Մանկավարժական համալսարանի բակում օծվեց Արցախյան երկրորդ պատերազմում բուհի զոհված ուսանողների հիշատակին նվիրված հուշաքարը:
Այն ունի խորհրդանշական իմաստ. խաչքարը բերված է Արցախի Ծիծեռնավանքից եւ թվագրվում է 1601 թ.:
Խաչքար-հուշարձանով բուհը հավերժացրեց իր 35 զոհված ուսանողների հերոսական անունները սերունդների սրտերում: Նրանց անավարտ թռիչքը դեպի իրենց մեծ երազանքն ապրողների համար պիտի դառնա հզոր հայրենիք ունենալու եւ երջանիկ լինելու հավերժական խոստում:
35 աբովյանական արդեն բոլորի որդիներն են: Նրանք հայրենիքի զավակներն են:
Նրանք հայ ժողովրդի ցավի ու հպարտության զավակներն են.
Սուրեն Ադամյան, Արեն Ավանեսյան, Արտյոմ Ավետիսյան, Արտակ Բարսեղյան, Հովհաննես Բեյբության, Սմբատ Գաբրիելյան, Արամ Գալստյան, Շահեն Գալստյան, Նորիկ Գասպարյան, Ռուբեն Գասպարյան, Սամվել Գասպարյան, Անդրանիկ Գրիգորյան, Արմեն Գրիգորյան, Լեւոն Եղիազարյան, Արա Խաչատրյան, Արամ Խաչատրյան, Մորիս Խումարյան, Գեւորգ Կարապետյան, Ավետիք Կարճիկյան, Աժդահակ Կիրակոսյան, Արմեն Հարությունյան, Արտաշես Հակոբյան, Սմբատ Մազմանյան, Ազատ Մաջարյան, Ալեն Մարգարյան, Ռոման Մարգարյան, Գեւորգ Մելքոնյան, Սիփան Մելքոնյան, Տիգրան Միկոյան, Հայկ Նալբանդյան, Հարութ Նիկոլյան, Պողոս Սարգսյան, Վարուժան Սարգսյան, Արմեն Ստեփանյան, Նարեկ Վարոսյան…
Փառք եւ խոնարհում հերոսներին…
Հուշարձան-խաչքարի օծման արարողությունն իրականացրեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերաշնորհ տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանը։ Խաչքար-հուշարձանն օծվեց սուրբ եկեղեցու օրհնադրությամբ ու կանոնների համաձայն` դառնալով ասես սրբազան մի վայր կամ եկեղեցի, ուր այցելուները կգան երկյուղով լցված. «Համբուրելով տերունական խաչն այս` հայորդիները պիտի ստանան աստվածային օրհնություն եւ մխիթարություն: Մեր նահատակ զավակների շիրիմները սրբություն սրբոց են մեզ համար, եկեղեցի ու աղոթատեղի են: Այս հուշարձան-խաչքարը հանուն մեր զավակների ներշնչանքի մշտակարկաչ աղբյուր է, որտեղից մեր սերունդները ներկայի եւ գալիքի հերոսապատումի եւ հայրենասիրության դասեր պիտի քաղեն»,-նշեց գերաշնորհ տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանը:
Խաչքարի օծման արարողությանը ներկա էին զոհված աբովյանականների հարազատները, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները: Ներկաները վստահ են, որ դեպի երկինք հառնող հոյակերտ հուշարձան-կոթողը կհավերժացնի իրենց կյանքը հայրենիքի պայծառ գալիքի զոհասեղանին դրած նահատակների հիշատակը:
Կարդացեք նաև
Հուշարձան-խաչքարի օծման արարողությանը հաջորդեց աբովյանականների բազմամարդ երթը դեպի Եռաբլուր: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի շիրիմներին, խնկարկեցին հերոսների հիշատակը:
Սեփական լրատվություն
«Առավոտ» օրաթերթ
28.05.2021