Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակայության հայկական պատ- 3. «1997-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր` բոլորը սխալվեցի՞ն»

Մայիս 29,2021 15:30
seyran avagyan

Սկիզբը՝ «Առավոտի» 21. 05. 2021 համարում:

«Առավոտի» զրուցակիցն է ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, 2003-2007 թթ. ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը

– 44-օրյա պատերազմից հետո սկսեց շրջանառվել մի թեզ, որը պայմանական անվանենք` «ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր` բոլորը սխալվեցին». ի՞նչ կասեք:

– Նախ,եթե հարցը նրանում է, որ ժամանակը մեր օգտին չի աշխատելու ու քանի մենք հաղթանակած ենք, ուժեղ ենք, նրանք ավելին կզիջեն, քան հետո, ապա այդ տրամաբանությամբ լավագույն ժամանակը գուցե 1994 թվականն էր, երբ զինադադար էր կնքվում կամ թող լիներ 95, 96 թվականները: Բոլոր այն պետական, քաղաքական գործիչները, որոնք այդ համոզմունքին էին, ինչո՞ւ այդ հարցը չէին դնում այն ժամանակ` նույն սրությամբ եւ հետեւողականությամբ, ինչ 1997թ.-ին: 1994թ. եւ 1997թ.-ի տարբերությունները, որը բերում է ինքը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, անվտանգության խորհրդի իր հայտնի ելույթում, օրինակ, երկրի մակրոտնտեսական ցուցանիշներով, հետեւյալն է` ՀՆԱ-ի աճը` 1994 թ.-ին 5,4%, 1997թ.-ին 3%, արդյունաբերության աճը` 1994 թ.-ին 5,3%, 1997-ին 1%, արտահանման աճը` 1994թ.-ին 38%, 1997թ.-ին -20%: Մակրոտնտեսական այս ցուցանիշները 1-ին նախագահին բերել են այն եզրակացության, որ Հայաստանն իր տնտեսական զարգացման մեջ արդեն բախվում է ֆիզիկական լիմիտների` ղարաբաղյան հակամարտության պատճառով խորացող Հայաստանի քաղաքական մեկուսացումը, շրջափակումները եւ արտասահմանյան ներդրումների բացակայությունը: Քանի դեռ չեն վերացել այդ գործոնները, ինչպիսի իշխանություն էլ լինի Հայաստանում, ինչպիսի հանճարեղ մարդիկ էլ գտնվեն կառավարության ղեկին, միեւնույն է, չի հաջողվելու ապահովել երկրի տնտեսական զարգացման նորմալ ընթացքը:

Երկրի մակրոտնտեսական ցուցանիշները գաղտնիք չեն, դրանք հայտնի են նաեւ մեր հարեւաններին: Այդ դեպքում բնական հարց է առաջանում` այդ նույն ցուցանիշները ի՞նչ եզրակացության են բերում նրանց նախագահներին:
Անդրադառնալով սոցիալական վիճակին՝ հանրապետության 1-ին նախագահն ասում է. «Հնարավոր չի լինելու լուծելու առկա սոցիալական խնդիրները: Աշխատավարձերը, թոշակները, նպաստները մնալու են նույն խղճուկ մակարդակին, աղետի գոտու վերականգնումը ձգձգվելու է տասնյակ տարիներ, խորանալու է գործազրկությունը: Բնակչության կենսամակարդակի որեւէ բարելավում տեղի չի ունենա, եթե Աստված, իհարկե, մեզ փրկի վատթարացումից»:

Ներկայացնենք 98 թվականի սոցիալական վիճակի մի քանի ցուցանիշներ.
Կենսաթոշակառուների թիվը` 516.361,
Կենսաթոշակի նվազագույն չափը` 2860 դրամ,
Միջին չափը` 3793 դրամ:

Որպեսզի միջին կենսաթոշակը հնարավոր լինի մեծացնել 10000 դրամով եւ դարձնել 13793 դրամ, անհրաժեշտ կլինի առնվազն տարվա պետական բյուջեի 40%-ը հատկացնել կենսաթոշակառուներին, քանի որ 1998 թվականի պետբյուջեի եկամտային մասը շուրջ 160 մլրդ դրամ էր:

Այսինքն՝ բյուջեի կրկնապատկումը կամ եռապատկումն անգամ ի վիճակի չի լինելու այսպիսի ոչ մեծ կամ ոչ բավարար խնդիր լուծել թոշակառուների համար: Այնինչ հանրապետությունում 2001թ. ծայրահեղ (պարենային) աղքատության գիծը հաշվարկվել է 10246 դրամ, իսկ աղքատության ընդհանուր գիծը` 16989 դրամ: Նույն 2001 թվականին հանրապետությունում ծայրահեղ աղքատները կազմել են 16%, աղքատները` 50,9% (այս հաշվառումները վարվել են 2001թ.-ից):

Հանրապետությունում նպաստառու ընտանիքների ընդհանուր քանակը կազմել է 175.743, որից աղքատության ընտանեկան նպաստ ստացող` 126966 եւ միանվագ դրամական օգնություն ստացող` 48777: Մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը` 6750 դրամ էր:

Աշխատավարձերի վիճակը հետեւյալն էր` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը 1998թ.-ին 1000 դրամ, միջին ամսական աշխատավարձը` 18000 դրամ, կրթության ոլորտում` 7660 դրամ, առողջապահության եւ սոցիալական ծառայությունների մատուցում` 8939 դրամ: Ամփոփելով սոցիալական վիճակի այս ցուցանիշները՝ պետք է արձանագրել, որ 1998թ.-ին երկիրը գտնվում էր աղքատության ճիրաններում եւ 7 տարի երկիրը ղեկավարած 1-ին նախագահը բնակչության կենսամակարդակի որեւէ բարելավման հնարավորություն չի տեսնում:

Երկրի սոցիալական այս ցուցանիշները նույնպես գաղտնիք չէին հարեւան երկու պետությունների նախագահների համար եւ, հետեւաբար, նրանք նույնպես նույն եզրահանգումները պիտի անեին:

Եվս 3 կարեւորագույն ցուցանիշներ, որոնք բնութագրում են երկրի իրական վիճակը 1998թ.-ի դրությամբ.
Համախառն ներքին արդյունքը` 1մլրդ 892 մլն դոլար,
ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով` 585 դոլար,
Պետական բյուջեն եկամտային մասով` 160 մլրդ 783 մլն 818 հազ. դրամ եւ ծախսային մասով` 211 մլրդ 702 մլն 503 հազ. դրամ,
Երկրի արտաքին պետական պարտքը 775 մլն 302 հազ. ԱՄՆ դոլար, որը կազմում է երկրի տարվա ՀՆԱ-ի 41%-ը: Այս ցուցանիշը տրված ժամանակահատվածի առավելագույն չափի հասավ 1999 թվականին եւ կազմեց ՀՆԱ-ի 47%-ը:

Երբ երկրի պաշտոնական ցուցանիշներն այսպիսին են, ի՞նչ կարող էր սպասվել մեզ:

– 1998-ին հրաժարական տալով` Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացրեց, որ ժամանակը մեր օգտին չի աշխատելու եւ կարճ ժամանակ հետո երկիրն անելանելի վիճակում կհայտնվի:

– Մեջբերեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը նույն ելույթից. «Կարծում եք` դժվա՞ր բան է ժամանակ շահելը, կարծում եք ես չեմ կարող 3-4 տարի, մինչեւ իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը, պահպանել ղարաբաղյան ստատուս-քվոն: Բայց ի՞նչ է լինելու դրանից հետո, ի՞նչ անելանելի վիճակի մեջ է հայտնվելու հաջորդ նախագահը»: Այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, եթե իր համախոհներով եւս 3-4 տարի կառավարի երկիրը, ապա Հայաստանը կհայտնվի անելանելի վիճակի մե՞ջ:

Եվս մի մեջբերում նույն ելույթից. «Կարծիք արտահայտվեց, որ մեր ժողովուրդը հանուն Ղարաբաղի դեռ կդիմանա, եւ որ Հայաստանին սոցիալական բունտ չի սպառնում: Ես էլ եմ կարծում, որ մեր ժողովուրդը հանուն իր սոցիալական վիճակի բարելավման չի վտանգի Ղարաբաղի գոյությունը: Բայց նրա սոցիալական դժգոհությունը կարտահայտվի բոլորովին այլ կերպ` արտագաղթի վերսկսումով»:
Հայաստանի հաջորդ եւ առավել վտանգավոր սպառնալիքները, որը հանրապետության առաջին նախագահին բերում է հայտնի եզրահանգմանը, գալիս է միջազգային հանրությունից:

– 1997թ. նոյեմբերի 1-ի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածում Հանրապետության առաջին նախագահն ասում է. «Ստատուս քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետեւ դա թույլ չեն տա ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ Հայաստանի տնտեսական կարողությունը»:

– Տնտեսական կարողությունը բավականին քննարկեցինք: Կանգ առնենք միջազգային հանրության թույլ տալու-թույլ չտալու հարցի վրա: Այստեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը նկարագրում է մի քանի մոլորություններ` առաջինը հետեւյալն է` «Վտանգավոր մոլորությունն այն է, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ ծնկի բերել: Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք փաստորեն ձեռնոց ենք նետել: Չհասկանալ այս պարզ իրողությունը, կնշանակի մեր ժողովրդին մատնել դաժան փորձությունների»: 1996թ. դեկտեմբերի 3-ին Լիսաբոնում կայացավ Եվրոպայի անվտագության ու համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գագաթաժողովը: Նպատակն էր` 1995թ. վերջին ստեղծված փակուղուց դուրս բերել ղարաբաղյան բանակցությունները, ընդունելով գագաթաժողովի գործող նախագահի հայտարարությունը, որով վերահաստատվում էր ԱՀ տարածքային ամբողջականությունը եւ ԼՂՀ-ի վերջինիս սահմաններում, ինքնակառավարման ամենաբարձր մակարդակ էր շնորհվում:

Հայաստանի Հանրապետությունը միակ դեմ քվեարկող երկիրն էր եւ դրանով իսկ հայտնվեց որոշակի քաղաքական մեկուսացման մեջ:

Վերոհիշյալ հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտում է. «Անհրաժեշտ է կարճ ժամանակում, վերջիվերջո հակամարտող կողմերի միջեւ համաձայնեցնել բանակցությունների հիմք հանդիսացող փաստաթղթերի նախագիծը: Եթե դա տեղի չունենա մինչեւ ԵԱՀԿ նախարարների խորհրդի առաջին նիստը, որը կայանալու է 97 թվականի դեկտեմբերին Կոպենհագենում, ապա մեզ լուրջ բարդություններ կարող են սպասել»:

Հնարավո՞ր է անտեսել միջազգային հանրությանը եւ շարունակել օգնություն ստանալ նրանից, – հարցադրում է անում Լեւոն Տեր-Պետրոսյանը ու պատասխանում` ամեն քայլափոխում մենք տեսնում ենք օգնությունների նրբորեն քողարկված պայմանավորումը քաղաքական հանգամանքներով: Այս հարցում էլ հանրապետության առաջին նախագահի եզրահանգումն է, որ հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո Հայաստանն ու Ղարաբաղն անհամեմատ թուլանալու են. «Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու: Պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանն, ինչպես նաեւ Արեւմուտքի նավթային շահերին: Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Ղարաբաղն ու Հայաստանը փոխզիջումից խուսափել չեն կարողանալու»: Եվ, ի վերջո, եզրափակում է նա. «Ինքնախաբեությամբ չզբաղվենք եւ զուր պատրանքներ չփայփայենք. Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք: Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու առկա կնճիռը: Մենք ենք լուծելու, եւ լուծելու ենք մեր ուժերի ներածի չափով»:

– Ի դեպ, վերջերս, ՀԱԿ-ի համագումարում, առաջին նախագահը հայտարարեց, որ 1997-ին հրաժարական է տվել` քաղաքացիական պատերազմից խուսափելու համար:

– Պատկերն ամբողջականացնելու համար վերհիշենք իշխանություն-հասարակություն փոխհարաբերությունը, որը բացահայտվել եւ արմատավորվել էր 96 թվականի նախագահական հետընտրական գործընթացներում: Քաղաքական իշխող վերնախավը հայտարարել էր, որ եթե ժողովուրդը իր ձայնը 100%-ով էլ մեկ այլ թեկնածուի տար, միեւնույն է, իշխանությունը չէին հանձնի, իսկ այն պահելու համար, ինչպես իրենք էին արտահայտվել`«Թող մի 700-800 մարդ էլ կոտորվեր»: Ժողովրդի կամքը կոտրեցին մայրաքաղաք զորք մտցնելով ու մասսայական ձեռբակալություններով, հաշվեհարդարներով: Այս իրադարձություններից մեկ եւ կես տարի հետո նախագահի հրաժարականը բացատրել, որպես քաղաքացիական պատերազմից խուսափում, մեղմ ասած՝ տեղին չէ: Պարզապես իշխանության նավը նստել էր կավիճի վրա:
Երկիրն իր տնտեսական, սոցիալական, ներքին ու միջազգային հարաբերությունների հարցերով մտցվել էր փակուղի, որտեղից այն հանելու համար գերմարդկային, հերոսական ջանքեր պիտի գործադրվեր: Այս ամբողջը տեսնում ու հետեւություն էր անում թշնամին: Ամեն մի բանական մարդ կհասկանար, որ այդ վիճակում նրա հետ փուլային տարբերակով փոխզիջման ճանապարհով ղարաբաղյան հարց կարգավորելու մեկնարկ տալը ինչ հետեւանքների էր հանգեցնելու:

Զրույցը`

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
28.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31