Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսելով շրջանառվող աղմկահարույց փաստաթղթի մասին, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, ասաց. «Մեր զինվորներին գերեվարել են, այլ ոչ թե առեւանգել: Ասելով՝ առևանգել են՝ մեր իշխանությունները փորձ են անում մեղմացնել այն, ինչ կատարվել է: Իրականում թշնամին մտել է Հայաստանի Հանրապետության տարածք եւ փաստացի գերեվարել է մեր զինվորներին:
Ինչ վերաբերում է այն փաստաթղթին, որի մասին Նիկոլ Փաշինյանն ասում է, թե այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին, եւ որ ինքն այդ փաստաթուղթը ստորագրելու է, ոչ միայն ես, այլեւ ընդհանրապես միջազգային փորձագետները կարծում են, որ այն 100 տոկոսանոց հակահայկական փաստաթուղթ է եւ դա 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ հակաիրավական փաստաթղթի տրամաբանական շարունակությունն է: Որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խունտան, որ փաստացի ընկել է ադրբեջանաթուրքական իշխանությունների թակարդը, այլ տարբերակ չունի, քան շարունակել այն գործընթացը, ինչը սկսել է 2020 թվականին:
Այդ փաստաթուղթը ազգային մտածողություն ունեցող որեւէ իշխանություն չպետք է ստորագրի: Ավելին, առաջիկա տարիներին Հայաստանը եւ Ադրբեջանը սահմանազատման, սահմանագծման որեւէ փաստաթուղթ չպետք է ստորագրեն, որեւէ գործընթաց չպիտի անեն: Շատերը կհարցնեն, թե այս անորոշությունը, անկայունությունը կարո՞ղ է հավերժ շարունակվել: Չի կարող: Բայց 1990-ականներին, երբ մենք հաղթանակ տարանք Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանի գլխավոր խնդիրն էր՝ հնարավորինս ձգձգել որեւէ իրավական փաստաթղթի ստորագրում: Այդպես էլ եղավ: Սահմանների, տարածքների հետ կապված որեւէ իրավական փաստաթուղթ Ադրբեջանի հետ չենք ստորագրել:
Ինչո՞ւ: Որովհետեւ Ադրբեջանին պետք էր ժամանակ շահել, որպեսզի կարողանան «Դարի գործարքը» կնքել: Խոսքը նավթային պայմանագրի մասին է: Որպեսզի կարողանա Հայաստանի համար ստեղծել տնտեսական եւ բազմաթիվ այլ խնդիրներ եւ ի վերջո, ինքը հասնի այն մակարդակի, որ կարողանա պատերազմով գրավել Արցախը: Ադրբեջանը հասավ դրան: Հասավ Հայաստանի շրջափակմամբ, իր զորքի հզորացումով, Թուրքիայի աջակցությամբ եւ, ի վերջո, գործարքի մեջ մտնելով Հայաստանում պատեհապաշտների մի իշխանության հետ, որը մտածում է՝ այսօր լավ լինի, թքած թե վաղը ինչ կլինի: Հիմա մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի նույնպիսի գործընթաց մենք անենք»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ