Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գորոյան. «Ես երջանիկ եւ հպարտ եմ՝ ներկայացնել Հայաստանն ու կրել հայկական եռագույնը ազգանվանս կողքին»

Մայիս 29,2021 12:30

Հունիսի 3-ից 6-ը Գերմանիայի Այֆել լեռներում՝ Nurburgring Nordschleife լեգենդար մրցուղում կկայանա հանրահայտ Նյուրբուրգրինգի 24 ժամ՝ Adac Zurich 24h-race 49-րդ մրցարշավը: B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանը, ում Նյուրբուրգրինգում Mr 001 են կոչում լիցենզիայի նախանձելի համարի պատվին, երկու տարվա դադարից հետո պատրաստվում է 24-ժամյա մարաթոնին:

Գորոյանը 2021-ին հանդես է գալու Sharky Racing թիմի կազմում՝ VW Golf GTI TCR մեքենայով՝ 91 համարի ներքո: Նրա թիմակիցներն են գերմանացիներ Յենս Վուլֆը, Ալեքսանդր Մյուլլերը ու Ֆոլկեր Գարնը: Արդեն հունիսի 1-ին Գորոյանը կլինի մրցատեղիում: Sharky Eacing-ին հայ ավտոարշավորդը վաղուց է ճանաչում: Նյուրբուրգրինգում նրա առաջին մրցարշավը հենց այս թիմի կազմում է եղել: Նա այն ժամանակ հանդես էր գալիս դեռ ռուսական լիցենզիայով:

Գայանե Նազարյանը Արթուր Գորոյանի հետ զրուցել է նախապատրաստական փուլի ու ակնկալիքների, դժվարությունների ու ոգեւորությունների մասին:

– Արթուր, պանդեմիայի խիստ սահմանափակումների ժամանակաշրջանում ինչպե՞ս ես նախապատրաստվել մրցաշարին:

– Երբ պանդեմիան սկսվեց, ես մրցարշավային սիմուլյատոր պատվիրեցի, ղեկ, ոտնակներ, նստատեղ: Ամեն օր տանը մարզվում էի մրցարշավային հագուստով, սաղավարտով, հատուկ՝ շատ ծանր ձեռնոցներով (յուրաքանչյուր ձեռքին՝ 500գր)… Մի խոսքով՝ հնարավոր ամեն բան անում էի՝ ներդնելով առավելագույն ջանքեր, որպեսզի ֆիզիկական պատրաստվածությունս չկորցնեմ: Մի քանի անգամ հարավ եմ մեկնել՝ շոգին սարերում մարզումներ անցկացնելու համար: Ցավոք, իրական մեքենայի ղեկին մարզվել չհաջողվեց, բայց թիմն ինձ լրացուցիչ ժամանակ կտա մարզումների համար, որպեսզի ակլիմատիզացիա անցնեմ երկար դադարից հետո: Ինչեւէ, դա շատ էական դեր չի խաղալու, քանի որ նախորդ տարվա դադարն ու սահմանափակումները վերաբերում էին բոլորին:

– Ի՞նչ ակնկալիքներ ունես:

– Ակնկալիքներս միշտ էլ դրական են եղել, իսկ այս անգամ ավելին քան դրական են. պանդեմիայի գծած աշխարհում յուրաքանչյուր մրցարշավ արժեքավոր է, էլ չեմ ասում՝ 24-ժամյա մրցարշավների մասին: Մեզ փակել էին տանը, մենք «արշավում» էինք բացառապես սիմուլյատորներով, այժմ մեծագույն դժվարություններով, 3 անգամ վիզայի մերժում ստանալուց հետո, վերջապես թույլտվություն եմ ստացել՝ Գերմանիա մեկնելու եւ 24-ժամին մասնակցելու, հետեւաբար, անելու հնարավոր ու անհնար ամեն բան՝ լավագույն արդյունքին հասնելու համար: Վստահաբար՝ թեժ է լինելու: Ես ունեմ լավ թիմ, լավ մեքենա, լավ հովանավոր, ով հետաքրքրվում է ավտոսպորտով… Հուրախություն ինձ՝ խոսքս մեր հայրենակից Սերգեյ Գրիգորյանի մասին է՝ Alfa Capital Wealth ինվեստիցիոն կազմակերպության ղեկավարի, ում աջակցությամբ էլ մասնակցելու եմ մրցարշավին:

– Արթուր, Հայաստանի ավտոսպորտի ֆեդերացիան քեզ որեւէ կերպ աջակցո՞ւմ է:

– ՀԱՖ-ը իմ լիցենզիան պատրաստեց: Ես անչափ երախտապարտ եմ պարոն Գագիկ Աղաջանյանին: Երբ ես թիմերի հետ եմ շփվում, ինձ Միսթեր 001 են կոչում, ու ես երջանիկ եւ հպարտ եմ՝ ներկայացնել Հայաստանն ու կրել հայկական եռագույնը ազգանվանս կողքին: Չեմ կարող չնշել նաեւ Գերմանիայի ավտոմոբիլային ֆեդերացիայի (DMSB), ADAC ավտոմոբիլային ակումբի ու NLS-ի (նախկին VLN-ի) կազմակերպիչների մասին: Նրանք բոլորը բազմաթիվ նամակներ են գրել Գերմանիայի դեսպանին՝ ինձ վիզա տալու խնդրանքով, որպեսզի կարողանամ մասնակցել մրցաշարին: Նրանք անգնահատելի դեր խաղացին այս կարանտինային ժամանակահատվածում մրցարշավին մասնակցելու հնարավորություն ստանալու հարցում: Անկեղծ ասած, ես չէի սպասում նման ակտիվ աջակցություն Գերմանիայի պետական կազմակերպություններից:

– Որքա՞ն ժամանակ չես եղել իրական մրցուղում:

– Երեք տարի առաջ Նյուրբուրգրինգի 24 ժամի որակավորման մրցումներում մեքենան ջարդուփշուր եղավ: Դրանից հետո մրցուղում չեմ եղել: Վթարի հաջորդ տարին որեւէ թիմի հետ չկարողացա պայմանավորվել: Հետո էլ պանդեմիան ի հայտ եկավ՝ կարանտինի հետ միասին: 3,5 տարի առաջ դուստրս ծնվեց ու գլխումս շատ բան փոխվեց: Շատ դժվար էր մրցարշավներին վերադառնալու որոշումը կայացնել:

– Ի՞նչը ստիպեց վերադառնալ:

– Քիչ է՝ լավ հայր լինելը. ես ուզում եմ, որ նա ինձանով հպարտանա:
Իրականում ես չէի պատկերացնում, որ այսքան բարդ կլինի սպորտից դուրս: Առանց սպորտի ես զգում եմ իմ յուրաքանչյուր մկանը, որը բնական պայմաններում չի մարզվում: Ավելի լավ է ընդհանրապես չսկսել պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել, քան սկսել ու թողնել:

«Առավոտ» օրաթերթ
28.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31