Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս փուլում՝ այս երկու ամիսներին՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում, Ադրբեջանի շահերից էլ չի բխում պատերազմը»

Մայիս 31,2021 14:30

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ այս պահին ոչ ՀՀ քաղաքական իշխանությունն է ուզում բախումների գնալ, ոչ էլ Ադրբեջանի:

«Փաստացիորեն եւս մեկ անգամ ապացուցվեց, որ ՀԱՊԿ-ը անգործունակ, չաշխատող կառույց է»,-անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին, լարվածությանը, ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին դիմելուն եւ այդ կառույցի արձագանքին՝ «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Հիշեցնենք՝ մեկ օր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առնչությամբ իր առաջարկը, որում մասնավորապես նշված է. «Առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր, դրա փոխարեն ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող»:

Մեր հարցին՝ արդյոք կարո՞ղ են խնդրի լուծմանը նպաստել միջազգային ուժերը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Պարզ է, որ կոնֆլիկտն այդպես չի լուծվի»:

Մեր հարցին՝ այն, ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին եւ որ ՀՀ իշխանությունները կոշտ չեն արձագանքում եւ համապատասխան քայլեր չեն ձեռնարկում, ո՞րն է դրա պատճառը եւ մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Պատճառը սպաների ոչ կոմպետենտությունն է այս դեպքի հետ կապված, որ մարդկանց առանց կրակային ապահովման ուղարկում են ինժեներական աշխատանքներ կատարելու: Նույնիսկ զինվորական պետք չէ լինել, որ դա հասկանալ, որ կրակային ապահովում պետք է ունենաս, մարդկանց թիկունքը պահես: Չորս հրամանատարներ չեն հասկացել, առանց կրակային ապահովման մարդկանց ուղարկել են ինժեներական աշխատանքներ կատարելու: Ընդհանրապես, մեր բանակում պետք է լրակազմավորվի ամեն ինչ, այդ թվում նաեւ ավելի կոմպետենտ կադրերով պետք է բանակը համալրվի»:

Ըստ Արմեն Վարդանյանի՝ այս պահին ոչ ՀՀ քաղաքական իշխանությունն է ուզում բախումների գնալ, ոչ էլ Ադրբեջանի: Նա նշեց. «Ակնհայտ է, որ մեր իշխանությունն այս պահին բախումների, պատերազմի կամ պատրաստ չէ, կամ էլ Ռուսաստանն է խնդրել, որ չգնան բախումների, որ ՀԱՊԿ-ի դեմքը պահպանվի: Իրավիճակը լարված է ՀՀ սահմանին. ուզեն, թե չուզեն, պետք է ակտիվ ներգրավվեն: Դրա համար ռուսներն էլ Հայաստանին ասում են՝ մի կրակեք, որ մեր դեմքը պահենք: Մերոնք էլ չեն ուզում բախումների գնալ: Ամբողջ խնդիրը հենց դա է»: Այս հարցում մեծ դերակատարություն ունեն նաեւ ներքաղաքական զարգացումները: Քաղաքագետը մեկնաբանեց. «Ցանկացած իշխանություն չի ցանկանա ընտրություններից առաջ պատերազմ կամ բախումներ. սա բերելու է իր վարկանիշի անկմանը, մանավանդ սահմանային հատվածներում ապրող բնակիչների մոտ»:

Հարցին՝ ի՞նչ զարգացումներ ակնկալել այս իրավիճակում, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Միջազգային հանրությունը դիվանագիտական ճանապարհով առաջին հերթին ճնշում կգործադրի: Մեկ օր առաջ տեսանք ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը, նաեւ կարծում եմ՝ այլ հայտարարություններ էլ կլինեն: Այդ հայտարարությունները, կարծում եմ, լսելի կլինեն»:
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ամրագրված է. «Միացյալ Նահանգներն անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին վերջին իրադարձությունների զարգացմամբ, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինվորների գերեվարման փաստով»:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված մտահոգոթյուն է հայտնել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն: Նա նշել է. «Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրություններից: Առաջ եկած բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցել եւ իրականացնել վստահության կառուցման միջոցառումներ՝ ստեղծելու միջավայր կառուցողական երկխոսության համար»:

Մեր հարցին՝ այսինքն՝ այս հայտարարություններից հետո հնարավոր է իրավիճակի կայունությո՞ւն, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ադրբեջանն էլ չի ուզում՝ այս պահին պատերազմ լինի, քանի որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն է սկսվում: Աշխարհի 12 հյուրընկալող քաղաքներից մեկը Բաքուն է: Դա դարակազմիկ, հեղինակավոր իրադարձություն է Ադրբեջանի համար: Նման միջոցառում կազմակերպելը ցանկացած երկրի երազանքն է: Ադրբեջանը մեծ փողեր է ծախսել, որ այդ խաղերը նաեւ Բաքվում անցկացվեն: Այս փուլում՝ համենայնդեպս այս երկու ամիսներին, Ադրբեջանի շահերից էլ չի բխում պատերազմը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31