Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել ազատել գերիներին և պահվող այլ անձանց՝ անկախ կալանավորման հանգամանքներից 

Մայիս 28,2021 17:05

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ անկախ կալանավորման հիմքերից: Այս մասին ասվում է համանախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ:

Համանախագահները մայիսի 27-ին և 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին վեց հայ զինծառայողների ձերբակալման փաստը և կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և բոլոր այլ հիմքերով կալանավորված անձանց: Համանախագահներն ընդգծել են կալանավորված անձանց հետ միջազգային մարդասիրական օրենսդրությանը համապատասխան վարվելու պարտավորությունը: Համանախագահները վճռականորեն կոչ են արել կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի բոլոր սահմանափակումները, և կողմերին կոչ են արել ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Համանախագահները նաև մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական չգծանշված սահմանին տեղի ունեցած միջադեպերի առումով: «Սահմանային վեճերը լուծելու համար ուժի կամ սպառնալիքի գործադրումն անընդունելի է: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել, ներառյալ զորքերի վերադասավորումը, իրավիճակը լիցքաթափելու և սահմանի խաղաղ սահմանազատման ու սահմանագծման նպատակով խաղաղ բանակցություններ սկսելու համար: Համանախագահները պատրաստ են օժանդակել այդ գործընթացին»,- ասվում է հայտարարության մեջ:

Հաշվի առնելով ԵԱՀԿ իրենց մանդատի պայմանները և տարածաշրջանի ժողովուրդների՝  դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա ունեցած ձգտումները՝ համանախագահները կրկին կոչ են արել կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ իրենց հովանու ներքո:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31