«Ես հո չե՞մ կարա Լեւոն Տեր-Պետրոսյանի նման պահեմ ինձ»,- այսօր Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Մինչ այդ նա հանդիպել էր Մալաթիա-Սեբաստիայում, Աջափնյակում, Դավիթաշենում իրենց համակիրների հետ:
Փաշինյանն ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ասում է՝ ես ու Ռոբերտ Քոչարյանը զանգում ենք իրար, բան… Էլի զանգեք: Ես ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ Սերժ Սարգսյանին չեմ զանգում: Չեմ բացառում, որ իրավիճակ լիներ՝ զանգելու անհրաժեշտություն լիներ: Բայց ես դա չէի թաքցնի: Բա Մարտի 1, բախում, պատմություն, թող ոչ մի զոհ չպահանջվի, ավազակապետ, մոնղոլ-թաթար, բա այդ ի՞նչ էր»:
Փաշինյանն ասաց, որ 44-օրյա պատերազմում ոնց որ Ավարայրի ճակատամարտում հուսահատ կռիվ են մղել:
Նա հորդորեց իր համակիրներին չվախենալ, երբ իրենց ասում են՝ դավաճան. «Մինչեւ Բաթումի եւ Ալեքսանդրապոլի պայմանագիրը քանի՞ քառակուսի կմ է եղել Հայաստանը, ինչքա՞ն են կորցրել, բա ինչի՞ դավաճան չեն: Որ ՀՅԴ-ից են, դավաճան չեն, որ ՔՊ-ից են, դավաճա՞ն են: Մեզ ասում են դավաճան, մի՛ վախեցեք այդ բառից: Դավաճան, եկեք տենանք ով է դավաճան, հողատո՞ւ՝ եկեք տենանք ով է հողատու, կապիտուլյա՞նտ, եկեք տենանք ով է կապիտուլյանտը»:
Կարդացեք նաև
Արաբկիրցիները Փաշինյանին ասում էին, որ 3 տարի շատ բարի գտնվեց, երեւի «իր էությունն էր բարությունը»՝ Փաշինյանը հակադարձեց. «Ես ամենեւին բարի չեմ, բացարձակ բարի չեմ: Ես կարող եմ շատ դաժան լինեմ, խիստ պատժեմ: Բայց ես քաղբանտարկյալ եմ եղել ՀՀ-ում, հասկանո՞ւմ եք: Ես չեմ կարող իմ կենսագրությունը անարգել, հրովարտակներով մարդկանց բանտ ուղարկելու միջոցով: Ես իմ անցած քաղաքական ճանապարհը կանարգեմ, եթե այդպես վարվեմ: Եթե մեղավոր է՝ կպատժվի, եթե անմեղ է, անկախ նրանից՝ ես նրան սիրում եմ, թե ատում՝ մնա ազատության մեջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ