Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բաքվում առևանգվածին այլ կերպ են վերաբերվում, գերեվարածին ա՞յլ կերպ». Սպիտակի քաղաքապետը` Նիկոլ Փաշինյանին

Մայիս 28,2021 19:19

«Ճնշումներ չկան, որպես այդպիսին, կա ընդամենը վերաբերմունքի խնդիր: Ես այդքան ճնշվող չեմ, որ ճնշումներ լինեն. այդ իմաստով եմ ասում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը` պատասխանելով հարցին` իր նկատմամբ քրեական գործի հարուցումից հետո, առավել ևս նախընտրական այս շրջանում, իշխանության ներկայացուցիչների կողմից շա՞տ են իր վրա ճնշումները:

«Ըստ երեւույթին համոզված են, որ որեւէ քայլ արդյունք չի կարող տալ, դրա համար էլ ոչինչ չեն անում»,- ասաց Գագիկ Սահակյանը:

Անդրադառնալով նախընտրական տրամադրություններին` Սպիտակի քաղաքապետն ասաց, որ նախընտրական ոգևորություններ չկան քաղաքում, քանի որ բոլորն էլ կոտրված են. «Բայց, ունենք այն, ինչ ունենք: Ամեն դեպքում, գործընթացը գնում է իր հունով»:

Գագիկ Սահակյանի դիտարկմամբ, ցանկացած ընտրություն հանրությանը տանում է պառակտման, իսկ հիմա` առավել ևս: Նրա կարծիքով, մեր ժողովուրդը դեռ պատրաստ չէ առավել քաղաքակիրթ եւ ժողովրդավար ընտրությունների: Նաեւ` փոքր քաղաքներում եւ գյուղերում ընտրությունները հիմնականում սուբյեկտիվ բնույթ են կրում, քանի որ խնամի-ծանոթ-բարեկամ գործոնը մեծ նշանակություն է ունենում:

Հարցին` այժմ քաղաքականությունը նաեւ ընտանիքներ է մտել, նույնիսկ հարազատներն են թշնամացել միմյանց հետ և այս ֆոնին կանխատեսումներ կան, որ հետընտրական բախումներն անխուսափելի կլինեն, Գագիկ Սահակյանը պատասխանեց. «Ես հիմա բոլոր հանդիպումների եւ զրույցների ժամանակ անընդհատ շեշտում եմ, որ ընտանիքը պետության հիմքն է: Մեզ, համենայնդեպս, այդպես են դաստիարակել, և մենք այդպես ենք ապրել: Այսօր շատ դաժան է տեսնել, որ ընտանիքում կարծիքները տարբեր են. չկա համախմբվածություն, չկա կոնսենսուս, չորս հոգանոց ընտանիքում չորս տարբեր դիրքորոշում կա: Եթե ընտանիքն ամրություն չունի, էլ ի՞նչ խոսենք երկրի ամրության մասին եւ այս պառակտումն առավել ցայտուն դարձավ հենց 2018-ի իշխանափոխությունից հետո: Մինչ այդ նման երեւույթները եզակի են եղել: Ինչ վերաբերվում է հետընտրական զարգացումներին` մտավախություններ բոլորս պետք է ունենանք, որովհետև մարդիկ ոչ ոքի չեն հավատում և չեն վստահում: Եթե դիմությունը կամ ընդդիմությունը անգամ կես բերան ասացին, որ ընտրությունները կեղծվել են, հակառակ կողմը բնականաբար դուրս կգա փողոց` առանց կշռադատելու և հետեւանքների մասին մտածելու: Այս մի բուռ Հայաստանում կգանք բախումների եւ ի՞նչ կստացվի. պատերազմը քի՞չ կոտրեց: Հենց հիմա էլ վեց հոգի գերեվարվել են: Ճիշտ է, մարդիկ բարձր ամբիոններից ասում են` առևանգվել են. տարբերությունը ո՞րն է, ես չեմ հասկանում: Առիթ ունենամ` կհարցնեմ: Ես էական տարբերություն չեմ տեսնում. մեր ԶՈՒ ծառայողը թշնամի երկրի մոտ է: Այնտեղ առևանգվածին այլ կերպ են վերաբերվում, գերեվարածին ա՞յլ կերպ: Ես կարծում եմ, նույն կերպ են վերաբերվում ու բառերի մանիպուլյացիաներն անտեղի են»:

Հարցին` ի վերջո այս ընտրություններն ինչի՞ մասին են լինելու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս ընտրությունները, իմ համոզմունքով, այն մասին են, որ գործող իշխանությունն ի վիճակի չէ կառավարել երկիրը: Այդպես մտածելու եւ համոզմունք ձեւավորելու բոլոր պատճառները կան, հայտնի են: Մեր ընտրությունն էլ շատ մեծ չի, թեեւ 23 կուսակցություն եւ 4 դաշինք են մասնակցում ընտրություններին: Ինձ համար երկու բևեռ կա` ներկա եւ նախկին: Երրորդ` նոր ուժ այս պահին տեսնել չեմ էլ ուզում, որովհետև երկիրը փորձադաշտ չի: Սա շատ լավ հնարավորություն է, որ մարդիկ գնահատեն անցյալի անվտանգությունը, իրենց տնտեսական վիճակը եւ ներկայինը ու կարողանան ընտրություն կատարել»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31