Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մի քանի քաղաքական ուժեր պատգամավորների գրանցման փաստաթղթերում թերություններ են ունեցել ու ԿԸՀ-ն 48 ժամ է տվել՝ դրանք վերացնելու համար:
Մասնավորապես, թերություններ եղել են «Պատիվ ունեմ» դաշինքի, «Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի, «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի, «Հանրապետություն», «Արդար Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Համահայկական ազգային պետականություն», «Հայոց հայրենիք», «Ազգային օրակարգ», «Քաղաքացու որոշում», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «Միասնական հայրենիք», «Լուսավոր Հայաստան», «Ազատություն», «Հայ ազգային կոնգրես», «Ինքնիշխան Հայաստան», «Զարթոնք», ՀԴԿ կուսակցությունների փաստաթղթերում:
«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքում թեկնածուներից մեկը չի ներկայացրել վերջին 4 տարում ՀՀ-ում բնակվելու փաստաթուղթը, մեկն էլ չի ներկայացրել հայերենին տիրապետելու մասին հավաստող փաստաթուղթը:
«Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի վերաբերյալ փաստաթղթերում չնայած այս տարվա մայիսի 25-ին տրված տեղեկանքով ներկայացրել է, որ վերջին 4 տարում հանդիսացել է միայն ՀՀ քաղաքացի ու վերջին 4 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում, բայց մայիսի 28-ին ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը գրություն է ուղարկել ԿԸՀ-ին, որ Միհրան Պողոսյանի՝ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու մասին տեղեկանքը պետք է անվավեր ճանաչել:
Կարդացեք նաև
ԿԸՀ-ն արձանագրեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի այդ թեկնածուն չի ներկայացրել պահանջվող տեղեկանքը, ինչպես հարկն է:
ԿԸՀ-ն այս դեպքում էլ դաշինքին տվեց 48 ժամ՝ փաստաթուղթը լրացնելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ