«Էրիկը եւ Էմիլը սովորել են իմ դասղեկական դասարանում։ Մեծ կապվածություն կար նրանց հետ։ Ցավոք, չհասցրին իրենց ուսումը շարունակել։ Միշտ կապի մեջ էինք, զանգում ու կիսվում էին, պատմում իրենց նպատակների մասին։ Էմիլը թատերական ինստիտուտ էր ցանկանում ընդունվել եւ ասում էր, որ ծառայության ժամանակ շատ գրքեր էր կարդում։ Մի անգամ զանգեց ու հարցրեց, թե դպրոց թուղթ չի հասե՞լ, զարմացա եւ հարցրի` ի՞նչ թուղթ, ասաց` տեսեք ինչ պարգեւատրում ունեմ։ Այդ խոսակցությունից հետո անհամբեր սպասում էի դրան, բայց այդ ժամանակ էլ Էրիկը զոհվեց։ Սպասում էի, որ գոնե Էմիլը կգա, բայց լուր եկավ, որ նա էլ է զոհվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Հայ-չինական բարեկամության դպրոց-հիմնադրամի փոխտնօրեն Նելի Խաչատրյանը։
Զոհված զինվորներ` Էրիկն ու Էմիլը սովորել են Հայ-չինական բարեկամության դպրոցում: Երեկ այդ դպրոցում տղաների անունով դասասենյակ բացվեց։ Եկել էին դպրոցի շրջանավարտները, տղաների դասընկերները, ընկերները, հարազատները, դպրոցի ուսուցչական, աշակերտական կազմը։ «Ուզում էինք մի բան կազմակերպել նրանց համար, մեր նկարչության ուսուցչուհուն խնդրեցինք նրանց դիմանկարներն անել, որի համար դա խնդիր չէր, բայց երկար ժամանակ պահանջվեց կենտրոնանալու եւ դա անելու համար։ Նույնիսկ դասասենյակի համար ցուցանակի պատվերը դժվարությամբ արեցի, չէի կարողանում զանգահարել եւ պատվիրել։ Դասարանի կորիզն էին, լիդեր։ Կռվի ընթացքում նրանց արած սխրանքների մասին պատմում են իրենց զինընկերները, հպարտություն ենք զգում, բայց ոչինչ էլ հետ չենք բերի։ Շատ դժվար է իրականում ինձ խոսել այս մասին»,-ասաց Նելի Խաչատրյանը, որը նաեւ նրանց դասղեկն է եղել։
Զոհված շրջանավարտների մասին տեսանյութ ցուցադրվեց: Դպրոց-հիմնադրամի դաստիարակչական գծով պատասխանատու Անի Սաֆարյանն ասաց, որ տեսանյութը պատրաստվել է 6-ի «գ» դասարանի աշակերտ Արսեն Վարդանյանի շարադրության հիման վրա: Նրա խոսքով, աշակերտները պետք է գրեին ստեղծագործություններ` «Խոնարհումս, հա՛յ զինվոր» վերնագրով եւ հաղթող ճանաչված շարադրության հիման վրա Եռաբլուրում, տղաների շիրիմների մոտ էլ նկարահանվել է տեսանյութը, որտեղ ներկա են եղել դպրոցի աշակերտները:
«Նա ոչ միայն որդի էր, այլեւ լավ ընկեր, լավ մարդ, լավ տղա։ Սիրում էր կյանքում ճիշտն ու մաքրությունը, հայրենասեր էր, ընկերասեր, շրջապատում նրան սիրում եւ հարգում էին։ Իր այս 19 տարվա ապրած կյանքում` թողեց 70 տարվա լավ հուշ։ Շատերը փորձում են նմանվել նրան, նմանվել, որպես լավ մարդ։ Լավ էր ծառայում, նվիրված էր հայրենիքին։ Պատերազմի ժամանակ հաճախ էինք խոսում, միշտ ժպտում էր, կատակներ անում։ Իրենց սպաներից ինձ զանգում՝ երբեմն բողոքում էին, բայց երբ սկսվեց պատերազմը` մի օր իրենց սպան զանգեց ու ասաց, որ այս անգամ չի զանգել բողոքելու համար, այլ նրա, որ ասի` մի հերոս տղա ունես, որն արդեն շատ տղաների կյանք է փրկել»,-մեզ հետ զրույցում պատմեց Էմիլի հայրը` Վարուժան Շաղոյանը։ Պատերազմից առաջ Էմիլը կրտսեր սերժանտ է եղել, գումարտակի հրամանատարի օգնականը, 20 հոգանոց ջոկատի հրամանատար։
Կարդացեք նաև
«Էրիկն իմ երջանկությունն էր, իմ ուժը: Ինձ շունչ ու ուժ էր տալիս ապրելու, պայքարելու ու արարելու: Տանս լույսն ու ջերմությունն էր: Անսահման բարի ու ժպտերես։ Ինձ ասել էր, որ չի թողնի լաց լինեմ, որ արցունքներս հայոց հողից թանկ են։ Ասում էր` հավատամ, աղոթեմ, որ աղոթքներս իրեն պահեն: Մի անգամ էլ իր ընկերներից մեկն ասաց, որ այս կռիվը Էրիկիս արժանապատվությունն էր, պատիվը, եսը, ինքնասիրությունը, որ շուն թուրքը հանկարծ չբացի իր տան դուռը»,- ասում է Էրիկ Եղիազարյանի մայրը` Անուշ Սահակյանը։ Բանակ գնալուց առաջ ընկերներով հավաքույթ են կազմակերպել, որի ժամանակ Էրիկը սկսել է արտասվել: Երբ ընկերները զարմացած հարցնել են` ի՞նչ է պատահել, Էրիկը պատասխանել է, որ չի լացում նրա համար, որ գնում է ծառայության, այլ նրա, որ իրենց մենակ է թողնում: Այդ ժամանակ ընկերները չեն հասկացել Էրիկի խոսքերը, միայն հոկտեմբերի 8-ից հետո այդ խոսքերը դարձան ավելի զորեղ ու ցավոտ:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.05.2021