Այսօր «Հայաստան» դաշինքը ներկայացրեց «365 օր. Ապագան սկսվում է հիմա» նախընտրական ծրագիրը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խոստացավ բացառել ատելության մթնոլորտը, համերաշխության եւ երկխոսության կենսական մթնոլորտը վերականգնել. «Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության շրջանակում ձեւավորելու ենք ամբողջական օրակարգ: Կասեցնելու ենք սպասվող արտագաղթի նոր ալիքը, խթանելու ենք ներգաղթն ու հայրենադարձությունը: Վերանայելու ենք երկքաղաքացիներին երկրի պետական կառավարման մեջ ներգրավելու սահմանափակումները: Վերականգնելու ենք ՀՀ-ի հանդեպ սփյուռքի վստահությունը, բացառելու ենք «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցների ոչ կանոնադրային օգտագործումը»:
Դաշինքը խոստանում է հասնել թուրք-ադրբեջանական ագրեսիայի՝ հայ ժողովրդին պատճառած կորուստների միջազգային ճանաչմանը:
«Հայ առաքելական սուրբ եկեղեցուն երաշխավորելու ենք բացառիկ կարգավիճակից բխող հնարավորություններ՝ իրացնելու մեր հոգեւոր կյանքի շինության եւ ազգապահպան կարեւոր առաքելությունը: Հայաստանը լինելու է սոցիալական արդարության եւ բարեկեցության երկիր»,- ասաց Սաղաթելյանը՝ խոստանալով, որ անհապաղ ձեռնամուխ են լինելու գերեվարված բոլոր անձանց վերադարձին, զոհվածների եւ անհետ կորածների տվյալների հստակեցմանը:
Կարդացեք նաև
Իշխան Սաղաթելյանը նաեւ նշեց. «Կոնդի պետական ամառանոցները վերածելու ենք ժամանակակից վերականգնողական կենտրոնի: Փախստականներին ապահովելու ենք բնակարաններովու կյանքի արժանապատիվ պայմաններով, զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին տրամադրելու ենք անհրաժեշտ ֆինանսական աջակցություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ