«Զարմանալի է եւ ցավոտ, որ այս ամիսներին չկարողացանք սահմանային դիրքերը կահավորել, զինվորի համար ամենահասարակ պայմաններն ապահովել։ Զինվորների ոգին բարձր է, առյուծի պես կանգնած են, բայց կենցաղային պայմաններ չունեին»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «5165 շարժման» համահիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը։
Օրերս նա եւ շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը եղել են Սյունիքի սահմանամերձ գյուղերում։ «Քաղաքական ուժերին կոչ ենք անում համախմբվել եւ զինվորի կողքին կանգնել։ Ընտրություններն այս պահին տասներորդական հարց են, բանակին է պետք աջակցել եւ սահմանն ամրացնել։ Մենք էլ ենք մասնակցելու ընտրություններին, եւ որոշել ենք նախընտրական քարոզարշավի ծախսերի 50%-ը տրամադրել սահմանը կահավորելուն, խրամատ փորելուն։ Սպասում ենք, որ արձագանք կլինի։ Թշնամին մեր հողի վրա է, պարտավոր ենք զինվորին մենակ չթողնել»,-համոզմունք հայտնեց Արսեն Գրիգորյանը։
«Բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում սահմանի հարցերով զբաղվել։ Բոլորս պետք է պահանջենք, որ սահմանն ուզում ենք ամուր տեսնել։ Վարդենիսի դիրքերի ամրացման գործում արդեն իսկ մասնակցել ենք։ Եթե բոլոր քաղաքական ուժերը լծվեն սրան, կլինի»,-հավելեց նա։
Նկատառմանն ի պատասխան, որ իշխանությունը մտադիր չէ օգնություն ընդունել եւ զբաղված է սահմանազատմամբ, Արսեն Գրիգորյանը նշեց՝ այս իշխանությունը պետք է հեռանա, բայց զուգահեռ ձեռքերը ծալած նստել չի կարելի, պետք է օգնել բանակին։ Արսեն Գրիգորյանը նաեւ ընդգծեց՝ Երեւանում մարդիկ այնպես են ապրում, կարծես Սյունիքում ոչինչ չի եղել, եւ այդ իրավիճակն անընդունելի է։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ