Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե երբեւիցե խնդիր առաջանա ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու, ավելի լավ է ուղիղ Էրդողանի հետ բանակցեմ». Արտակ Գալստյան

Մայիս 29,2021 20:01

«Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու, ազատամարտիկ Արտակ Գալստյանը Aravot.am-ի հետ զրույցում չհամաձայնեց ընդդիմադիր ճամբարի կողմից հնչող այն տեսակետին, թե տարաբնույթ փոքր կուսակցություններ, որոնցից շատերը վերջին պահին են ստեղծվել՝ ջուր են լցնում իշխանությունների ջրաղացին եւ իրենց առաքելությունը ընդդիմադիրներին տրվելիք հնարավոր ձայների փոշիացումն է:

«Ընդդիմություն ասելով ո՞ւմ նկատի ունենք»,- նախ հարցին հարցով պատասխանեց Արտակ Գալստյանը: Ապա շարունակեց. «Այսօր Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո ասում է՝ Մեղրին միջանցքի տեսքով հանձնենք թուրքերին, Քի Վեսթի պայմանագիր, Գոբլի պլան եւ այլն… բոլորն են լսել… Ո՞վ էր Մեղրին  հանձնում՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ կասեցվեց հոկտեմբերի 27-ով: Չեմ ասում, թե ինքն է կազմակերպել, մեղադրական դատական ակտ չունենք…

Հիմա Սյունիքը ադրբեջանցիներին հանձնելու հարցով կարո՞ղ ենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Նիկոլ Փաշինյանը նույն գաղափարի վրա են… Քանի որ այսօր Նիկոլ Փաշինյանին մեղադրում ենք, որ ուզում է Սյունիքը հանձնել, կարող ենք ասել, որ այդ հարցում Ռոբերտ Քոչարյանը եւ Փաշինյանը համակարծիք են, հետեւաբար նա չի կարող լինել ընդդիմություն»,-ասաց Արտակ Գալստյանը:

Ապա անցավ մյուս ուժերին. «Մեզ հասած տեղեկություններով, Քեթրինի  Միհրանը՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը գրանցված է Արթուր Վանեցյանի ցուցակում: Ես իր դեմ անձնական ոչինչ չունեմ, զուտ իրավական խնդիր եմ բացատրում: Միհրան Պողոսյանը 2,5 տարի գտնվում է հետախուզման մեջ, ինչը բավարար հիմք է, որ ասեմ՝ ինքը Հայաստանի Հանրապետությունում չի գտնվել: Իր նկատմամբ հետախուզումը ՌԴ-ում դադարեցվել է, որովհետեւ, եթե հիշողությունս չի դավաճանում, ինքը 2002թ-ից ՌԴ քաղաքացի է երկուստեք:

Իսկ պատգամավոր դառնալու համար պետք է տեղեկանք, որ վերջին 4 տարին անձը ապրել է Հայաստանում եւ հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Եթե Միհրան Պողոսյանի փոխարեն լիներ չերեւացող  մեկը, կարելի էր կանխավարկած առաջադրել, որ «պասպորտ սեղանի» ինչ-որ աշխատողի կաշառք են տվել եւ վերցրել այդ տեղեկանքը: Բայց Միհրան Պողոսյանի դեպքում, որն, ի դեպ, լքել է Հայաստանի Հանրապետությունը, երբ ԱԱԾ տնօրեն է եղել Արթուր Վանեցյանը, տեղեկանքի հետ միասին ԿԸՀ պետք է ներկայացվի նաեւ անձը հաստատող փաստաթուղթ, էլ չեմ էլ ասում, որ անձնագրային եւ վիզաների վարչությունից տեղեկանք վերցնելու համար ինքդ անձամբ պետք է ներկայանաս:

Ամեն դեպքում այդ տեղեկանք իրեն տրվել է, որ Միհրան Պողոսյանը հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի եւ վերջին 4 տարին բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, ընդ որում  տեղեկանքի կնիքը եւ մնացած ոչինչը կեղծված չէ: Այսինքն, կարելի է առաջադրել կանխավարկած, որ դա տեղի է ունեցել իշխանության թույլտվությամբ: Լավ, ասենք իշխանությունը թույլ տվեց, եւ Միհրան Պողոսյանը գրանցվեց:

Մեզ հասած տեղեկություններով մինչեւ Սերժ Սարգսյանի եւ Արթուր Վանեցյանի դաշինքի կնքումը, Միհրան Պողոսյանը փորձել է նմանատիպ առաջարկով դիմել նաեւ Ռոբերտ Քոչարյանին, բայց ստացել է մերժում հենց այդ պատճառով, որ ուղղակի իրավունք չունի, քանի որ դա կարող  էր հանգեցնել ցուցակի գրանցմանը կամ լուծարմանը: Դարձյալ մեզ հասած տեղեկություններով, Միհրան Պողոսյանը շատ ակտիվ քարոզարշավ էր սկսել Երեւան քաղաքում Ռոբերտ Քոչարյանի համար, սակայն նրանից մերժում ստանալուց հետո ներգրավել է «Պատիվ ունեմ» դաշինք ու հենց հիմա նույնկերպ աշխատում է այնտեղ, ինչն իրենց իրավունքն է:

Բայց կա մի վերլուծություն, որ ինձ հանգիստ չի տալիս՝ ինչքան էլ այս իշխանությունը լինի պոպուլիստ, կարծում եմ, որ գրեթե մեկ տոկոս հավանականություն է, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում Միհրան Պողոսյանը  կլինի պատգամավոր, որովհետեւ ամբողջովին կտրաքի այս ամենը: Ռոբերտ Քոչարյանն ինքն է մերժել՝ ասել է, որ դա անօրինական է, հետեւաբար, եթե վարչապետ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանը, Միհրան Պողոսյանը չի կարող լինել պատգամավոր:

Մնում է մի տարբերակ՝ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը փորձում է հանձնել Սերժ Սարգսյանին, որովհետեւ դա միակ տարբերակն է, որի դեպքում Միհրան Պողոսյանը կարող է լինել պատգամավոր, եւ նոր եկած իշխանությունը այդ հարցով քրեական գործ չի հարուցի: Մնացած բոլոր վարչապետի թեկնածուները, եթե հասնեն իշխանության, հարուցվելու է քրեական գործ: Հաշվի առնելով այն, որ այդ տեղեկանքը վերցվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, Հայաստանի Հանրապետությունում հետախուզվող անձի կողմից, միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է իշխանությունը հանձնել Սերժ Սարգսյանին: Այստեղից հետեւություն՝ Սերժ Սարգսյանը նույնպես ընդդիմություն չէ, ավելի շուտ դաշնակից է:

Ստացվել է տեղեկատվություն, որ «Իմ քայլը» իր ընտրական հանձնաժողովի նախագահների ցուցակներում մոտ 150 հոգի ներառել է ԲՀԿ-ականների:  Սա եւս բավարար փաստ է, որ ԲՀԿ-ն նույնպես ընդդիմություն չէ, սրան էլ կարող ենք գումարել նաեւ այն, որ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ականների դեմ հարուցված բոլոր գործերը կարճվեցին, դատական վախճան չունեցան:

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը ընդդիմություն չէ, Արամ Զավենի Սարգսյանն ընդդիմություն չէ…Այնպես որ փոքր կուսակցությունները չեն կարող ոչ մեկի ձայները փոշիացնել, որովհետեւ բոլորն իրար հետ են»:

Հարցին՝ այնուամենայնիվ, հնարավո՞ր է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ «Հայոց  հայրենիքը» կոալիցիա կազմի իշխող ուժի հետ, Արտակ Գալստյանը պատասխանեց.  «Ինձ ճանաչողները գիտեն, որ ես միջնորդների հետ կոալիցիա չեմ կազմում, չեմ բանակցում: Եթե երբեւիցե  խնդիր առաջանա ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու, ավելի լավ է ուղիղ Էրդողանի հետ բանակցեմ, Նիկոլի հետ բանակցում եմ, ի՞նչ անեմ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31