Երբ Մոնթեի նկարի մոտ կանգնած ժպտում է, իսկ բռունցքով ցույց է տալիս իր` զինվորի անպարտելի կերպարը, միանգամից հիշում եմ կենդանի լեգենդի խոսքերը` իմ կենացը մի խմեք, իմ գործը շարունակեք… Մոնթեի գործը շարունակողներից է Վահագն Սաղաթելյանը, ում մասին պատմելիս անկեղծ կլինեմ։ Զինվորականի ընտանիքում է ծնվել Վահագնը։ Հայրը պահեստազորի փոխգնդապետ է։ Եվ հենց մանկուց էլ հայրենիքի հանդեպ սերը ամրացավ ու դարձավ հզոր վահան, որ իր հետ մինչեւ հիմա ունի Վահագնը։ Ամենահայրենասերների, ամենանվիրյալների համար են Հայաստանն ու Արցախը, ինչպես մի մարմին` անբաժան ու անսասան։ Անսասան, որովհետեւ այս երկրի տերը հայ զինվորն է, որի նմանը չկա ուրիշ տեղ։
Խոհեմ ու խելացի է մեր նյութի հերոս զինվորը, պարտականությունների կատարման առումով երբեւէ չթերացող, ընկերասեր։
«Հայրենիքն ու բանակն ինձ համար անփոխարինելի սրբություններ են, եւ ես հպարտ եմ, որ հայրենիքիս զինվորն եմ,-ասում է զրուցակիցս` ավելացնելով,- ինձ բախտ վիճակվեց ծառայությունս սկսել դրախտավայր Եղնիկներում։ Նոր ծանոթություններ, նոր կյանք, որը նույնքան հետաքրքիր էր, որքան եւ դժվար»։
Պատերազմն այդ դժվարության մեջ ցավ ներարկեց։ Վահագնը իր երդման պահողն ու երկիրը պաշտպանողների շարքերում է։ Երբ 44-օրյա պատերազմը սկսվեց, ինքը զինվորական հոսպիտալում էր գտնվում: Հենց նույն օրն էլ մեկնեց զորամաս` առաջին պատահած զինվորական մեքենայով։
Հայրը, որ ռազմական մեծ փորձ ու գիտելիքներ ունի, իսկույն կամավորագրվեց` առանց երկմտելու։ Ինչպես շատերը, այնպես էլ իրենք` հայր ու որդի դարձան մարտական ընկերներ։ «Եղբայրս, որ Ապրիլյան պատերազմի մասնակից է, շարունակեց իր պայքարը 44-օրյա պատերազմում։ Ինձ համար մեծ օրինակ է թե եղբորս, թե հորս կատարածը, եւ ես չուզեցի անմասն մնալ»,-մեզ հետ զրույցում ասում է Վահագն Սաղաթելյանը: Ապա շարունակում է. «ճիշտ է, այս պատերազմը տարբերվում էր նախորդ պատերազմներից, բայց մեր ոգին անկոտրում էր։ Այս պարտությունը ես չեմ ընդունում, մենք նորից կկերտենք հաղթանակներ, հետ կբերենք մեր կորցրածը»։ Վահագնը մեծ ցավ է ապրում, որ կորցրեցինք գրեթե ամբողջ Արցախը, հազարավոր հայորդիներ իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին, կորցրեց նաեւ շատ հարազատ ընկերներ։ Զինվորը հույսը չի կորցնում, համոզված է` դեռ կվերագտնենք մեզ ու մոխիրներից վեր կհառնենք փյունիկի պես։
Կարդացեք նաև
Վահագնը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող է, սակայն 6 ամիս սովորելուց հետո զորակոչվել է բանակ։ Շատ ծրագրեր ունի, որոնց իրագործման ճանապարհին չի նահանջելու։ Մեծ է ցավը, անդառնալի են կորուստները… «Չեմ ուզում մանրամասն պատմել այն զգացողությունների մասին, ինչ կատարվել են մարտի դաշտում»,-ասում է նա։
Վահագնը հայ զինվորի համազգեստը պատվով է կրում, եւ միանշանակ` երդմանը հավատարիմ ծառայում է հայրենիքին` ամուր պահելով սահմանի իրեն վստահված հատվածը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.05.2021