Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է. «Հայացք փախցնելու ոչ մի պատճառ չունենք»

Մայիս 30,2021 17:06

Լոռիում Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Սպիտակ քաղաքն է: Այստեղ Փաշինյանին դիմավորեցին ծափողջյուններով ու «Նիկո՛լ, վարչապետ» վանկարկումներով: Բնակիչներից մեկն էլ Փաշինյանին այսպես դիմեց՝ «Ջան, մեր թագավորին մեռնեմ»:

Սպիտակում Փաշինյանն առաջին հերթին անդրադարձավ Երեւան-Սպիտակ ճանապարհահատվածին. «Ես շատ մեծ գոհունակությամբ այսօր Երեւանից եկա հասա Սպիտակ, եւ տեսա, որ վերջապես Երեւան-Սպիտակ ճանապարհը եկել հասել է այն վիճակին, որ կարող ենք համարել տանելի: Ես ճիշտ եմ հիշո՞ւմ, որ հեղափոխության ժամանակ այս ճանապարհի բավականին լուրջ հատվածներ, բավականին լուրջ քանդված էին, եւ մենք այս ընթացքում ճանապարհը բերել հասցրել ենք այս վիճակին»,- ասաց Փաշինյանն ու խոսելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ շարունակեց. «Պապիկյանն ասում է այս տարի պերեւալներն էլ կանենք ու դրանով թեման կփակենք»:

Խոսելով իրենց կատարած աշխատանքների մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ստիպված է բանակցային մի քանի նրբություններ բացահայտել. «Որովհետեւ նրանք, ովքեր երկար տարիներ ներսում եւ դրսում դավաճանական գործունեություն են ծավալել, եկել են այսօր մեզ ուզում են մեղադրել դավաճանության մեջ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարն ու մատնացույց անելով հավաքված ժողովրդին շարունակեց. «Եթե մենք դավաճան ենք, այսքան ժողովուրդն ի՞նչ գործ ունի էսօր գա մեր ասածը լսի: Այստեղ եկած ժողովուրդը փողով է եկել, թե՞ ստիպողաբար է եկել, թե՞ սպառնալիքով է եկել, թե՞ ոստիկանությունով է եկել: Ցանկացած լրագրող կարող է մտնել այս ժողովրդի մեջ եւ հարցեր տալ: Այս մարդիկ այնպիսի քաղաքագիտական վերլուծություններ կանեն, որ ձեր շատ քաղաքագետներ ի վիճակի չեն: Իսկ ձեր հանրահավաքներին ու հանդիպումներին ով կամերայով ու միկրոֆոնով մոտենում է, չգիտեն գլուխը որտեղ մտցնեն»:

Փաշինյանը խոսելով պատերազմի մասին, ասաց, որ թեեւ պարտվել ենք, սակայն ինքն ամաչելու ոչինչ չունի. «Այո, մենք պարտվել ենք եւ այս պարտության պատասխանատվությունը մերն է, բայց ժողովուրդ, այդ պարտության միջով անցնելիս մենք պահպանել ենք ամենակարեւորը՝ ձեր աչքերի մեջ նայելու իրավունքը, հայացք փախցնելու ոչ մի պատճառ չունենք: Մեր ժողովուրդը շատ աղետների միջով է անցել, եւ ասում եմ՝ այն ինչ-որ տեղի ունեցավ ոչ մի անկանխատեսելի բան չկար: Եվ մենք ամեն ինչ արել ենք այս աղետին պատրաստվելու համար: Հակառակորդն ինչին պատրաստվում էր 30 տարի, մենք պատրաստվեցինք պատշաճ ընդամենը 2 տարում»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31