«Հաշված ամիսներ անց մենք ձեզ հետ վկա ենք լինելու պուտինյան չեկիստական ռեժիմի գահավիժմանը»,- Ազատության հրապարակում Ազգային-ժողովրդավարական բևեռի՝ Հանրապետության օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային-ժողովրդավարական բևեռի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Վահե Գասպարյանը:
Նա վստահեցրեց՝ ՀՀ բոլոր ղեկավարները եղել են Կրեմլի դրածոներ ու ասաց. «Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրեց լինել Կրեմլի դրածոն և կատարել նրա պատվերները: Այնուհետև նա էստաֆետը փոխանցեց Ռոբերտ Քոչարյանին, որն իր հերթին փոխանցեց Սերժ Սարգսյանին և վերջինս փոխանցեց Նիկոլ Փաշինյան անունով խամաճիկին»:
Նա վրդովվեց. «Եթե ուզում եք հասկանալ, թե որքանով էին նրանք գնահատում և արժևորում Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Դրոյի, Սիլիկյանի, Նազարբեկյանի արժեքները, բավական է նայեք առաջին հանրապետության կառավարության շենքին: Այնտեղ հիմա Տաշիրի պիցցա է: Եթե ուզում եք հասկանալ՝ որքանով էին նրանք ազգային իրենց էությամբ, բավական է նայել Արամի տանը՝ տեսնելով, որ այդ տնից մնացել է միայն ֆասադային պատը: Սա է ձեր էությունը, սրանից հետո բերաններդ չբացեք ու ձեզ ազգային չկոչեք»:
Կարդացեք նաև
Խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից խնդրահարույց փաստաթղթի ստորագրման հավանականության մասին՝ նա վստահեցրեց՝ առաջին վայրկյանից հայ ժողովուրդն ամբողջ աշխարհին ցույց կտա, որ համաձայն չէ. «Հայ ժողովուրդը ցույց կտա աշխարհին, որ այդ թուղթը զուրկ է օրինականությունից և լեգիտիմությունից: Այն ձեռք է բերվել ռուսների, թուրքերի և ադրբեջանցիների ճնշման ներքո»:
Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Եղիշե Պետրոսյանն էլ ընթերցեց Բևեռի հայտարարությունը, որով առաջարկում են դիմել ՄԱԿ-ին՝ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ նկատմամբ ագրեսիան դադարեցնելու, ադրբեջանական զինված ուժերին ՀՀ տարածքից հանելու հարցում: Նշեց՝ դիմել են ՀՀ քաղաքական ուժերին, որպեսզի համախմբվեն և ստորագրեն այդ հայտարարությունը, սակայն դեռ արձագանք չկա. «Միայն մեկ-երկուսից ենք ստացել համաձայնություն: Դեռ մտածելու են. կարող է մեկ տարի, քսան տարի մտածեն, կուզեն՝ կմտածեն, կուզեն՝ ոչ: Սա է մեր իրականությունը: Մեր քաղաքական դաշտը բացարձակ կապ չունի մեր պետության և ազգի խնդիրների հետ»:
Բևեռի անդամ Վարուժան Ավետիսյանն էլ հավաստիացրեց՝ շատ շուտով հրապարակներն ու փողոցները լցվելու են «քաղաքական Սարդարապատի տասնյակ հազարավոր կամավորներով»:
Հանրահավաքի ավարտից հետո ջահերով և դրոշներով երթ իրականացվեց դեպի Եվրոպայի խորհրդի գրասենյակ: Նշենք, որ Ազգային-ժողովրդավարական բևեռի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 4-ին՝ ժամը 19:00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ