«2021 թվականին ամբողջությամբ կավարտվի համայնքների խոշորացման գործընթացը»,-2019 թվականի դեկտեմբերի 23-ին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նաեւ հայտնեց, որ այդ ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ են իրականացնում։ Վերջինը, ըստ նրա, տեղական հանրաքվեների ինստիտուտի վերափոխումն էր, երբ համայնքներին խորհրդատվական ձայնի հնարավորություն է տրվում, որպեսզի նրանք կարողանան իրենց ձայնը հանրաքվեի միջոցով լսելի դարձնել:
Արմավիրի մարզում, սակայն, խոշորացման գործընթացը չսկսված` կանգ առավ: 2020 թվականին COVID-19 համավարակը եւ արցախյան պատերազմը թույլ չտվեցին, որ խոշորացումը տեղի ունենա: Մարզի համայնքներում լսումներ ու տեղական հանրաքվեներ պետք է լինեին, որից հետո տեղի ունենար համայնքների միավորումը:
Կարդացեք նաև
Այս մարզում նախագծով նախատեսվում է միավորել 26 համայնք, որի կենտրոնը լինելու է Մեծամորը: Միավորման ենթակա համայնքներն են` Մեծամորը, Ակնալիճը, Աղավնատունը, Ամբերդը, Այգեշատը, Արագածը, Արշալույսը, Արտաշատը, Արեւիկը, Գեղակերտը, Դաշտը, Դողսը, Եղեգնուտը, Զարթոնքը, Լեռնամերձը, Ծաղկալանջը, Ծաղկունքը, Ծիածանը, Հայթաղը, Հովտամեջը, Մայիսյանը, Մրգաշատը, Մրգաստանը, Շահումյանը, Շահումյանի թռչնաֆաբրիկան, Տարոնիկը:
Նախագիծը` 07.12.2020-22.12.2020 թվականին քննարկվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` արժանանալով բացասական արձագանքների: Այդ մասին է վկայում առցանց քվեարկությունը` 93 տոկոս դեմ եւ 7 տոկոս կողմ ձայներով:
Ի դեպ, խոշորացման գործընթացից կախված էին նաեւ ՏԻՄ ընտրությունները, որոնք հանրապետության մի շարք համայնքներում` այդ թվում եւ Արմավիրի մարզի 3 գյուղերում` Արշալույսում, Շահումյանում ու Արագածում տեղի չունեցան` չնայած, որ այդ համայնքների ղեկավարների լիազորությունների ժամկետն անցյալ տարի ավարտվել է: Վերոնշյալ 3 համայնքներում համայնքի ղեկավարի ընտրությունները նշանակված էին 2020 թ. մարտի 15-ին: Սակայն ընտրությունների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքից հանվեց:
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ, փորձագետ Վահան Մովսիսյանը գտնում է, որ համայնքների միավորման գործընթացը պետք է արագ ավարտին հասցնել: Փորձագետի խոսքով, ներկայումս անհավասար պայմաններ է ստեղծված հանրապետության համայնքների միջեւ, քանի որ խոշորացված համայնքները կարողանում են օգտվել սուբվենցիոն ծրագրերից, իսկ փոքր համայնքներն, ըստ նրա, ի վիճակ չեն օգտվելու այդ ծրագրերից:
Փորձագետը գործընթացի հետաձգումից մեկ այլ վտանգ էլ է տեսնում. Այս տարվա նոյեմբերին 80 եւ ավելի տոկոս համայնքների ղեկավարների եւ ավագանիների պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, ինչը, ըստ պարոն Մովսիսյանի, լուրջ խնդիրներ կարող է առաջացնել տեղական ինքնակառավարման համակարգում: Եթե համայնքի ղեկավարի պարագայում կարող է լինել պաշտոնակատար, ավագանու ժամկետի ավարտի դեպքում ՀՀ Սահմանադրությունն այն երկարացնելու հնարավորություն չի ընձեռում:
Ավագանու համար ՀՀ Սահմանադրությունը սահմանում է 5 տարի ժամկետ. «Հետեւաբար, այն ավագանիների ժամկետը եթե լրացել է, երկարացնել այլեւս հնարավոր չէ, ավագանին լուծարվում է: Այսինքն՝ կարեւորագույն խնդիրների լուծման համար այլեւս չունենք այն լուրջ, կարեւոր տեղական ինքնակառավարման մարմինը, որը պետք է տնօրինի, հաստատի, որոշի եւ սա շատ վատ է»,-ասում է Վահան Մովսիսյանը:
Aravot.am-ի մուլտիմեդիա պատմությունը համայնքների խոշորացման գործընթացի մասին մանրամասն՝ այստեղ
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ