Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարել էր երկու անչափահաս որդիների ներկայությամբ

Մայիս 29,2021 14:00

Ամբաստանյալ Արմեն Մնացականյանը դատաքննության ժամանակ պատասխանելով դատավարության կողմերի հարցերին՝ հայտնել էր, որ 2020 թվականի հունվարի 1-ին եղել է իրենց տանը, ժամը 7:30-ի սահմաններում տնից դուրս է եկել: Հունվարի 1-ին հանդիպել էր տուժող Ռոբերտ Փափազյանին:

Տուժող Ռոբերտ Փափազյանը ցուցմունք էր տվել, որ դեպքի օրը գնացել էր իր մորաքրոջ տուն՝ Նոր տարին շնորհավորելու, տաքսի էր կանչել, դուրս է եկել, որ նստի տաքսի: Ամբաստանյալի հետ միմյանց շնորհավորել են, չի հիշում կոնկրետ ինչպես «հրմշտոց» է սկսվել, հայտնվել է հիվանդանոցում, չի էլ հիշում, թե ինչպես է հիվանդանոց գնացել: Հրմշտոցից հետո իրեն ամբաստանյալը, երեւի, հարվածել է, ինքն ընկել է: Կոնկրետ չի հիշում, դրա համար չի կարող ասել: Մեղադրանքի կողմի համաձայն, Արմեն Մնացականյանը 2020 թվականի հունվարի 1-ին, ժամը 20:30-ի սահմաններում, Սարի Թաղի 3-րդ շարքի 1-ին տան դիմաց վիճաբանել է Ռոբերտ Փափազյանի հետ, որի ժամանակ ձեռքով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին, ինչից Ռոբերտ Փափազյանը ընկել է նույն հատվածում գտնվող մեքենաների թափոնների վրա, որից հետո իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին` որովայնի, լյարդի եւ ստամոքսի վնասումներ, դեմքի ձախ կեսի, պարանոցի, ձախ ուսահոդի կտրած-ծակած վերքեր, տուժողի առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Վերաքննիչ քրեական դատարանում մայիսի 26-ին դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ շարունակվեց տուժողի ներկայացուցչի բողոքի քննությունը: Այն կներկայացնենք «Առավոտի» առաջիկա համարում, պահանջը մեկն է. բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ ամբաստանյալի նկատմամբ հոդվածի սանկցիայի սահմաններում նշանակել պատիժ` առանց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման:

Երեւան քաղաքի դատավոր Վ. Մելիքյանի դատավճռով՝ Արմեն Մնացականյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ Արմեն Մնացականյանին պարտավորեցնելով չփոխել բնակության վայրը:

Արմեն Մնացականյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփող մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31