Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մանասյան. «Մեր ազգը քաղաքական հասունության կարիք ունի, սիրում է գեղեցիկ խոսողներին, չի սիրում փաստերը լավ տեսնել»

Մայիս 28,2021 19:59

Անդրադառնալով այսօր Հայաստանի ներսում եւ սահմանների շուրջ ծավալվող իրադարձությունների նախապատմությանը եւ ապագային՝ քաղաքագետ, փիլիսոփայության դոկտոր Ալեքսանդր Մանասյանն ասաց. «Ժամանակին առաջին նախագահը գտել է, որ մեր ուժը մեր թուլության մեջ է: Իմ դիվանագետ ընկերներից մեկն ասում էր՝ դիվանագիտությունը պետք է ոչ թե խոշոր ազգերին, այլ փոքրերին: Դիվանագիտությունը մեզ է պետք, որովհետեւ մենք տանկեր չունենք: Ուժի գործոնը վճռորոշ դեր է կատարում ժամանակակից միջազգային հարաբերություններում: Բայց ուժի գործոնը միայն տանկը չէ: Ուժի գործոնը դիվանագիտությունն է, տնտեսությունն է, ռազմական արդյունաբերությունն է, զինվորի ոգին է: Ես հիմա հարց եմ տալիս մերօրյա իշխանություններին. ո՞նց եք դուք զինվորի ոգին այդ ձեւով պահում: Դուք ջարդում եք: Իհարկե, կասեք՝ սա դիվանագիտական քայլ է, որ մեր ուժը մեր թուլության մեջ է, նույնիսկ թուլամորթության մեջ է: Բայց խնդիրն այն է, որ դու կարողանաս քաղաքական գործընթացներում ապահովես նաեւ ոգին: Ոգեղեն նահանջը, մշակութային նահանջը նշանակում է, որ դու քո տունը, ուղղակի ազգն ես ոչնչացնում: Չի կարելի:

Այսօր Լեռնային Ղարաբաղով եւ Հայաստանով անցնում են աշխարհի բոլոր քաղաքական, աշխարհաքաղաքական միջօրեականները: Դա ուժի աղբյուր է, ուժ է, եթե կարողանաս համարժեք դիվանագիտական վարք դրսեւորել: Իսկ դիվանագիտությունը խորը գիտություն է: Մարդիկ կարծում են, թե մի քանի բան կարդալով, մի երկու գիրք էլ չկարդալով կարելի է հանճարեղ դիվանագետ լինել»:

Ըստ նրա՝ «Մեր ազգը քաղաքական հասունության կարիք ունի: Մեր ազգը սիրում է գեղեցիկ խոսողներին: Մեր ազգը չի սիրում փաստերը լավ տեսնել: Ասեք՝ տեսնեմ, թե մենք ո՞ւր ենք այսպես գնալու, եթե չտեսնենք, թե ինչ է անում այս իշխանությունը: Տեսեք, առաջին նախագահը սկզբից Փաշինյանին անվանեց խեղկատակ, հիմա էլ գրում է, թե ինքը միակ մեղավորը չէ: Այս խաղերը մեր օգտին չեն եւ ժողովուրդը պետք է ճշմարտությունը հասկանա:

Ընտրություններին մասնակցել պատրաստվող իմ հայրենակիցներին ուզում եմ ասել՝ մեզ սթափություն է պետք: Փաստերը թողած՝ ճառերին, խոստումներին, վերացական դատողություններին չպետք է հավատանք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31