Ըստ Տարոն Սիմոնյանի՝ կատարվածը ՀՀ տարածքային ամբողջականության խախտման հետեւանքով անձանց գերեվարում է
Մայիսի 27-ին Գեղարքունիքի սահմանային հատվածից վեց հայ զինվորների՝ ադրբեջանցիների կողմից գերեվարման առիթով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գնահատական էր հնչեցրել, որ դա գերեվարում չէ, այլ առեւանգում։ Նույնն ԱԺ ամբիոնից կրկնել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Հատկանշանական է, որ նույն օրը լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը կատարվածը նկարագրում էր «գերեվարում» ասելով։
«Ընդհանրապես, ռազմական տերմինաբանությունում կիրառելի է «գերի վերցնել»-ը, «գերեվարել»-ը։ Քաղաքական տերմինաբանության մեջ երբ օգտագործում են «առեւանգել» տերմինը, կարծես նկատի ունեն, որ մեր տարածք են մտել, մեր տարածքից են փախցրել մեր զինվորներին։ Կարծում եմ՝ այդպես կարելի է մեկնաբանել «առեւանգում» բառի օգտագործումը։ Բայց սա գերեվարման կարգավիճակ է, մեր զինվորները ռազմագերի են համարվում, որովհետեւ առեւանգումն այլ քրեական հոդված է»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանը։ Հետաքրքրվեցինք՝ «առեւանգում» տերմինի օգտագործումն իրավական հետեւանք ենթադրո՞ւմ է։ Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Կատարվածը ՀՀ տարածքային ամբողջականության խախտման հետեւանքով անձանց գերեվարում է։ Այսինքն, կարծես միայն գերի վերցնելու փաստը չեն ուզեցել շեշտել, այլեւ այն, որ մեր տարածք մտնելով են զինվորներին գերեվարել։ Բայց երեւի իրենք էլ պարզաբանեն, թե ինչ իմաստով են «առեւանգում» անվանել։ Ես պարզապես ենթադրում եմ»։ Տարոն Սիմոնյանը նաեւ նշեց՝ քրեական օրենսգիրքը սահմանում է, որ ՀՀ տարածքային ամբողջականության խախտումն առանձին հանցակազմ է։
Մեզ հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ հետեւյալ գնահատականը հնչեցրեց. «Երեւի թե Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է առաջին հերթին բացատրի, թե իր օգտագործած տերմինն ինչ է նշանակում, կամ ի՞նչ է նշանակում զինծառայողին ծառայության վայրից հակառակորդի կողմից առեւանգելը, որովհետեւ միջազգային այն նորմերը, որոնք կիրառելի են զինծառայողների նկատմամբ, հստակ ներառում են «գերեվարում» հասկացողությունը։ Բայց այստեղ խնդիրը միայն դրանում չէ, թե ինչ տերմինով որակվեց։ Խնդիրը նրանում է, որ ՀՀ տարածքում զինծառայության մեջ գտնվող անձը հակառակորդի կողմից, որը քո տարածքում է, գերի է վերցվում։ Ինչո՞ւ։ Ինչպե՞ս է լինում, որ վեց հոգու գերեվարում են։ Դա ոչ թե անակնկալ դեպք է, այլ տրամաբանական շարունակությունն այն խայտառակության, որը տեղի է ունենում մայիսի 12-ից։ Այսինքն, փոխանակ պատասխան տաս, թե ինչու է դա եղել, ինչու են զինվորները գտնվել այնպիսի իրավիճակում, որ գերեվարվել են… նրանք քաղաքացիական անձինք չեն, այլ զինծառայողներ։ Ինչո՞ւ պատասխան չի տրվել, ինչո՞ւ չեն կանխվել շարունակվող փաստացի օկուպացիան, զավթումը, հակառակորդի ագրեսիվ գործողությունները։ Ի՞նչ է, անզե՞ն են, սպասել են, որ գան իրենց գերեվարե՞ն։ Ես այս ամենը որակում եմ որպես հանցավոր անգործություն, որը շարունակական է։ Եթե նույն գործելակերպը շարունակվի, ապա էլի են լինելու գերեվարումներ, որովհետեւ երբ մնում են անպատիժ, անպատժելիությունը խրախուսում է հանցավոր գործողությունները»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.05.2021