Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հստակ ասել՝ ռուսներ, ձեզ շատ ենք սիրում, բայց ափսոս, դուք ուրիշ բաներ եք սիրում, բացի արդարությունից, ձեզ պես դաշնակից մեզ պետք չի». Հայրիկյան

Մայիս 29,2021 17:18

«Ասում են՝ սա մեր ռազմավարական դաշնակիցն է: Քո ռազմավարական դաշնակիցը Թուրքիայի հետ պայմանագիր ունի քեզ մասնատելու, քեզ գերելու: Հայ ժողովրդի միասնական ջանքերով մենք 91-ին այդ խուժանանոցից դուրս եկանք՝ ճիշտ մտածող մարդկանց ներդրմամբ»,-այսօր «Սահմանային իրավիճակների լուծման հեռանկարները» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա ասաց, որ մարդիկ չէին հասկանում, որ Արցախը կորցնելու մեղավորը նա է, ում հետ հույս են կապում. «Հայաստանը պիտի միջազգային իրավունքի բոլոր հնարավորություններն օգտագործի: Ստալինը սահման է գծել, եւ մենք այդ սահմաններում բանակցություն ենք վարում, ասում ենք՝ լավ, սիրելի Ստալինի գծած սահմաններին մենք համաձայն ենք»:

Ըստ Հայրիկյանի, հարեւանների, համաշխարհային հանրության հետ խոսելիս պետք է մշտապես պահել արժանապատվությունը, ոչ թե ստորաքարշությամբ փորձել համակրանքի արժանանալ. «Տեսեք ընդդիմության դաշտում ինչով են առաջնորդվում՝ այնպիսի մարդու գտնենք, որ Ռուսաստանում ավելի լավ «սապոնվի»: Պիտի հակառակը լիներ, ՌԴ-ի հետ խոսում ենք՝ որպես բարեկամ՝ «գիտեք, մենք ձեզ հետ հույսեր էինք կապում, չեք կարողանում, երեւի խնդիրներ ունեք, շատ բարի, մենք այլ ելք ենք փնտրում: Հրապարակային պիտի խոսվի սրա մասին: Բայց սրանք՝ սկսած Լեւոնից մինչեւ Նիկոլ Փաշինյան, շողոքորթելու արվեստին պիտի տիրապետեն»:

Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ Հայրիկյանն ասաց. «ՀԱՊԿ չկա, կա ՌԴ: Կա այն ՌԴ-ն, որը Թուրքիայի հետ պայմանագիր է կնքել, հայերի հերն անիծել, պայմանագրին հավատարիմ է ու Հայաստանի այսօրվա սահմանները դրա հետեւանքներն են: Այնպես որ, ՀԱՊԿ-ի մասին խոսելիս պետք է հստակ ասենք՝ ռուսներ, ձեզ շատ ենք սիրում, բայց ափսոս, դուք ուրիշ բաներ եք սիրում, բացի արդարությունից: Ձեզ պես դաշնակից մեզ պետք չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31