Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը՝ Ագարակում

Մայիս 31,2021 12:00

Ագարակը Արագածոտնի հին բնակավայրերից է: Այն դեռ վաղնջական ժամանակներից եղել է արքունական կալվածք, այսինքն՝ ագարակ, որտեղից էլ ստացել է անվանումը: Հնագիտական պեղումների շնորհիվ պարզվել է, որ մարդն այս տարածքում ապրել է շուրջ 5000 տարի առաջ: Ուշագրավ հուշարձաններ են Ագարակի մոտ գտնվող քարակոփ ու ժայռափոր կերտվածքների համալիրները, որոնց շուրջ տարածված է բազմաշերտ բնակատեղին ու դամբարանադաշտը: Այդ տարածքը բնակեցված է եղել մ.թ.ա. 3-րդ հազ. առաջին քառորդից: Այստեղ գործել է հսկայական պաշտամունքային համալիր: Տարածքից հայտնաբերվել են Ալեքսանդր Մեծի եւ Օգոստոս Օկտավիանոս կայսեր դրամներ եւ այլն:

Ագարակի կենտրոնում գտնվում է 4-5-րդ դարերում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին: Այն ուղղանկյուն հատակագծով եւ արեւելքից պայտաձեւ աբսիդով (խորան) շինություն է: Արեւմուտքից եկեղեցուն կից է ուղղանկյունաձեւ մի շինություն, որն ընդունված է անվանել նախասրահ կամ գավիթ: Հուշարձանը կիսակործան է, ավերված, պահպանվել են միայն պատերի ու խորանի հատվածները:
1924թ. եկեղեցին ուսումնասիրել է Թ. Թորամանյանը, իսկ 1948թ.՝ Հ. Եղիազարյանը: Վերջինս գրել է. «Միանավ բազիլիկա է, հավանաբար կառուցված 5-6-րդ դարերում»: Եկեղեցու ներսում, խորանի հարավային մասում կա եղծված ու քայքայված արձանագրություն, կարդացվում է միայն թվականը՝ 1215թ.: Թ. Թորամանյանի կարծիքով, այն գրվել է Զաքարե ամիրսպասալարի որդու՝ Շահնշահի ժամանակ: Վիմագիրը հավանաբար նվիրատվական է:

Կարծում ենք, որ Սբ. Աստվածածին եկեղեցին, Զաքարյանների օրոք վերանորոգվել ու ամրացվել եւ միաժամանակ վեր է ածվել աշտարակատիպ շինության, երբ սելջուկներից ազատագրվել է Արագածոտնը: Այդ են հավաստում եկեղեցու արեւելյան ու հարավային ճակատների վրա եղած հզոր աշտարակաձեւ որմնահեծերը, որոնք հիշեցնում են ամրոցի պատեր: Նմանատիպ շինությունների էին վերածվել Աշտարակի ու Փարպիի Ծիրանավոր եկեղեցիները եւ այլն: Ագարակը ազատագրվել է 1191թ.: 18-րդ դարի վերջում Հ. Արարատյանը գրել է. «Ագարակը հին ժամանակ հայի գյուղ էր… ես գնացի տեսնելու այնտեղի հին բերդը»: Հավանաբար նրա տեսած այդ հին բերդը ներկայիս Սբ. Աստվածածին եկեղեցին էր:

Հետաքրքրական շինություն է եկեղեցու գավիթը: Թ. Թորամանյանն այն համարել է կառուցված 13-րդ դարում, սակայն հուշարձանի մանրակրկիտ ուսումնասիրությունը հավաստում է, որ այն ու եկեղեցին միաժամանակյա շինություններ են: Եկեղեցու քարերի մեծությունը, շարվածքն ու պատերի լայնությունը, ինչպես նաեւ գավթի հյուսիսային պատի մուտքում գտնվող զարդաքանդակները, բարավորի ձեւը, բնորոշ են վաղ միջնադարին: Հուշարձանը կառուցված է սրբատաշ կարմրագույն տուֆի մեծ քարերից՝ կրաշաղախով: Ինչպես Թ. Թորամանյանն է նշել, եկեղեցին կարիք ունի մանրակրկիտ մաքրման ու պեղումների:

Հ. Եղիազարյանը գրել է, որ եկեղեցու «քանդված քարերից դրված են շրջակա տների պարտեզների ցանկապատերի մեջ: Եկեղեցու ներսում եւ արեւելյան պատի տակ թափված են խաչքարերի քանդակազարդ մի քանի բեկորներ»: Ի դեպ, այդ բեկորներից մեկի վրա կարդացվում է Սարգիս անունը:

Ագարակի հյուսիսային մասում գտնվում է գյուղի մյուս՝ Ամենափրկիչ եկեղեցու հիմնապատերը: Այն ամբողջությամբ կործանված է: Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ, որի արեւելյան մասում նկատվում է կիսակլոր աբսիդի հետքեր: Հյուսիսային եւ հարավային պատերը ներքուստ ունեն մեկական ուղղանկյուն որմնասյուներ, որոնք մոտ են աբսիդին: Հուշարձանը կառուցվել է կարմիր տուֆից՝ կրաշաղախով: Հ. Եղիազարյանը ենթադրել է, որ այն կառուցվել է միջին դարերում:

Ագարակը վնասվել է 1176թ.՝ Կոշի, 1264թ.՝ Ուշիի, 1679թ.՝ Արարատյան, 1827թ.՝ Ծաղկաձորի, 1840թ.՝ Արարատի, 1949թ.՝ Բյուրականի երկրաշարժերից եւ այժմ, տեղի Սբ Աստվածածին եկեղեցին անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրել եւ նախապատրաստել վերանորոգման:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31