Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:
Հանդես գալով աղջիկների 81 կգ քաշային կարգում՝ Լիանան պոկում վարժությունում 98 կգ արդյունքով արժանացավ փոքր արծաթի, հրումում գլխավերեւում պահեց 125 կիլոգրամը՝ դառնալով փոքր ոսկե մեդալակիր եւ երկամարտի 223 կիլոգրամով նվաճեց այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Մրցաշարին ուղիղ հեռարձակմամբ հետեւողներին տեղեկացնենք, որ այս քաշային կարգի խմբի հետ հանդես էր գալիս նաեւ կոլումբիացի Վալերի Ռիվասը, որի ցույց տված արդյունքներն անհամեմատ բարձր էին: Սակայն վերջինը արդեն այս տարիքային խմբում չէ եւ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի թույլտվությամբ հանդես էր գալիս հաշվարկից դուրս: Հաշվի էր առնվել, որ Ռիվասը COVID-ի պատճառով անցած տարի չէր կարողացել մասնակցել մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ