Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Քշելու ենք այս չարիքի կառավարությանը». Արամ Մանուկյանի արձանի մոտ խոստացավ Իշխան Սաղաթելյանը

Մայիս 28,2021 20:32

Այսօր` մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը «Հայաստան» դաշինքի անդամները հարգանքի տուրք մատուցեցին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակին: Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ծաղիկներ դրեցին Արամ Մանուկյանի արձանի մոտ:

Արամ Մանուկյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի իր ելույթում Իշխան Սաղաթելյանն ասաց.  «Ինչպես սեպտեմբերի 27-ին` կանգնած այս հրապարակում, բոլորս հավաքվեցինք, երդվեցինք, գնացինք սահման եւ պաշտպանեցինք մեր հայրենիքը, հիմա այստեղ` Արամ Մանուկյանի արձանի առաջ մեր ժողովրդին պետք է խոստանանք՝ տեր ենք կանգնելու մեր պետականությանը, մեր երկրին, համատեղ ուժերով քշելու ենք այս չարիքի կառավարությանը եւ հունիսի 21-ին գալիս ենք այստեղ` հաշվետվության տանք մեր պետական այրերին, մեր պետության հայրերին, որ երկիրը փրկել ենք այս չարիքի կառավարությունից եւ միասին կառուցելու ենք Արամների Հայաստանը: Կեցցե՛ն մայիսի 28-ը կերտողները, կեցցե՛ Արցախը, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Սփյուռքը, կեցցե՛ ուժեղ հայությունը»:

Իշխան Սաղաթելյանն ասաց` հավատում է, որ այստեղ հավաքված մարդիկ ժառանգորդներն են մայիսի 28-ը կերտած ազգային, արժանապատիվ եւ հաղթող տեսակի. «Ես հավատում եմ, որ այդ տեսակը մեր երկրում գնալով բացարձակ մեծամասնություն է կազմելու եւ շատ շուտով այն փոխելու է մեր պետության բարոյական ու քաղաքական մթնոլորտը, կրկին հաղթողի ոգի է ներշնչելու բոլորին, իր տեղն է ցույց տալու թշնամուն եւ ապահովելու է մեր երկրի նոր վերածնունդը»:

«Առաջին Հանրապետությունը եղավ կառավարման համակարգում բարոյականության նորմերի հաստատողը. երբ պատերազմի դաշտում զոհվում էին վարչապետների զավակները, երբ պատգամավորի բացակայությունն օրենքով հարգելի էր միայն, եթե նա այդ օրերին գտնվել է ռազմի դաշտում: Երբ ավերակների, պատերազմի, գաղթականության այդ պայմաններում կառավարությունը հիմնում էր համալսարան, ազգային գրադարան, բացում թանգարաններ։ Երբ մեր հանրապետությունը դառնում էր աշխարհում առաջին երկրներից մեկը, ուր կինն ուներ ընտրելու եւ ընտրվելու իրավունք, երբ կազմավորվում էր բանակը, հայացվում Հայաստանը: Երբ նախարար ու շարքային երկաթուղային, ուսուցիչ ու գեներալ ապրում էին հավասար պայմաններում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը` հավելելով, որ մեկ դար առաջ աշխարհն ավելի բարի չէր, մեկ դար առաջ թշնամին պակաս նենգ չէր, մեկ դար առաջ հայ ժողովուրդը պակաս հերոսական չէր, բայց ուրիշ էին պետության ղեկավարները, ուրիշ էր պետականության եւ հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը։

Ըստ բանախոսի, 70 տարի անց մեր պետությունը վերաանկախացավ, հայ ժողովրդի նոր՝ փայլուն սերունդը ևս մեկ քար դրեց հիմնադիր այրերի ժառանգության վրա, եւ մեր ժողովուրդն էլ ավելի մոտեցավ իր ազգային երազանքին. «Իսկ այսօր մեր ժողովրդի երազանքները կործանողները, մեր պետությունը ոչնչացման եզրին հասցնողը, իրեն պետության ղեկավար հորջորջողը  համարձակվում է մեղադրել Արամ Մանուկյանին, Հովհաննես Քաջազնունուն, Դրոյին, Նժդեհին` հողեր հանձնելու, հայրենիքը չսիրելու, այն չպաշտպանելու, դավաճանության մեջ։ Համարձակվում է մեղադրել մարդկանց, ովքեր մոխիրների վրա պետություն ստեղծեցին։ Հայաստանում իշխանության եկած մարդու վատագույն տեսակը, որին 103 տարի առաջ մեր հիմնադիր այրերը կգնդակահարեին կամ կբանտարկեին դասալքության եւ դավաճանության համար, այսօր ոչնչացնում են մեր բոլոր ձեռքբերումները, սպանում են ապրելու մեր հույսը, խոսելով խաղաղությունից՝ կապիտուլյացիա են պարտադրում մեզ` խոսելով ապագայից՝  փորձում են ոչնչացնել հայ ժողովրդի ապագան։ Հակառակ թշնամական ծրագրին, հայ ազգը չի մահացել»։

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն էլ իր ելույթում ասաց. «2018 -ի դեկտեմբերին այստեղ շատ զինակիցներով ուխտել ենք, որ թույլ չենք տալու մեկ մարդու, մեկ կուսակցության գերիշխանություն մեր երկրում, իջել ենք փողոց ու ոստիկանատուն, դահլիճներ ու ամբիոններ ու թույլ չենք տվել։ 2019-ին այստեղ խոստում ենք տվել, որ թույլ չենք տալու երիտհեղափոխականների ցնորական գաղափարը՝ «Մեր հայրենիք» օրհներգը փոխելը, խոստում ենք տվել ու թույլ չենք տվել։ Հիմա նոր խոստում տալու ժամանակն է․ սիրելի Արամ Մանուկյան, ընկեր Արամ, վռնդելու ենք քո հակապատկեր հակաարամին, հայրենադավին, դուրս ենք շպրտելու, մեր երկիրը նորից վերադարձնելու ենք քո երազած ազգային-գաղափարական հենք, վերականգնելու ենք Հայաստանի ու Արցախի հանրապետությունների մեջքը, մեր պետությունը դարձնելու ենք ուժեղ Հայաստան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31