Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային ոչ մի լուրջ խաղացող Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածում դիտորդներ չի ուղարկի»

Մայիս 31,2021 14:00

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի կարծիքով՝ Փաշինյանի առաջարկը՝ սահմանային լարվածության խնդիրը լուծելու, ներքին ընտրողի համար է, ահաբեկում է պատերազմով:

Սահմանային իրավիճակի խնդիրը լուծելու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկն անիրատեսական է, միջազգային ոչ մի լուրջ խաղացող Հայաստան-Ադրբեջան սահմանին դիտորդներ չի ուղարկի։ Այս կարծիքին է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։
Փաշինյանն օրերս ԱԽ նիստում խնդրի հանգուցալուծման տարբերակ էր առաջարկել՝ երկու կողմերի զինված ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից, ենթադրվող սահմանագծի երկայնքով՝ Սոթքից մինչեւ Խոզնավար տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող։ Որից հետո, ըստ Փաշինյանի, կրկին միջազգային հովանու ներքո տեղի է ունենալու սահմանային կետերի ճշգրտման աշխատանք:

«Նման բարդ հարցերը չեն լուծվում նման բարդ իրավիճակներում։ Այսինքն՝ այս պահին կան արտաքին քաղաքական խնդիրներ՝ ի դեմս թշնամու ագրեսիայի, 2-րդը՝ կան ներքաղաքական խնդիրներ՝ ի դեմս նախընտրական շրջանի եւ այս շիկացած մթնոլորտի, մի հատ էլ 25 օրից հնարավոր է Հայաստանում ունենանք նոր իշխանություն։ Ես վստահ եմ՝ այս պայմաններում ոչ մի միջազգային լուրջ խաղացող երեք շաբաթվա համար որեւէ գործընթաց չի սկսի»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետը։ Նրա դիտարկմամբ՝ սա հեշտ գործընթաց չէ, որ հենց ասացին ու ստորագրեցին եւ մի քանի օրից միջազգային օրերը կգան. «Դա պետք է կարգավորել, համաձայնեցնել, հազարումի կազմակերպչական հարց լուծել, էլ չասած՝ միջազգային խոշոր խաղացողների միջեւ առկա հակասությունների պայմաններում։ Ինչպե՞ս են պատկերացնում՝ Ռուսաստանի ավանդական տարածք հանդիսացող գոտում, որտեղ հենց վերջերս, մի քիչ վիճահարույց, բայց այնուամենայնիվ, ռուսական կողմը հաղթեց ու բազա դրեց Ղարաբաղում, հանկարծ ու ենթադրենք ֆրանսիական ուժեր տեղադրեցին Սոթքից մինչեւ Խոզնավար։ Ես դա իրական չեմ համարում»։

Պարոն Հակոբյանի դիտարկմամբ՝ Սա իշխանությունների հուսահատ քայլն է, թե՝ ինչ-որ բան այդուհանդերձ անենք, նաեւ՝ որոշակի անհեռատեսությունն է. «Իսկ արտաքին գործերի նախարարի հրաժարականն էլ կարծես հաստատում է իմ ասածը։ Իշխանությունները մի փոքր բան ուզում են շահեն, որպեսզի ասեն՝ տեսեք մենք ինչ խաղաղասեր ենք, բայց սա արտաքին աշխարհին է ուղղված, ինչ-որ տեղ էլ ՀԱՊԿ-ին նեղեն, ինչ-որ տեղ էլ ներքին ընտրողին ասեն՝ ահա, տես, քո զինվորը որ Ղարաբաղում կանգնած էր, Ղարաբաղը կորցրեցինք, հիմա այնտեղ չէ, Սյունիքում է, որտեղ պետք է անվտանգ կանգներ, բայց Սյունիքում էլ անվտանգ չէ։ Ահա, քո զինվորին մենք հետ կբերենք, ֆրանսիացի կամ ռուս զինվորին կդնենք եւ կռիվ չի լինի։ Ներքին ընտրողի սիրտը շահելու համար է, բայց սա իրական չէ»։

Պարոն Հակոբյանը պատահական չի համարում, որ երեկ Փաշինյանն իր համակիրների հետ հանդիպմանը շատ անորոշ է խոսել, եւ կոնկրետ չի ասել՝ ԵԱՀԿ այդ իր նշած՝ մի երկիրը տվե՞լ է իր համաձայնությունը, թե՞ ոչ։ Գուցե, ասենք՝ ՌԴ-ն ասել է՝ մենք պատրաստ ենք քննարկել, իսկ Փաշինյանը ներկայացնում է, իբր տվել է իր համաձայնությունը։

Մայիսի 12-ից ադրբեջանցի զինվորները ներխուժել են ՀՀ տարածք, տեղավորվել, ունենք մեկ զոհ, վեց հայ զինվորներ էլ գերավարվել են, ՀՀ-ն ՀԱՊԿ-ից աջակցություն է խնդրել, սակայն մինչ օրս արձագանք չկա, ու մեկ էլ Փաշինյանը աջակցություն է խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներից։

Արդյոք սա ՀԱՊԿ-ից նեղացածի վարքագիծ է։ Պարոն Հակոբյանն ասում է՝ սա, միանշանակ, ՀԱՊԿ-ի նկատմամբ խանդի տեսարան սարքելու փորձի է նման՝ այ, եթե դուք չուզենաք, մենք կբերենք միջազգային դիտորդներին. «Բայց իշխանությունն ինքն իրեն, իր գործողություններով եւ այդ գործողությունների արդյունքները սխալ գնահատելով ինքն իրեն այն աստիճանի փակուղի է գցել, որ այլեւս մանրեւրելու տեղ չունի, չգիտի ինչ անել։ Միակ հույսը մնացել է հուսահատ թռիչքով ընտրություններում հաղթելը եւ նորից հաստատվել վարչապետի պաշտոնում։ Բայց նույնիսկ դա կարող է կեղծ հաղթանակ լինել, որովհետեւ եթե նույնիսկ ընտրությունների արդյունքում Փաշինյանը լինի վարչապետ, ոչինչ չի փոխվելու»։

Ռազմական փորձագետը իշխանությանը համեմատում է չաշխատող մեքենայի հետ, որին որքան ուզում ես առաջ մղի, չի աշխատի, որովհետեւ կառավարչական առումով սարքին չէ, վարչապետը կամային որոշումներ է կայացնում, եւ ոչ մի պրոֆեսիոնալ չի կարողանում նրա հետ աշխատել, դրա ապացույցը բազում հրաժարականներն են։ Պարոն Հակոբյանի կարծիքով՝ բռնություն է գործադրվում պետական կառավարման ընդհանուր սկզբունքների ու հայեցակարգերի վրա, ու զոռով առաջ ենք գնում մինչեւ ընտրությունների օրը։

«Մինչեւ ընտրությունների օրը սահմանի վիճակը չի լիցքաթափվի, ՀԱՊԿ-ն էլ չի արձագանքի մինչեւ ամսի քսանը։ Քսան օրվա համար ՀԱՊԿ-ն ինչո՞ւ պետք է արձագանքի, կձգի այս քսան օրը, ինչպես այս քանի օրերը ձգեց, հունիսի քսանին կորոշի նոր իրավիճակով, գուցե վարչապետը փոխվում է, այդ դեպքում ՀԱՊԿ-ն նոր ձեւով կարձագանքի, եթե Փաշինյանը մնա՝ այլ նոր ձեւով կարձագանքի։ Քսան օրվա համար ինչ որ մեկը գլոբալ հարց կլուծի՞։ Անգամ գրասենյակային մակարդակում քսան օրվա համար հարց չեն լուծում»,-ասում է պարոն Հակոբյանը։

Ըստ Մհեր Հակոբյանի, Փաշինյանի նախընտրական հաշվարկները ոչ տնտեսական են եւ ոչ էլ քաղաքական, եւ անգամ Մարտի 1-ն է մոռացել. «Նրա ամբողջ հաշվարկը հետեւյալն է՝ ահաբեկել մարդկանց պատերազմով, բանակում երեխա ունեցող ծնողների սրտերն է ահաբեկում, ապագայում բանակ ուղարկող ծնողներին է ահաբեկում եւ խաղաղության աղավնու թեւերը հագած փորձում է ձայներ ստանալ, որպեսզի մարդը մտածի՝ զինվորս բանակում է, Նիկոլին ձայն տամ, վեց ամիս խաղաղություն լինի, զինվորս հետ գա, երեխուս վերցնեմ ու գնամ երկրից»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Հարգելի ռազմական փորձագետ, հետո ինչ, որ 25-օրվա ընթացքում դիտորդներ չի լինի: Եթե Հայաստանի համար դա անհրաժեշտ է, ապա գործնթացին մի օր պետք է՞ մեկնարկ տրվի: Իսկ ժողովրդին ահաբեկողները դուք ինձնից լավ գիտեք ովքեր են: Իսկ թե ինչու եք հասցեն շփոթել՝ մեծ հաշվով ձեր խնդիրն է…..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31