Այսօր «Սահմանային իրավիճակների լուծման հեռանկարները» թեմայով հանրային քննարկման ժամանակ «Ազգային-ժողովրդավարական բեւեռից» Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Հայաստանը գաղութացված պետություն է: Ըստ նրա, մենք գտնվում ենք մի տան մեջ, որը հիմքից փլվում է, բայց մենք խոսում ենք պատերի վիճարկման մասին:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Վարուժան Ավետիսյանն առաջարկում է հրաժարվել Սովետական միության պայմանական իրավահաջորդ լինելուց ու որդեգրել Առաջին Հանրապետության իրավահաջորդություն. «Ինչի՞ մասին ենք խոսում, ի՞նչ սահմաններ, ի՞նչ ինքնիշխան տարածք: Մեր ինքնիշխան տարածքը 100 տարի առաջ ռազմակալվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից, պայմանագրով բաժան-բաժան է արվել: Մեզ շպրտվել է 29 հազար կմ2 վարչական տարածք, ու այսօր մենք Ստալինի գծած սահմանները մեզ համար համարում ենք սրբազան կով, դրա վրա կռիվ ենք անում ու դա համարում ենք Հայաստանի պետական սահմա՞ն: Որտե՞ղ են ՀՀ պետական սահմանները: Ի՞նչ է տեղի ունեցել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ արձանագրվել է Լավրովի պլան 1-ի ավարտը եւ մեկնարկ է տրվել Լավրովի պլան 2-ին»:
Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի մեղքը մյուսների մեղքից ավելի չէ, իր օրոք հանձնարարվեց ավարտին հասցնել այդ իրավաքաղաքական հայեցակարգի հիման վրա ու այդ համակարգի առաքելության վերջնական գործառույթը՝ խլել Արցախը, ոչնչացնել ՀՀ ինքնիշխանությունը. «Բոլոր ռեժիմները, նրանց արանքներում գործած քաղաքական ուժերը ծառայել են նույն նպատակին»:
Նա հորդորեց ինքներս մեզ չխաբել՝ տրեխային հայրենասիրությամբ 21-րդ դարում չենք կարող պետականություն ստեղծել. «Ազգովի պետք է լուծում գտնենք, մենք վերակենդանացման ու վերակենդանացնողի կարիք ունենք: Մեր ռազմավարական շահերն առաջին հերթին համընկնում են Արեւմուտքի կենտրոնների հետ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ