«Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սյունիքի, ապա Գեղարքունիքի մարզերում իրադարձությունները զարգացան ՌԴ արտգործնախարարի՝ Բաքու այցելության հաջորդ իսկ օրը եւ ՌԴ-ում ՀԱՊԿ-ի արձագանքի դեֆիցիտը մի քիչ տարօրինակ է: Որքանո՞վ Հայաստանը կարող է համարել, որ ունի հուսալի դաշնակից ՌԴ-ի կամ ՀԱՊԿ-ի տեսքով»,- այսօր «Սահմանային իրավիճակների լուծման հեռանկարները» թեմայով հանրային քննարկմանը բացման խոսքում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունից Ժուրեմ Պողոսյանն ասաց, որ սահմանում մեծածավալ խնդիրներ կան, պրիմիտիվ հարցերը լուծվում են քաղաքացիների շնորհիվ, բայց ինստիտուցիոնալ խնդիրներ ունենք: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, նա ասաց, որ ողջ գործունեության ընթացքում աչքի չի ընկել անվտանգությունը պաշտպանելով առնվազն այնպես, ինչպես հայ հանրությունն է սպասում, այն գրեթե ոչինչ չի տալիս ու պետք է մտածել երկարաժամկետ կտրվածքով նոր դաշնակիցներ գտնելու մասին:
Նույն կուսակցությունից Ավետիս Ավետիսյանն ասաց, որ դիրքերում են եղել մեկ շաբաթ առաջ, նոր են հերթափոխ արել ու գնահատեց. «Վիճակը ծայրաստիճան վատ է՝ բարոյահոգեբանականից մինչեւ նյութատեխնիկական: Մարդիկ 21-րդ դարում հերթափոխ են իրականացնում սահմանում 1914թ.-ի տեխնոլոգիաներով ու մեթոդներով: Դիրքերը, որ 94-ի զինադադարից հետո մնացել են, գրեթե բան չի փոխվել: Պոստում կանգնած տղաների միջոցներով կառուցվել են մեկ-երկու բլինդաժի նման, եթե կարելի է ասել, շինություններ, որոնք անարդյունավետ են: Այդ բլինդաժների անարդյունավետ լինելը ցույց տրվեց նաեւ Արցախում: Պետք է սկսել դիրքապահների բարոյահոգեբանական վիճակը շտկելու հարցից: Մեր զորքի բարոյահոգեբանական վիճակը ծայրաստիճան վատ է, իշխանությունները, ցավոք, քայլ չեն ձեռնարկում: Դիրքապահները գերհոգնած են, փոխարինող չկա, հերթափոխ չկա: Ես որ սա ասում եմ՝ Սիսիան, Գորիս, Վարդենիսի հատվածում չեմ եղել: Չնայած եղել եմ նաեւ Սիսիանի, Գորիսի, Իշխանասարի, Վարդենիսի կողմերը, Վերին Շորժա, զինվորներն ուղղակի քնում են արշավային ամառային վրանների մեջ, իսկ Վերին Շորժան բարձր լեռնային գոտի է, ահավոր ցուրտ»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ դիրքերում չկա հոսանք. «Մարդիկ հասարակ զուգարան գնալուց զրկված են, չկա: Ամոթ է ուղղակի, մարդու արժանապատվությունը խոցված է: Չունենք տեսախցիկներ: Հոսանքի եղածն ի՞նչ է, որ չունենք, 28 տարում չենք կարողացել հոսանքով ապահովել: Ձմեռը եկավ, էդ մարդիկ ասում են՝ ոտքով ենք 18 կմ-ից շալակած բերում մեր վառելիքը, ուտելիքը, ոչ մի տեխնիկա չի կարողանում գնա, ոչ մի պաշտպանվածություն: 200-300 մետր մի գծով խրամատ են սարքել, մի հատ ական ընկավ՝ ինչքան մարդ կվիրավորվի»:
Նա ասաց, որ իրենք ծրագիր են կազմել ու հրավիրում են քննարկման, գոնե այս փուլում զորքի հերթափոխի հարցը լուծեն, գերհոգնած է:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով մեր բանակի վիճակը, ոգեւորված պատմում էր, թե Մեղրիի զորամասում մի մեծ կաթսայով լիքը պոմիդոր-վարունգ է եղել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ