Արդեն մեկ տարի է, ինչ Դիլիջանի քաղաքային զբոսայգում գործում է «Վերև» պարանայգին։
Դիլիջանի զարգացման ծրագրի մարքեթինգի և հաղորդակցության մենեջեր Շողիկ Թադևոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պարանայգին ոչ միայն նպաստում է տուրիզմի զարգացմանը Դիլիջանում, այլ նաև կազմակերպում է հատուկ միջոցառումներ հենց դիլիջանցի փոքրիկների համար։
«Արդեն մի տարի է՝ գործում է պարանայգին, և այս ընթացքում այգին ոչ միայն արդարացրել է իր սպասելիքները՝ նպաստելով Դիլիջանում տուրիզմի զարգացմանը, այլ նաև կազմակերպվում է հատուկ միջոցառումներ հենց Դիլիջանի փոքրիկների համար։
Օրինակ դիլիջանցի փոքրիկների համար գործում է հիսուն տոկոս զեղչ, կամ տոն օրերին ունենում ենք դիլիջանցի երեխաների համար անվճար այցելություններ»,-նշեց Շողիկ Թադևոսյանը։
Կարդացեք նաև
Թադևոսյանի խոսքով՝ Դիլիջան եկողների համար, որոնք փնտրում են այլընտրանքային հանգիստ, «Վերևը» հրաշալի տարբերակ է՝ նաև ամբողջ ընտանիքի համար, քանի որ այնտեղ կարող են տարբեր զբաղմունքներ գտնել ընտանիքի բոլոր անդամները.
«Դիլիջանի համայնքային կենտրոնի աջակցությամբ «Վերևի» ծննդյան տարեդարձին կազմակերպվեցին մի շարք խաղեր և մրցույթներ, որոնց մասնակցում էին նաև Դիլիջանի և հարակից տարածքների երեխաները։ Ակտիվությունների մեծ մասը նաև արվեստին էր վերաբերվում՝ ինչպես օրինակ մոլբերտի վրա նկարչություն կամ թղթե հուլունքներով զարդերի պատրաստում, փայտերի վրա նկարչություն»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ