Հարցազրույց վերջերս Բաշկորտոստանում երգարվեստի ոլորտում անցկացված «Яны мон» հեռուստանախագծի մրցանակակիր Մերի Ավետիսյանի հետ
– Ձեր մասնակցությամբ Ուֆայում կայացած մրցույթից հետո, որն ավարտվել է մայիսի 15-ին, ընդամենը մեկ, այն էլ տեղեկատվական անդրադարձի ենք հանդիպել մեդիա դաշտում։ Նման ձեւաչափով այլ երկրներում անցկացվող նախագծերին ունեցել ենք հայ մասնակիցներ, բայց քանի որ այդ երկրում նման մրցույթ առաջին անգամ էր կայանում, կխնդրեինք ընդհանուր գծերով ներկայացնել այն։
– Նախագիծն անցկացվում էր Բաշկորտոստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ հովանու ներքո։ Նպատակը իրենց երկրի մշակույթի զարգացմանը նպաստելն էր։ Մասնակից երկրներն էին Հայաստանը, Ղազախստանը, Կիրգիզստանը, Տաջիկստանը, Ռուսաստանը։ Հրավիրված էր նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչը, որը չներկայացավ։ Նախընտրական փուլն անցկացվեց օնլայն։ Հայտ էր ներկայացրել շուրջ 6000 երգիչ, իսկ արդեն Ուֆայում՝ լսումների փուլում, 70-ն էին, որից ընտրվեց 14-ը։ Սկսվեցին ամենշաբաթյա գալա համերգները՝ թվով 8-ը։ Եվ ինչպես ընդունված է նման նախագծերում, յուրաքանչյուր գալայից հետո մեկ մասնակից լքում էր նախագիծը։ Եզրափակիչում մնացինք 5 մասնակից՝ Բաշկորտոստանից, Ռուսաստանից եւ ես։
– Դուք արժանացաք երրորդ մրցանակին։ Կուզեինք իմանալ, թե ինչ երգ եք ներկայացրել։
– Առաջին փուլում կատարեցի Սիրուշոյի «Պրե գոմեշ»-ը՝ որպես երկիրս ներկայացնող հիթ։ Նախագծի պարտադիր պայման էր ներկայացնել բաշկիրական երգեր, ընդ որում՝ մեկական՝ 4 գալա համերգներին։ Ներկայացրի երգահան Սուսաննա Բարսեղյանի «Քեզ համար» ստեղծագործությունը։ Նախագծի հատուկ հյուրն էր Վալերի Մելաձեն եւ գալա համերգներից մեկը նվիրված էր նրան։ Մասնակիցներս էլ, բնականաբար, կատարեցինք ճանաչված երգչի երկացանկից հիթեր։ Ասեմ, որ մեկ անգամ Կիրգիզստանը ներկայացնող մասնակցի հետ հայտնվեցի վտանգավոր գոտում, բայց նման այլ հեռուստանախագծերի օրինակով, այստեղ էլ որոշիչը հեռուստահանդիսատեսի քվեարկությունն էր, որը իմ օգտին էր։ Գալա համերգներից մեկում եղավ նաեւ դուետների փուլ, որտեղ հանդես եկա բաշկիր ճանաչված երգիչ, վաստակավոր արտիստ Ֆադիս Գալիեւի ընկերակցությամբ։ Մրցանակակիրներին, ինչպես նման նախագծերի դեպքում է, դարձյալ որոշում էր հեռուստահանդիսատեսը՝ SMS քվեարկության միջոցով։ Հաղթողը բաշկիր երգիչ Իսկանդեր Սուլեյմանովն էր, որը ստացավ 1 մլն ռուբլի, իսկ մրցանակակիրներս ստացանք տարբեր հուշապարգեւներ։ Նախագծի մասին՝ թերեւս այսքանը։ Կուզեի գոնե ինձ համար շատ կարեւոր մի բանի մասին խոսել. հնչեցրած բոլոր երգերիս գործիքավորումները արվել էին Հայաստանում, օգտագործված էին հայկական ժողովրդական նվագարաններ, այդ թվում նաեւ բաշկիրյան երգերում։ Կարճ ասած՝ վերջիններս «հայկականացրել» էինք։ Օրինակ՝ «Ուֆտանմա» երգում, որն իսկապես մեծ արձագանք ունեցավ, մեր դուդուկն էր հնչում…
– Մասնակցության նպատակով որեւէ աջակցություն ստացե՞լ եք։ Հենց թեկուզ երգերի գործիքավորումը միջոցների հետ է կապված:
– Միակ աջակցությունը ստացել եմ երգահան Սուսաննա Բարսեղյանի կողմից, որը Ավանի երաժշտական դպրոցի տնօրենն է։
– Ձեզ հիշում ենք տարիներ առաջ «Շանթ TV»-ի «X ֆակտոր» նախագծից…
– Այո, դա 2014 թվականին էր, հասա մինչեւ կիսաեզրափակիչ։
– Հենց «Շանթ TV»-ի նախագծից գիտենք երգիչներ, որոնք ձեր բախտին են արժանացել, բայց նրանց հետագա կարիերան փայլուն է եղել, քան, ասենք, հաղթողինը։ Որտե՞ղ էիք մինչեւ այս մրցույթը։
– «Շանթի» մրցույթից հետո ունեցա առողջական խնդիրներ՝ կապված ձայնալարերիս հետ։ Մասնագետներն ինձ կտրականապես արգելեցին երգել։ Երկարատեւ բուժումից հետո նույնիսկ վիրահատվեցի։ Իսկ արդեն հետվիրահատական շրջանում որոշում կայացրի մեկնել Չինաստան եւ իրականացրի այն։
– Ինչո՞ւ հենց Չինաստան։
– Ի սկզբանե չինարենը եղել է նախընտրածս լեզուն։
– Հետո՞։
– Մեկնեցի, ընդունվեցի դպրոց, ուսմանս զուգահեռ բուժումներ էի ստանում չինական մեթոդներով։ Քովիդը նոր էր սկսվում, երբ ամեն ինչ թողեցի կիսատ ու վերադարձա հայրենիք։ Ամիսներ անց էլ, քանի որ համավարակը գլուխ բարձրացրեց, այլեւս չէի կարող մեկնել Ցինդաո։ Իսկ ավելի ուշ սկսվեց պատերազմը… Ընդհանուր առմամբ՝ Չինաստանում մնացի մեկուկես տարի։
– Կա՞ մտադրություն ուսումը շարունակելու։
– Միանշանակ։
– Վերադառնանք հեռուստամրցույթին։ Ցանկացած նման նախագծից հետո, հատկապես մրցանակակիրներին, լինում են տարբեր առաջարկներ։
– Մրցույթի ավարտից հետո Ուֆայում մնացի եւս 10 օր, քանի որ երկրի առաջին տիկինը՝ Կարինե Խադիրովան պետք է անցկացներ իր «Կանացի երջանկության տարածք» նախագծի շնորհանդեսը 2 օր տեւողությամբ, ես էլ հրավիրված էի կատարելու այդ ծրագրի հիմնը։
– Ասում են Բաշկորտոստանի առաջին տիկինը ազգությամբ հայ է…
– Այո։ Տիկնոջ հայրը հայ է, օրիորդական ազգանունն էլ՝ Ավետիսյան։ Իսկ տիկին Խադիրովայի երակներում հոսում է ոչ միայն հայի արյուն, այլեւ վրացու, ռուսի եւ հրեայի։
– Առաջին տիկինը եւ դուք ազգանվանակից եք, կա՞ բարեկամական կապ։
– Ոչ։
– Իսկ կարելի՞ է ենթադրել, որ նա ձեր նկատմամբ ավելի ուշադիր է եղել։
– Ոչ, չէի ասի։
– Իսկ ժյուրիի կազմում մեզ ծանոթ անուններ կայի՞ն։
– Այո, հենց ժյուրիի նախագահը՝ Լինա Արիֆուլինան, որը ռուսական հայտնի «Фабрика звезд» հեռուստանախագծերի պրոդյուսերն է։ Գուցե ժյուրիի մեկ-երկու անդամների անունները մեր երկրում այդքան հայտնի չեն, բայց նրանք ճանաչված աստղեր են, վաստակավոր արտիստներ, այդ թվում՝ Գուլնազ Ասաեւան, Էլվին Գրեյը։ Անկասկած, շնորհակալ եմ նրանց հատկապես մասնագիտական խորհուրդների համար, բայց անսահման շնորհակալությունս եմ հայտնում աշխարհի հայերին, որոնց քվեարկության շնորհիվ դարձա երրորդ մրցանակակիր։
– Այդ նույն հայերի թվում կային մարդիկ, որոնք բաշկիրական երգերի ձեր մեկնաբանությունից հետո, մեղմ ասած՝ քննադատում էին ձեզ։
– Այո, նման մեկնաբանություններ եղել են։ Պատճառը մեկն էր՝ ինչու եմ ներկայացնում երգեր բաշկիրերեն, քանի որ այն թյուրքական լեզվաընտանիքից է։
– Երեւանում ե՞րբ կհանդիպենք ձեզ բեմում կամ եթերում։
– Երբ՝ չգիտեմ, բայց մինչեւ Չինաստան մեկնելս՝ անպայման։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
29.05.2021