Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի իր գործընկեր Վաղարշակ Հարությունյանի հետ, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ սուր խնդիրներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցեր, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, ու բնականաբար նաև այս պահին առաջացած սուր խնդիրները»,- ասել է Շոյգուն:
Հարությունյանն էլ նշել է, որ նախատեսում է քննարկենք մեր համագործակցության հետ կապված հարցեր, որոնք իր գնահատականով զարգանում են շատ բարեհաջող:
Բացելով հանդիպումը՝ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն ամրապնդում են ռազմական գործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցներում, առաջին հերթին ՀԱՊԿ-ում:
Կարդացեք նաև
«Բարեհաջող իրականացվում է մեր զինված ուժերի Միավորված խմբավորման, ինչպես նաև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագիրը: Երկկողմ գործակցության բարձր մակարդակի ցուցիչը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեությունն է, որը մենք դիտարկում ենք որպես տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն»,- ասել է Շոյգուն:
Նա շնորհակալություն է հայտնել Հարությունյանին ազգային տոնի օրը Մոսկվա կատարած այցի համար՝ նկատելով, որ «դա խոսում է երկու երկրների հարաբերությունների և ռազմավարական գործընկերության շատ բարձր մակարդակի մասին, որը մենք շարունակում ենք զարգացնել և խորացնել»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ