ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2015- ին հրատարակել է Համո Սուքիասյանի եւ Կարեն Խաչատրյանի «Հայ-ադրբեջանական տարածքային-սահմանային խնդիրները Անդրկովկասյան Դաշնության օրոք» (1922-1936 թթ.), «Հայոց պատմության հարցեր (գիտական հոդվածների ժողովածու)», N 16, էջ 222-266) աշխատությունը, ինչպես նաեւ՝ Համո Սուքիասյանի, Կարեն Խաչատրյանի, Գեղամ Բադալյանի «Խորհրդային Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի տարածքային կորուստները 1920-1930-ական թվականներին» 160 էջանոց գիրքը, որ շուտով լույս կտեսնի անգլերենով նաեւ:
«Բավական օգտակար են» վերոհիշյալ հրատարակությունները գնահատեց պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ հավելելով, թե մի տասն օրից լույս կտեսնի Ազգային արխիվի նախկին աշխատակից Ռոժենտ Գրիգորյանի «Հայկական տարածքների նոր կորուստ՝ «պրոլետարական ինտերնացիոնալիզմի ու ժողովուրդների բարեկամության դրոշի» ներքո» գրքույկը, որի նյութը տպագրվել է 1994 թվականին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Պատմության ինստիտուտի ղեկավար Աշոտ Մելքոնյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ:
– 1920-30 ական թվականներին, երբ Խորհրդային Հայաստանը գտնվում էր Անդրդաշնության մեջ, 1922 թվականի մարտի 12-ից մինչեւ 1936 թվականի դեկտեմբերի 5-ը, տեղի ունեցան սահմանային բազմաթիվ վերաձեւումներ: Անդրդաշնությունը 3 նախկին հանրապետություններից բաղկացած մեկ դաշնային հանրապետություն էր, որտեղ եղանակ էին ստեղծում ադրբեջանցիները եւ վրացիները, իսկ Հայաստանը, լինելով ավելի փոքր եւ թույլ, բնականաբար չէր կարողանում դիմադրել ադրբեջանա-վրացական տանդեմին եւ սահմանային վերաձեւումների հարցում միշտ ունենում էր տարածքային կորուստներ:
Օրինակ 1920-ականների կեսերից վերաձեւումներ եղան, որի պատճառով կորցրինք Կապանի շրջանի 2,5 տասնյակի չափ գյուղեր՝ողջ արեւելյան հատվածը հայտնվեց հարեւան հանրապետության կազմում: Հիմա դրանք Կապանի շրջանի մաս չեն կազմում: Վերաձեւումների արդյունքում մինչեւ 1930 թվականը կորցրինք նաեւ Վարդենիսի շրջանի Լճերի տարածքը, որ ելուստի նման խրված է Խորհրդային Հայաստանի, հիմա էլ՝ ՀՀ-ի տարածքի մեջ: Խնդիրը, թե քոչվորները չունեն համապատասխան տարածքներ, արոտատեղիներ իրենց անասունների համար, դրվում էր Կենտգործկոմի նիստին, եւ հակառակ Հայաստանի բողոքներին (մեր ազգային արխիվում կան բազմաթիվ փաստաթղթեր, որտեղ գյուղացիներից սկսած մինչեւ իշխանության ավելի բարձր մարմիններ բողոք են ներկայացրել վերաձեւումների վերաբերյալ), խնդիրը լուծվել է հօգուտ Ադրբեջանի:
Կարդացեք նաև
Անկլավային այս գյուղերի խնդրին անդրադառնալով պարզաբանենք, որ սկզբում դրանք ճանապարհներով միացած էին հանրապետություններին, հետո ճանապարհներն էլ վերացվեցին, ու դրանք մնացին անկլավների մեջ, կղզյակներում, ինչպես Արծվաշենն է: Սկզբնական շրջանում նա ուներ ընդհանուր ճանապարհ Խորհրդային Հայաստանի հետ, բայց հետո այդ ընդհանուր ճանապարհը վերացվեց, տրվեց Ադրբեջանին, եւ Արծվաշենը դարձավ կղզյակ՝ ադրբեջանական շրջանի մեջ, նույնը եղավ հակառակ հատվածում՝ Արարատի շրջանի Տիգրանամուտ (Քյարքի) գյուղի հետ, նույնը՝ Տավուշի շրջանի Բարխուդարլուի, Ասքիպարի եւ մի քանի այլ գյուղերի հետ:
Արցախյան պատերազմի սկզբնական շրջանում այդ գյուղերը հայտնվեցին Հայաստանի վերահսկողության ներքո եւ հայկական գյուղերից էլ Արծվաշենը, որ բավական մեծ էր, հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո 1992 թվականի օգոստոսի սկզբին: Կողմերի միջեւ կարծես բանավոր համաձայնություն էր ձեռք բերվել այդ անկլավներից երկուստեք հրաժարվելու մասին, քանի որ այդտեղ սահման պահելը գործնականում անհնարին էր: Ադրբեջանը օգտվելով իրավիճակից, նորից օրակարգ բերեց դա, եւ 2020- ի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության նախնական տարբերակում կար նաեւ Տավուշի շրջանի գյուղերն իրենց փոխանցելու կետը:
– Բայց դա հանվեց, այդպես չէ՞:
– Այո, վերջին պահին հանվեց, երեւի հայկական կողմը դիմադրել էր կամ ռուսական կողմն էր միջնորդել, դժվարանում եմ ասել, բայց փաստը մնում է փաստ, որ ադրբեջանական կողմը դեռ այն ժամանակ էր փորձում այդ գյուղերին տեր դառնալ, բայց խոշոր պատառը ստանալու պարագայում համարեց, որ այն առժամանակ կարելի է զիջել, հետո անդրադառնալ:
Երբ հայկական կողմից պաշտոնյաները հայտարարում են այն մասին, որ քարտեզներով ադրբեջանական տարածքներ` անկլավներ կան Հայաստանի վերահսկողության ներքո, դրանով հուշում են, որ ստորագրելիք հեթական խայտառակ փաստաթուղթը իր մեջ պարունակում է հերթական զիջումն ադրբեջանական կողմին, որ անթույլատրելի է: Եվ ընդ որում զարմանալին այն է, որ մի կողմից խոսվում է Տավուշի գյուղերի եւ Արարատի մարզի` պայմանականորեն վերադարձվելիք գյուղերի մասին, չի խոսվում Արծվաշենի մասին: Նշանակում է իրենք ոչինչ չունեն մեզ տալու, միայն մենք ենք վերադարձնելու: Այս տեսանկյունից էլ մեր մոտեցումը պարտվողական է եւ անընդունելի:
– Բայց Փաշինյանը ակնարկեց, թե մենք էլ Արծվաշեն ունենք, որի տարածքը մեծ է:
– 6-7 փոքր գյուղերը՝գյուղակներով հանդերձ, եթե փոխանակությամբ այդ գյուղերը հանձնենք, Արծվաշենը ստանանք, տուժելու ենք միանշանակ: Արծվաշենը մեր սուրբ տարածքներից մեկն է, բայց այդ գյուղը ստանալով, ռազմավարական ճանապարհների իմաստով այն նույն շահեկան վիճակում չենք հայտնվի, ինչ Ադրբեջանը: Որովհետեւ Տիգրանամուտի դեպքում Ադրբեջանը ամբողջապես վերահսկողության տակ է վերցնում դեպի Վայք, Սյունիք, Արցախ գնացող ռազմավարական ճանապարհը, իսկ մյուս կողմից էլ՝ Իջեւանի շրջանից կամ Տավուշի մարզից դեպի Լոռի եւ Վրաստան տանող ճանապարհը Ասքիբար գյուղի, Բաղանիսի հատվածում թշնամուն հանձնելու պարագայում, Ադրբեջանը դա էլ կվերահսկի: Այսինքն ռազմավարական նշանակություն ունեցող երկու ճանապարհներ եւ տարածքային առումով ավելի մեծ տարածքներ հայտնվում են թշնամու ձեռքում, ինչն անթույլատրելի է:
Եթե մենք ունենք իշխանություն, կամք, պետականություն, պիտի միանշանակ ընդդիմանանք սրան: Այս ամբողջն արվում է այն նպատակով, որ մենք գնանք դելիմիտացիայի, դեմարկացիայի, որով փաստորեն մենք դե յուրե կարձանագրենք Ադրբեջան- Հայաստան պետական սահմանը, դեպի արեւելք ընկած տարածքը մեխանիկորեն կճանաչենք որպես Ադրբեջանի տարածք: Խոսքը Արցախի Հանրապետության մասին է: Այս ամբողջը մտածված` ամիսներ, տարիներ շարունակ ծրագրված նախագիծ է, որ այսօր Ադրբեջանը կյանքի է կոչում, որին մենք, ցավոք սրտի, չենք հակազդում:
– Պարոն Մելքոնյան, սովորաբար ակադեմիան՝ նրա մեջ մտնող ինստիտուտները խորհրդատվական ծառայություն են մատուցում կառավարությանը: Այս դեպքում տվյալ խնդրի առիթով վերջինս դիմե՞լ է ԳԱԱ պատմության ինստիտուտին:
– Պետական մակարդակով դա տեղի չի ունենում, այլ՝ անհատական կարգով: Ժամանակին նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, պաշտպանության նախարարության գլխավոր շտաբը դիմեց մեզ քարտեզների հարցով, բավականաչափ օգտակար եղանք, հաճախ զինվորականների հետ հանդիպում էինք: Հանդիպումներ ունեցանք նաեւ արտգործնախարարության համապատասխան բաժնի հետ, որ պրոֆեսոր Արսեն Ավագյանն է գլխավորում: Նրանց հետ էլ քարտեզներ փոխանակեցինք:
Ընդհանուր նիստեր գումարեցինք՝ դելիմիտացիայի հետ կապված: Դելիմիտացիան կարեւոր է, քանի որ պարզում է, թե ինչ փաստաթղթեր են պետք, հետո երբ կողմերը համաձայնության գան փաստաթղթերի շուրջ, դեմարկացիան կհետեւի դելիմիտացիային: Այդպիսի շփում եղել է, բայց որ պաշտոնապես գրավոր մեզ դիմեն, որ իրենց օգնենք, դեռ չի եղել: Մեր խղճի թելադրանքով նման փորձ արել ենք, հեռուստատեսությամբ, մամուլով անընդհատ խոսում ենք դրա մասին: Մեզ հետ միասին գործում է հայտնի քարտեզագիր Ռուբեն Գալչյանը: Քարտեզներ պատրաստեցինք, Եվրոպա, ԱՄՆ ուղարկեցինք, Արցախի քարտեզները մինչեւ 1991 թվականը, դրանից հետո, այնուհետ 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարից հետո եւ նոյեմբերի 9-ի ստեղծված վիճակով քարտեզներ նույնպես տրամադրեցինք:
Հարցազրույցը վարեց Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում