Լրահոս
Օրվա լրահոսը

Նա կշարունակի ապրել մեր հուշերում

Մայիս 29,2021 13:00

Մեզ պատուհասած համավարակը, ցավոք, չխնայեց նաեւ «Նորք» հեռուստատեսության մեր սիրելի գործընկերուհի Մարիետա Շմավոնյանին:
Նա հայկական հեռուստատեսության լավագույն ռեժիսորներից էր, իր գործի անմնացորդ նվիրյալը:

Անթերի էր թե՛ աշխատանքում եւ թե՛ մարդկային հարաբերություններում: Ազնիվ էր ու արդարամիտ, օգնելու պատրաստակամ, դժվարություններից չընկճվող:

Ստեղծագործական պրպտուն միտք ու երեւակայություն ուներ, նրա հետ աշխատելը լրագրողների համար հետաքրքիր էր, հեշտ ու հաճելի: Երիտասարդների լավագույն բարեկամն ու խորհրդատուն էր աշխատանքային, նաեւ անձնական հարցերում: Նրան սիրում ու հարգում էին, հավատում եւ վստահում:

Անմիջական ու վարակիչ ծիծաղ ուներ, հմայիչ ժպիտ: Կյանքով լեցուն էր, հրաշալի մայր էր ու տատիկ, ընտանիքի հոգսերով ապրող, ամուսնուն ու զավակներին, հարսին՝ մեծարողն ու նեցուկն էր: Եվ նաեւ՝ ապրում ու այրվում էր երկրի ճակատագրով, 44-օրյա պատերազմն ու ներքին պատերազմը ցավ ու տառապանք էին նրա համար՝ «էլ չեմ դիմանում, սիրտս պայթում է»:

Երեւի թե հոգեկան այդ ապրումներն էլ նպաստեցին, որ չկարողացավ դիմադրել ֆիզիկական ցավին: Նրա լեցուն կյանքը անավարտ մնաց, նա դեռ շատ երազանք ու նպատակներ ուներ: Նրա հրաշալի ընտանիքը գիտի այդ մասին, պարզապես պիտի ուժեղ ու անկոտրում ապրի՝ կյանքի կոչելու համար այն ամենը, ինչը չհասցրեց անել անխոնջ ու եռանդուն, միշտ լավատես ու իր պաշտելի ընտանիքի, այսուհետ ու ընդմիշտ , բարի հրեշտակը: Այսպիսին էր նա՝ մեր Մարետը, ժպտադեմ ու խոհուն, իր կանացի հմայքով, իր կյանքի փորձով իմաստնացած: Այդպիսին կմնա նա մեր հիշողություններում:

Իր վաղեմի գործընկերուհու մասին ջերմ հիշողություններ ունի լրագրող Ալինա Խուդոյանը: Ահա նրա պատմությունը. «Նորքը» նոր էր առանձնացել այն ժամանակվա Պետական հեռուստատեսությունից, Ռոբերտ Մավիսակալյանի գլխավորությամբ այս ալիքը կարծես ավելի երիտասարդական, թեթեւ, ազատաշունչ եթերային քաղաքականություն ուներ եւ գրկաբաց էր նորավարտ, երիտասարդ կադրերի համար: Մի օր էլ մենք՝ համակուրսեցուս՝ Մերուժանի հետ ծեծեցինք «Նորքի» դուռը, Ռոբերտ Բաբկենիչը չափազանց սիրալիր ու միանգամից գործնական առաջարկով ընդունեց մեզ, իր մոտ հրավիրեց «Անցուդարձ» երիտասարդական հեռուստածրագրի ռեժիսոր Մարիետային՝ խնդրելով դիտարկել մեր թեկնածությունն իբրեւ հաղորդավարների: Երբեք չեմ մոռանա, միանգամից, առանց ավելորդ «դիրքային» խաղարկումների, պայծառ դեմքով ռեժիսորը ջերմորեն ասաց՝ Բաբկենիչ, ուղղակի նվեր եք անում, միանգամից երիտասարդ զույգ… հաջորդ քայլն արդեն նկարահանման հրապարակն էր…

90-ականների ցուրտ, առանց աշխատավարձի, հաճախ նկարահանումների էինք մեկնում հասարակական տրանսպորտով, քանի որ հեռուստատեսության մեքենաներն ուղղակի վառելիք չունեին… Մարիետայի թեթեւ ու անխռով բնավորությամբ հաղթահարում էինք ամենը եւ ստանում ժամանակակից փաթեթավորմամբ ժամանցային ծրագիր: Մենք սիրում էինք նրան, այդ անտրտունջ, բոլորին հասնող, քաջալերող մեր տիկին Մարիետային: Ափսոս, որ առիթ չունեցանք այս ամենը ժամանակին ասելու:

Հիմա կարող ենք ասել՝ հանգչիր խաղաղությամբ ու լույսերի մեջ, մեր պայծառ ու լուսավոր Մարիետա Շմավոնյան:

«Նորք» հեռուստատեսության նախկին տնօրեն Ժաննա ՂՈՉԻԿՅԱՆ
Լրագրող Ալինա ԽՈՒԴՈՅԱՆ

«Տեսակետ» մամուլի ակումբ

«Առավոտ» օրաթերթ
28.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31