Այսօր «Հայաստան» դաշինքը ներկայացրեց «365 օր. Ապագան սկսվում է հիմա» նախընտրական ծրագիրը:
Առողջապահական ոլորտի զարգացման հեռանկարը ներկայացրեց Արմեն Չարչյանը՝ նշելով, որ վերջին իրադարձություններից հետո բնակչության համընդհանուր դեպրեսիա է, հոգու սով: Նա ասաց, որ պատերազմական գործությունների հնարավոր զարգացումների հավանականությունը դեռեւս մեծ է ու առողջապահական ոլորտը պետք է նախապատրաստել. «Մեր բազմավեկտոր, բազմակողմանի ռանդոմիզացված գիտական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ աշխարհում COVID-ը առաջինը մուտք գործեց Հայաստան դեռեւս 2018-ին՝ որպես COVID-18`ի դեմս ներկա իշխանությունների»:
Անդրադառնալով սոցիալական ոլորտին՝ նա ասաց, որ պատրաստվում են զոհված հերոսների ընտանիքներին բարոյահոգեբանական ու ֆինանսական աջակցություն տրամադրել, բոլորին հավասարաչափ ու արդարացի, կանգնել նրանց կողքին, կիսել նրանց վիշտը ու զորավիգ լինել. «Հաշմանդամություն ձեռք բերած, վիրավորված անձանց հնարավորինս պետք է արագ ներառել հանրային գործընթացներում՝ ապահովելով ֆիզիկական, սոցիալական, աշխատանքային ռեաբիլիտացիա: Սա բիբլիական ճշմարտություն է, դու ինձ ձուկ մի տուր, ձուկ բռնել սովորեցրու: Պետք է հասնենք նրան, որ 11 հազար մեր հայրենակիցների հոգեբանությունը փոխվի, սպառողի հոգեբանությունից անցնեն արարողի հոգեբանության, կարողանան իրենք արարեն, իրենք ստեղծեն, իրենք վայելեն»:
Անդրադառնալով թոշակառուներին, խոստանում են, որ թոշակը ավելի կլինի, քան սպառողական զամբյուղը. «Ապահովելու ենք մեր ծնողների արժանապատիվ ծերությունը: Դա մեր հոգու պարտքն է»:
Կարդացեք նաև
Չարչյանը խոսեց բժշկական ապահովագրության, բժիշկներին պաշտպանելու մասին ու ասաց, որ խոստանում են առաջիկա հինգ տարում եվրոպական չափանիշների առողջապահական համակարգ ստեղծել. «Հիշենք՝ նախագահ Քոչարյանի օրոք առողջապահության բյուջեն 3 մլրդ դրամից բազմապատկվեց 20 անգամ՝ դառնալով մինչեւ 60 մլրդ դրամ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ