Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչների աշխատավարձը բարձրացնել, մանկապարտեզի աշխատողին տալ սոցփաթեթ, արտերկրից մասնագետ բերել բուհ. «Հայաստան» դաշինքի կրթական ծրագիրը

Մայիս 29,2021 20:19

Այսօր «Հայաստան» դաշինքը ներկայացրեց «365 օր. Ապագան սկսվում է հիմա» նախընտրական ծրագիրը:

ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը դաշինքի անդամ է, կրթության, գիտության քաղաքականությունը ներկայացրեց՝ ասելով, որ իրենց համար այն առաջնահերթ ոլորտներից է: Դաշինքը բացառում է լեռնային, բարձր լեռնային գոտիներում դպրոցների օպտիմալացումը, որովհետեւ դա նպաստում է, որ գյուղերը դատարկվեն ու մարդաթափ լինեն:

Գյուղերում դպրոցների աշխատանքը լիարժեք կազմակերպելու ու ուսուցիչների պակասը լրացնելու համար ներդրվելու է համայնքներում աշխատող ուսուցիչների սոցիալական երաշխիքների համակարգ: Մանկավարժը մեր օրերում կորցնում է այն հեղինակությունն ու դերը, որ պետք է ունենար, ուստի խոստանում են վերարժեւորել մանկավարժի տեղն ու դերը, պարտավորվում հատուկ հոգածություն դրսեւորել նրանց նկատմամբ, աշխատավարձերը բարձրացնել, բյուջետային ծախսեր անել. «Պետությունը չպետք է տնտեսի դպրոցի վրա առհասարակ»:

Ըստ Աննա Գրիգորյանի, հաճախ նախակրթարանների աշխատակիցները  անտեսված են ու անարդար է, որ նրանք չեն օգտվում սոցփաթեթների առավելությունից, այդ սխալը պետք է շտկել:

«Հայաստան» դաշինքը մտադիր է մինչեւ 50%-ով ավելացնել բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա եւ հայագիտական ուղղություններով մասնագիտական ֆինանսավորումը մեկ ուսանողի մասով: Խոստանում են, որպես այդ շղթայի մաս, գիտությանը տրվող գումարը էապես ավելացնել. «Մենք կիրառելու ենք գիտության կառավարման եւ ֆինանսավորման արդյունավետ մոդել: Սահմանելու ենք գիտության գերակա ուղղությունները՝ ծառայեցնելով երկրի անվտանգային խնդիրներին, ռազմարդյունաբերության ոլորտին»: Դաշինքը խոստանում է գիտության արդյունքը կիրառական ու սպառողական դարձնել, աջակցել գիտական արդյունքի ստեղծման բոլոր փուլերի ժամանակ ու այն առեւտրայնացնել: Կձեւավորվի անձեռնմխելի կապիտալով պետական հիմնադրամ, որը կֆինանսավորի գիտական առաջնահերթությունների ուղղությամբ արտերկրի առաջատար մասնագետների՝ մեր գիտական եւ բուհական համակարգերում մասնակի եւ ամբողջական ներգրավվածությամբ դասավանդումը:

Խոստանում են նաեւ թվայնացնել ընդունելության քննությունների միասնական համակարգը, քննությունների որակը վերահսկելի դարձնել, մարզերի բնակիչները կկարողանան քննություն հանձնել իրենց մարզում:

Եզրափակելով խոսքը՝ Աննա Գրիգորյանն ասաց, որ ուժեղ Հայաստանը ինտելեկտուալ Հայաստանն է, որտեղ կրթությունն է ծնում իրավունք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31