Այսօր «Հայաստան» դաշինքը ներկայացրեց «365 օր. Ապագան սկսվում է հիմա» նախընտրական ծրագիրը:
Անվտանգության եւ արտաքին հարաբերությունների քաղաքականության մասին ներկայացնելով՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ զինված ուժերի մարտունակությունը խոստանում են վերականգնել՝ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար. «ԱԱԾ-ն պետք է երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի՝ սատանա փնտրելու, ՀԴՄ կտրոններ ստուգելու կամ ընդդիմադիրներին հետապնդելու հանձնարարականներ: Այնտեղ ծառայում են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող սպաներ, որոնց համար, համոզված եմ, այդպիսի հանձնարարականները վիրավորական են: Մենք միջոցներ ենք ձեռնարկելու, որպեսզի այլեւս երբեք թույլ չտանք ԱԱԾ-ի փոխակերպումը քաղաքական հետախուզության: Ոստիկանությունը ստեղծված չէ մեկ պաշտոնյայի անվտանգ տեղաշարժը կազմակերպելու, նրա քմահաճույքները բավարարելու եւ հիվանդագին վախերը սպասարկելու համար: Մենք կվերադարձնենք ոստիկանությունը բացառապես ՀՀ օրենքներով նախատեսված գործառույթների դաշտ: Աննորմալ է այն, ինչ այսօր մենք տեսնում ենք գրեթե ամեն օր»:
Արտաքին քաղաքականության ոլորտում Քոչարյանն ասաց, որ կդադարեցնեն միջազգային ասպարեզում այսօր կիրառվող էժանագին «շուստրիության» քաղաքականությունը. «Ինձ մոտ այլ բառ է գրված՝ ճարպկություններ, բայց ես սա որակում եմ էժանագին շուստրիություն: Միայն հիմարները կարող են զբաղվել դրանով ժամանակակից թվային աշխարհում: Մենք կվերականգնենք վստահությունը երկրի հանդեպ՝ որպես կանխատեսելի եւ հասկանալի գործընկերոջ: Երկկողմանի մակարդակով կառաջարկենք մեր բարեկամներին համագործակցության նոր եւ հասկանալի օրակարգ: Պարտությունը պատերազմում չպետք է սահմանափակի մեզ պարտվածի բարդույթով: Հավատացնում եմ ձեզ, մոտական տարիների համար ամենից դժվար հաղթահարվող խնդիրներից մեկը: Պարտությունը ծանր հարված է, պիտի օգնենք ժողովրդին՝ հաղթահարելու պարտվածի բարդույթը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ