«Եթե դուք նայեք Google map-ի քարտեզները, կտեսնեք, որ Հայաստանի եւ Նախիջեւանի ողջ երկայնքով Ադրբեջանը բազմաթիվ հատվածներում ներխուժել է ՀՀ տարածք եւ այդ վիճակը գոյություն ունի 30 տարի: Իրենց բոլոր դիրքերը մեր տարածքում են՝ սկսած Մեղրիի սահմանից գրեթե մինչեւ Երասխավան, մի հատված կա, որ հակառակ դրությունն է: Սա՝ ի գիտություն բոլորի, որ իմանաք: Սա վիճակ է, որը միշտ եղել է: Նույնը՝ Տավուշում»,-այսօր «Սահմանային իրավիճակների լուծման հեռանկարները» թեմայով հանրային քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց Անդրեաս Ղուկասյանը:
Նա ասաց, որ երբ իմացանք՝ մեր 6 զինվորներին գերի են վերցրել, ո՞վ է պատասխան տալու. «Վարչապետի պարտականությունն է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: Հայաստանը դրանից երբեք չի օգտվել ո՛չ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, ոչ պատերազմից հետո: Ես չեմ ուզում գնահատական տալ ինչո՞ւ, ժամանակը կանցնի, իրավապահ մարմինները կտան գնահատական: Հիմա գործողությունները շատ հստակ են, չի կարող մնալ անպատիժ: Մեր զինվորներին գերի են վերցրել, ո՞վ է պատասխանատու: Ադրբեջանին իմացանք, բայց մեր մոտ ո՞վ է պատասխան տալու՝ զորամասի հրամանատարը, որը սխալ որոշում է ընդունել, գնդի հրամանատարը, շտաբի պետը, կորպուսի հրամանատարը, որեւէ մեկը մի հատ տերեւ ծածանվե՞ց: Ոչ, 6 հոգի ընկան գերի, հետո՞, ոչ մեկ պատասխանատու չի, զինվոր սպանվեց, ոչ մեկը պատասխանատու չի, այդ զինվորներին փուռը տալով՝ մենք ուզում ենք ՀՀ սահմաննե՞րը պաշտպանել: Ով որ իր տեղում չէ, պետք է հրաժարական տա, պետք է վարույթներ հարուցվեն, այդ մարդիկ ենթարկվեն պատասխանատվության: Միայն այդպես երկաթյա ձեռքով հնարավոր է կարգուկանոն հաստատել երկրում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ