Ըստ պաշտպանի՝ ամբաստանյալի պատժի կրումից պայմանականորեն ազատելը չի կարող ապահովել պատժի նպատակների իրականացումը
Արմեն Մնացականյանը 2020 թվականի հունվարի 1-ին, ժամը 20:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Սարի Թաղի 3-րդ շարքի 1-ին տան դիմաց վիճաբանել է Ռոբերտ Փափազյանի հետ, որի ժամանակ ձեռքով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին, ինչից Ռոբերտ Փափազյանը ընկել է նույն հատվածում գտնվող մեքենաների թափոնների վրա, որից հետո իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինիս առողջությանը էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած, որովայնի խոռոչ թափանցող վերք՝ լյարդի եւ ստամոքսի վնասումներով՝ ուղեկցված հեմոպերիտոնեումով, ձախ թուլակողի կտրած- ծակած, որովայնի խոռոչ չթափանցող, դեմքի ձախ կեսի, պարանոցի ձախ կողմնային շրջանի, ձախ ուսահոդի կտրած-ծակած վերքերի ձեւով դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի, Նուբարաշեն բաժնում հարուցվել է թիվ 12150120 քրեական գործը, նախաքննության ընթացքում Արմեն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար։ Առաջադրված մեղադրանքում Արմեն Անացականյանը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել։
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ՝ 2020 թվականի ապրիլի 30-ին ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ 2021 թվականի հունվարի 12-ին Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Մելիքյանի, քննության առնելով քրեական գործը, դատավճռով վճռել է Արմեն Մնացականյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ Արմեն Հարությունի Մնացականյանին պարտավորեցնելով չփոխել բնակության վայրը:
Կարդացեք նաև
Էրեբունու դատախազությունը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Քանի որ տուժող Ռոբերտ Փափազյանն ունի առողջական լուրջ խնդիրներ եւ գտնվում է հիվանդանոցային վերահսկողության ներքո, ի վիճակի չի եղել սահմանված ժամկետում բողոք ներկայացնել, իրավական օգնություն ստանալու նպատակով դիմել է մեր իրավապաշտպան կազմակերպություն՝ «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա»։
Գտնում եմ, որ գործ թիվ ԵԴ/0386/01/20 դատավճիռը չի արտահայտում գործի իրական հանգամանքները, թերի է, հիմնավորված չէ գործի փաստերով, ուստի այն ենթակա է բեկանման հետեւյալ պատճառաբանությամբ: Սույն դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ամբաստանյալի պատժի կրումից պայմանականորեն ազատելը չի կարող ապահովել պատժի նպատակների իրականացումը:
Ամբաստանյալ Արմեն Մնացականյանը, որպես կասկածյալ, 2020 թվականի հունվարի 3-ին ցուցմունք է տվել այն մասին, որ 2020 թվականի հունվարի 1-ին՝ 20:30-ի սահմաններում, միայնակ դուրս է եկել իր բնակության վայր հանդիսացող Երեւան քաղաքի Սարի Թաղի 5-րդ շարքի 35-րդ տնից եւ ոտքով քայլել է դեպի Սարի Թաղի 3-րդ շարքի հատված եւ հասնելով նույն հասցեի 1-ին տան դիմաց՝ իրեն է մոտեցել անծանոթ տղամարդ, սկզբից բարեւել է եւ քանի որ եղել է Ամանոր, շնորհավորել են միմյանց, ինչից հետո տղամարդն ագրեսիվ կերպով ասել է՝ «արա, էս տաքսին դու ես ասել, որ ստեղ չգա», հասկանալով, որ վերջինս գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, հորդորել է նման կերպ չխոսել իր հետ, սակայն տղամարդը շարունակելով իր ագրեսիվ վերաբերմունքը՝ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել մոր հասցեին, ինչից հետո ձեռքով հարվածել է հայհոյանք հնչեցնող տղամարդու դեմքին եւ նշված տղամարդը հարվածից ընկել է փողոցում գտնվող ավտոմեքենաների երկաթյա թափոնների վրա եւ իր աջ ձեռքին բանալիների խրձի հետ առկա եղունգի կտրիչ դանակով հարձակվել է տղամարդու վրա եւ ձեռքերով սկսել հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ հարվածները նրան դիպել են ինչպես բռունցքով, այնպես էլ դանակով: Հարվածել է տղամարդու կրծքավանդակին եւ կողքին:
Այդ ընթացքում նշված տղամարդու հետ կային նաեւ 2 մանկահասակ երեխաներ, ովքեր լացելով սկսել են բղավել տատի-տատի եւ քայլել դեպի իրենց հարեւանուհի Մարիետայենց տան կողմը: Դրանից հետո տնից դուրս է եկել Մարիետան եւ մոտենալով իրենց՝ հայտնել է, որ այդ տղամարդը իր քրոջ որդին է, այդ պահին ինքը նկատել է արյան հետքեր տղամարդու վրա եւ Մարիետային ասել է, որ շտապօգնություն կանչի: Արյան հետքերը նկատել է այդ տղամարդու դեմքի շրջանում, որովայնի շրջանում եւ աջ կողքի շրջանում։
Տուժող Ռոբերտ Փափազյանը դատաքննությամբ ցուցմունք տվեց այն մասին, որ դեպքի օրը գնացել էր իր մորաքրոջ տուն՝ Նոր տարին շնորհավորելու, տաքսի էր կանչել, դուրս է եկել, որ նստի տաքսի: Ամբաստանյալի հետ միմյանց շնորհավորել են, չի հիշում կոնկրետ ինչպես «հրմշտոց» է սկսվել, հայտնվել է հիվանդանոցում, չի էլ հիշում, թե ինչպես է հիվանդանոց գնացել: Հրմշտոցից հետո իրեն ամբաստանյալը, երեւի, հարվածել է, ինքն ընկել է: Կոնկրետ չի հիշում, դրա համար չի կարող ասել: Ինքը նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները պնդում է: Հիվանդանոցում է եղել, երբ քննիչները եկել եւ ցուցմունք են վերցրել իրենից, բժիշկները չեն թույլատրել, սակայն նրանք իրեն հարցաքննել են։
Դատարանն ամբաստանյալ Արմեն Մնացականյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է արձանագրել, ըստ էության, խոստովանական ցուցմունքներ տալը, ինքնակամ ներկայանալը, նախաքննությանն աջակցելը, հանցագործության գործիքը ներկայացնելը, տուժողի վարքագծի հակաբարոյականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը: Դատարանն ամբաստանյալ Ա. Մնացականյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող որեւէ հանգամանքներ չի արձանագրել: Պատիժ հասկացությունը եւ պատժի նպատակները, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածի՝ հետեւյալն է.
1. Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ եւ արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ:
2. Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաեւ կանխել հանցագործությունները:
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ եւ բավարար է անձին ուղղելու եւ նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար։ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվող պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաեւ կանխել հանցագործությունները։ Պատիժ նշանակելիս հանցավորի նկատմամբ անհատական մոտեցումն անհրաժեշտ է, որպեսզի դատարանը պատժի տեսակն ու չափը ընտրելիս համոզվի, որ դրանով կհասնի պատժի վերը նշված նպատակներին, որոնք փոխկապակցված եւ փոխհամաձայնեցված են (մեկ նպատակը ենթադրում է մյուսները եւ յուրաքանչյուրի ինքնուրույն իրականացումն օժանդակում է մյուսներին)։ Այսինքն՝ պատժի նպատակներին հասնելու երաշխիք է հանցագործություն կատարած անձի նկատմամբ արդարացի, արարքի ծանրությանը եւ հասարակական վտանգավորությանը համապատասխան պատիժ նշանակելը։ Այսպիսով, դիտավորությամբ կատարված ծանր հանցագործություն է, ինչի հետեւանքով մարդը՝ տուժողը, կորցրել է իր առողջությունը, վտանգված է եղել նրա կյանքը։ Նա կրել է եւ շարունակում է կրել նյութական խոշոր վնասներ՝ իր առողջությունը վերականգնելու եւ կենդանի մնալու համար։ Գործով ամբաստանյալն այդ ընթացքում ոչ մի անգամ նույնիսկ փորձ չի արել վերականգնել տուժողի վնասը, ֆինանսապես մեղմացնել գոնե նրա կատարած հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բուժման ծախսերը, չի փորձել նույնիսկ բարոյապես աջակցել, ներողություն խնդրել, զղջալ կատարվածի համար, ինչը կհավաստեր գոնե մեղքը գիտակցելու փաստը։
Նա դանակահարել է ընկած մարդուն՝ նրա երկու անչափահաս երեխաների ներկայությամբ, ինչն ավելի ուժեղ ցավ է տուժողի համար մեր հայկական իրականության մեջ, քան լոկ ֆիզիկական ցավը, սակայն դատարանի կողմից այս ամենն անտեսվել է, հաշվի չի առնվել, այնինչ նա պարտավոր էր որոշումը կայացնելիս առաջնորդվել գործի փաստերով եւ իր ներքին համոզմամբ։
Այսպիսով, դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժ կիրառելիս չի առաջնորդվել պատժի նպատակներով։ Չկա որեւէ սոցիալական արդարության վերականգնմանն ուղղված քայլ ամբաստանյալի կողմից, չկա ինքնագիտակցում եւ զղջում, ինչը կենթադրեր կամ կնշանակեր հանցագործության կանխման եւ նախականխման մոտիվացիա, չկա նաեւ մարդուն փոխելու եւ վերադաստիարակելու որեւէ մոտիվացիա սույն գործում։ Եթե նույնիսկ ընդունենք, որ տուժողը հայհոյել է (չնայած ծանոթ լինելով նրան, ունեմ խորը համոզում, որ նա սովոր չէ իր երեխաների եւ ընտանիքի մոտ հայհոյանքներ տեղալ, նա ունի այնպիսի բարձր բարոյական հոգեկերտվածք, որ երեխաների մոտ երբեք չի հայհոյի), ապա այդ դեպքում անգամ, դատարանի տրամաբանությամբ, եթե մեր օրերում յուրաքանչյուր հայհոյողի դանակահարենք, քիչ մարդ կենդանի կմնա մեր երկրում։ Բողոքարկվող դատավճիռն այս տեսանկյունից ոչ միայն հանցագործության կանխարգելման մոտիվացիա չի պարունակում իր մեջ, այլ՝ հակառակը, հանցագործության մոտիվացիա է։
Մեր կողմից դատարան է ներկայացվել դիրքորոշում ստորադաս դատարանի սույն դատավճռի վերաբերյալ, պահանջել ենք բեկանել գործը, վերացնել 70 հոդվածով սահմանված պայմանական ազատազրկումը։
Հաջորդ դատական նիստը վերաքննիչում, Մհեր Արղամանյանի նախագահությամբ, կկայանա հուլիսի 2-ին, ժամը 17։ 00-ին։
Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ
«Իրավաբանների եւ
հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ
«Առավոտ» օրաթերթ
29.05.2021