Ըստ հեղինակավոր The Gaurdian պարբերականի՝ 2017-20թթ. աշխարհում ամենակատարված կոմպոզիտորների տասնյակում են Մոցարտը, Բեթհովենը, Բախը, Բրամսը, Շուբերտը, Չայկովսկին, Հայդնը, Շումանը, Հենդելը, Ռավելը։ Իհարկե, ցանկալի էր այս տասնյակում տեսնել Արամ Խաչատրյանի անունը, բայց մեզ մխիթարենք նրանով, որ Չայկովսկու նման մեծությունը ընդամենը 6-րդն է։
Ռուսական որոշ պարբերականներ, այդ թվում՝ մասնագիտական, պնդում են, թե Չայկովսկու անունը պետք է զբաղեցներ ավելի վերին հորիզոնական։ Ի դեպ, Չայկովսկու ծննդյան 180-ամյակը, համավարակով պայմանավորված, հավուր պատշաճի չնշվեց աշխարհում, իսկ Ռուսաստանը տարեսկզբից ողողված է նրա երաժշտությամբ։
Այս օրերին երեւանյան հայտագրերից մեկը երաժշտասերին հրավիրեց «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ «Նվիրում Չայկովսկուն» խորագրով համերգի։ Նախաձեռնությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբինն էր (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան)։ Թերեւս, մեր երաժշտական կյանքում առաջին անգամ կայացավ մի երեկո, որի ընթացքում հնչեցին տարբեր հեղինակների կամերային ստեղծագործություններ, այդ թվում՝ հայ, որոնք գրվել են ոգեշնչված Չայկովսկու արվեստով։ Համերգին մասնակցեցին ճանաչված երաժիշտներ՝ ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը եւ ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներից կազմված կամերային նվագախումբը։
«Առավոտը» զրուցեց մենակատար երաժիշտների հետ, որոնք դեռեւս 2020թ., համավարակի պայմաններում հանդես եկան մենահամերգով, այդպիսով առաջին անգամ զուգանվագով դուրս գալով վիրտուալ հարթակ, ինչը, փաստորեն, սկիզբ դրեց Անուշ Նիկողոսյան-Հայկ Մելիքյան դուետի շարունակական ելույթների։
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում Հայկ Մելիքյանն ասաց. «Ամեն բան սկսվեց «Խաչատրյան» համերգասրահի պատերի ներսում։ Երկուսս էլ տարբեր պատրվակներով հանդիպումների ժամանակ սկսեցինք խոսել աշխարհայացքային հարցերի շուրջ։ Խիստ կարեւոր է գործընկերոջ հետ կիսել ոչ միայն բեմը, այլեւ արժեքներ ու սկզբունքներ եւս։ Այդ մտորումները վերածվեցին համագործակցության։ Առաջին անգամ Անուշն ու ես հանդես ենք եկել 2017թ., Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ Համոզված եմ, որ Անուշն էլ նույն կարծիքին կլինի. դա իսկապես ոգեշնչող համագործակցության սկիզբ էր, որը հետագա տարիներին գաղափարների ու նոր նախագծերի իրականացման հիմք հանդիսացավ։ Օրինակ, անցյալ տարվա դեկտեմբերին վիրտուալ հարթակում ներկայացրինք Շումանի երաժշտությունը՝ կոմպոզիտորի ծննդյան 210-ամյակի առիթով։ Տարեսկզբին էլ դարձյալ հանդես եկանք միասին, մեզ միացավ նաեւ բելգիաբնակ թավջութակահար Սեւակ Ավանեսյանը»։
Անդրադառնալով Չայկովսկուն նվիրված երեկոյին, մեր զրուցակիցը հավելեց. «Ինչպես գիտեք, անցյալ տարի կոմպոզիտորի հոբելյանն էր եւ բազում ողբերգական իրադարձությունների համատեքստում հավուր պատշաճի չկարողացանք անդրադառնալ մեծ մելոդիստի երկերին»։
Անուշ Նիկողոսյանն էլ փաստեց, որ կայացած համերգում, այլ գործերի թվում հնչել է նաեւ Չայկովսկու՝ կամերային ժանրում թողած եզակի գլուխգործոցը՝ «Հիշողություն Ֆլորենցիայից» լարային սեքստետը (մենակատար՝ Անուշ Նիկողոսյան)։ Հետաքրքրությանը՝ ի՞նչն է ճանաչված երաժիշտների համար կարեւոր կամերային անսամբլի հետ հանդես գալիս՝ բացի սոլո ելույթներից, երկուսից էլ ստացանք հետեւյալ պատասխանը՝ կամերային անսամբլում շատ են սիրում երաժշտություն ստեղծելու ընթացքը, երբ փորձերի ժամանակ հնարավորություն է ընձեռվում մանրակրկիտ աշխատել ամեն ֆրազի վրա, երաժիշտների հետ քննարկել յուրաքանչյուր մանրուք, իսկ որ ամենակարեւորն է՝ միմյանց հասկանում են առանց խոսքի։
Ջութակահարուհին մտաբերեց, որ «Հիշողություն Ֆլորենցիայից» լարային սեքստետը լսել է շատ տարիներ առաջ, Գերմանիայում՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարած «Սերենադ» կամերային նվագախմբի մեկնաբանմամբ. «Պարզապես սիրահարվեցի այդ ստեղծագործությանը ու երազում էի այն կատարել։ Ընդ որում, այդ երկը՝ առաջինից մինչեւ վերջին նոտան, հագեցած է թե տեխնիկապես, թե երաժշտական առումով։ Լայն ընթերցողի համար նշեմ, որ Չայկովսկին մեծ պահանջներ է դրել բոլոր գործիքների առջեւ»։ Դաշնակահարն էլ միջամտելով տեղեկացրեց, որ հիշյալ ստեղծագործությունը իրենք համավարակի բուռն օրերին տեսագրել ու ձայնագրել են։
Անդրադառնանք նոր-նոր կարիերա սկսած կոմպոզիտոր Արեգ Գալոյանի «Dom N13» ստեղծագործությանը, որը հնչել էր կայացած երեկոյին՝ Անուշ Նիկողոսյանի եւ Հայկ Մելիքյանի կատարմամբ։ Ինչպես նշել ենք, հեղինակն այն գրել է Չայկովսկու արվեստով ոգեշնչված։ Գործի կատարումը համաշխարհային պրեմիերա էր։ Գնահատականները թողնելով մասնագետներին, նշենք միայն, որ հանդիսատեսի կողմից գործը ընդունվեց բուռն ծափողջույններով, նույնիսկ հնչեցին բրավոներ։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Անուշ Նիկողոսյանը եւ Հայկ Մելիքյանը։
«Առավոտ» օրաթերթ
28.05.2021