Այսօր «Հայաստան» դաշինքը ներկայացրեց «365 օր. Ապագան սկսվում է հիմա» նախընտրական ծրագիրը:
Լիլիթ Գալստյանը ներկայացրեց մշակութային, իսկ Ալեքսանդր Խաչատուրյանը՝ տնտեսական քաղաքականությունը: Վերջինս ասաց, որ նոր աշխատատեղեր են ստեղծելու, բայց այնպես չեն անելու, որ մարդիկ զբաղված աղքատներ լինեն: Դաշինքը խոստանում է իրականացնել ներդրում ենթակառուցվածքներում, հատկապես՝ Սյունիքում: Պետական պարտքի հաշվին խոստանում են կատարել միայն այնպիսի ծախսեր, որոնք սերունդների համար կստեղծեն հետագա բարեկեցություն, արտաքին պարտքը չեն վերցնելու աշխատավարձ վճարելու համար:
Խաչատուրյանը նշեց, որ օտարերկրյա ներդրողների հետ անհատական աշխատանք են կատարելու, որ կարողանան ներգրավել նոր ներդրումներ. «Միայն առաջին տարվա ընթացքում ակնկալում ենք շուրջ 500 մլն դոլարի նոր ներդրումային ծրագրերի մեկնարկ, իսկ 5 տարվա ընթացքում թիրախավորելու ենք շուրջ 3 մլրդ դոլարի ծավալը»:
Դաշինքը խոստանում է շրջանառության հարկի շեմը բարձրացնել, գույքահարկի հարցը լուծել, հարկային «տեռորը» վերացնել:
Կարդացեք նաև
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը խոսեց մարզերի համաչափ զարգացման մասին, մարզերում տրանսպորտային հասանելիության, Երեւանի ճանապարհների բեռնաթափման, միջպետական ճանապարհների մասին. «Կպատրաստենք էլեկտրոնային քարտեզ, ըստ որի էականորեն կբարելավվի գործող ցանցը»:
Համայնքների խոշորացումը դաշինքը պատրաստվում է կասեցնել եւ վերլուծել արդեն իսկ խոշորացված համայնքների իրավիճակը: Վահե Հակոբյանն ասաց, որ ՀՀ օդանավակայանը պատրաստվում են արդիականացնել ու փոքր ավիացիայի զարգացումն են կարեւորում, որի հաջողված փորձը կա Սյունիքում. «Ինչպես գիտեք, արդեն վերակառուցվեց Կապանի օդանավակայանը, ձեռք բերվեց օդանավ, որը պատրաստ է կատարել իր առաջին թռիչքը: Հետպատերազմյան շրջանում ի հայտ են եկել անվտանգության խնդիրներ, որոնք հաղթահարելուց հետո հնարավոր կլինի իրականացնել Կապան-Երեւան, Երեւան-Գյումրի չվերթներ: Այս հաջողված փորձը հնարավոր է կիրառել նաեւ այլ մարզերում: Այս ամենը արվել է բացառապես մասնավոր միջոցներով: Մենք Գորիսի շրջանի Խնձորեսկ համայնքում իրականացնելու ենք յուրահատուկ տուրիստական կլաստերի ստեղծման ծրագիրը: Լոռիում նախատեսվում է զբոսաշրջության զարգացան ծրագիր իրականացնել՝ ընդգրկելով Վանաձորը, Ստեփանավանը եւ Ախթալան: Այս ուղղությունները դառնալու են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ անդրսահմանային զբոսաշրջության յուրօրինակ ուղղություն»:
Դաշինքը մտադիր է վերականգնել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, այդ ոլորտի սուբսիդավորման նոր մեխանիզմ ներդնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ