատճառներն ու իրավիճակն ունի։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, վերադառնալ ցանկացողներն ավելի շատ են։

Այլ հարց է, թե որքանով է դա իրատեսական։ Անհրաժեշտ է սոցիալական բնակարան, վարկավորման ավելի շահավետ համակարգ և հիմնարար տնտեսական պլան, որպեսզի մարդիկ տեղափոխվելու համար իրական ցանկություն ունենան։ Որպեսզի նրանք ոչ միայն գոյատևեն այդ բազմաչարչար հողերում, այլ հանգիստ ապրեն։

Երկրի մյուս շրջանների օրինակով երևում է, որ տան/բնակարանի և հողակտորի առկայությունը ոչ ոքի չի կանգնեցնում, և շատ ընտանիքներ կամ երիտասարդությունը շրջաններից տեղափոխվում է խոշոր քաղաքներ՝ սովորելու և աշխատելու։ Հետևաբար, Ղարաբաղում միայն բնակարանը, դպրոցն ու տեղական ինքնակառավարման մարմինը քիչ է, եթե չենք ուզում արդյունքում ունենալ ուրվական-քաղաքներ։ Կարծում եմ, որ, նախևառաջ, պետք է սոցիալ-տնտեսական և պատերազմից հետո բնակչության վերաբնակեցման նմանատիպ օրինակների հետազոտություն իրականացվի։

Տեսնում եմ, թե ինչպես են պետական կառույցները հետաքրքիր առաջարկներ փնտրում և տարբեր նախագծեր մշակում։ Իմ ու գործընկերներիս մոտ գաղափար է առաջացել, որը քիչ-քիչ սկսում ենք մշակել։ Դա մեծ նախագիծ է, որը հիմնված է անհատական մոտեցման սկզբունքների վրա, միաժամանակ այն համապատասխանում է շինարարության ներկայիս տեմպի պահանջներին։

Սակայն ցանկացած քաղաքաշինական ռազմավարություն ներկայիս իրավիճակում, երբ անհրաժեշտ է ամեն ինչ զրոյից ստեղծել, կապված է լինելու բազմաթիվ սխալների և թերությունների հետ։ Այդ պատճառով էլ այդ հատվածին ես կցանկանայի միանալ, երբ քաղաքների օրգանիզմն արդեն սկսի աշխատել, և հարկ լինի հստակ խնդիրներ լուծել»։

Արազ Նարիմանով, ֆիզիկոս․ «Չեմ կարծում, թե Ադրբեջանի ներկայիս կառավարությունը ձգտում է փախստականներին վերադարձնել իրենց տներ։ Այս իշխանությունն անգամ Բաքվում է մարդկանցից բնակարան խլում՝ քանդելով թաղամասեր և դրա դիմաց չնչին փոխհատուցում վճարելով։ Անգամ Բաքվում այն մինչ օրս նորմալ ենթակառուցվածք չի ստեղծել։ Այնպես որ, միամիտ կլինի կարծել, թե այն իրեն այլ կերպ կպահի Ղարաբաղում։

Եվ անգամ, եթե երկրի ղեկավարությունը ցանկություն ունենա, միևնույն է, գործնականում անհնար է ադեկվատ վերականգնում և վերաբնակեցում կազմակերպել՝ հաշվի առնելով, որ ողջ չինովնիկական ապարատը խորապես խրվել է կաշառակերության և խնամի-բարեկամ հարաբերությունների մեջ։

Բայց հավատում եմ (կամ ուզում եմ հավատալ), որ լավագույն դեպքում, եթե ազգայնականությունն արմատախիլ արվի երկու երկրներում, և լուծվեն տնտեսական խնդիրներն ու քաղաքական հակասություններն, ապա, չնայած թշնամանքի 30-ամյա քարոզչությանը, հայերն ու ադրբեջանցիները հինգ տարում կսովորեն միասին ապրել։ Ինչպես ապրել են տասնամյակներ շարունակ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31