Լրահոս
Օրվա լրահոսը

«1998 թ․-ից մինչեւ 2008 թ․-ն Ադբեջանին ինչ պետք է ստանալ բանակցային սեղանի շուրջ, Ռոբերտ Քոչարյանը նրանց տվել է». Նիկոլ Փաշինյանը Լոռիում է

Մայիս 30,2021 15:29

Այս պահին Լոռու մարզում է գտնվում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրան Ջրաշեն համայնքում դիմավորեցին աղ ու հացով: Գյուղացիների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն իր ելույթը սկսեց երկրում ստեղծված դժվարի իրավիճակների մասին խոսելով. «Մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրում: Բայց այդ դժվար ժամանակները կանխատեսելի էին: Մեր մեծագույն պրոբլեմն այն է, որ մենք այս դժվար ժամանակներին, մեր պետականության գոյության ողջ ընթացքում պատշաճ կերպով չենք հասցրել պատրաստվել: Բոլոր ասպարեզներում դա երեւում է… 30 տարվա ընթացքում մեր չարածն է, որ այսօր չոքել է մեր դռանը»:

Փաշինյանի խոսքով՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար առաջին հերթին պետք է ներքին միասնականություն. «Դրսից ուզում են ձեզ հայտնի ուժերն իրենց գործողություններով աջակցել ձեզ հայտնի ուժերին: Ըստ էության ես ուրախ եմ, որ Հայաստանում այս փաստն արձանագրվել է: Եվ ՀՀ ժողովուրդը պետք է ցույց տա, որ թույլ չտա որեւէ մեկին բռնանալ իր կամքի վրա»:

Ջրաշենում Փաշինյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի թե՛ ներսում, թե՛ դրսում կան ուժեր, որոնք ցանկանում են Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ. «Մենք ասում ենք, որ այս սահմանային իրավիճակն ամեն ինչ անելու ենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով հարցը լուծվի՝ առանց պատերազմի ու առանց զոհերի: Եվ սրա համար մենք առաջարկել ենք, որ հայելային եղանակով զորքերը հետ քաշվեն սահմանագծից, որից հետո միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանների գծագրման աշխատանք»,- ասաց Փաշինյանն ու շարունակեց. «Ես նայում էի, Ռոբերտ Քոչարյանի պաստառների վրա գրված է՝ խաղաղ սահմաններ, իբր իրենք սահմանների խաղաղությունն ապահովել են: Իրենք ինչո՞վ են այդ հարաբերական խաղաղությունն ապահովել: Որովհետեւ 1998 թվականից մինչեւ 2008 թվականն Ադրբեջանին ինչ պետք էր ստանալ բանակցային սեղանի շուրջ, Ռոբերտ Քոչարյանը նրանց տվել է: Առաջինը՝ Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողնելը, դա եղել է Ադրբեջանի երազանքն ու գերագույն նպատակներից մեկը: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահի պաշտոնը բռնազավթելով, Ղարաբաղին դուրս է թողել բանակցային սեղանից: Երկրորդը՝ տարածքների փոխանակման կոնտեքստում Ռոբերտ Քոչարյանը ստեղծել է մի այնպիսի բանակցային բովանդակություն, որով Ադրբեջանը հասել է իր երկրորդ երազանքին: Դրանով արձանագրվել է բանակցային մի բովանդակություն, համաձայն որի, Շուշին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից անջատվում է եւ տրվում է ինչպես իրենց ժամանակ արտաքին գործերի նախարարն էր ասում՝ օկուպացված տարածքների շարքը: Սա երկրորդ անգնահատելի երազանքն է եղել Ադրբեջանի համար: Երրորդը՝ Մեղրիի փոխանակման ծրագիրն է, որ Ռոբերտ Քոչարյանն իր ձեռքով, տվյալ դեպքում պետք է ասել՝ իր կոտրած ձեռքով տարել է Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում դրել է քննարկման:  Ստացվում է, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն իրենց կյանքի գնով Մեղրին փրկել են: Պատկերացնո՞ւմ եք Ղարաբաղի հարցի լուծման տարբերակ՝ Մեղրին տալիս ես, Ղարաբաղն, օրինակ, ստանում ես: Դա ի՞նչ հարցի լուծում է: Ղարաբաղի հարցը դարձել է տարածքային բանավեճ, որն ամբողջությամբ նենգափոխել է Ղարաբաղի հարցի բովանդակությունը»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31